ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Կարեն Կարապետյանը և Բրիջիթ Բրինքն ընդգծել են Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի կարևորությունը



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու և զարգացման հեռանկարները նախանշելու առումով: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես-քննարկումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի տեսլականը: 

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ: 

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն և այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից: 
Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների, երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: 
Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու պատրաստակամությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ