Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ԱՆ-ն առաջարկում է քրեականացնել հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելն ու քարոզելը



Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը: Առաջարկությունը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։ Ըստ նախարարության հիմնավորման՝ փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացման, այլ հանցագործությունների կանխման անհրաժեշտությամբ: «Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ հանցագործությունների, ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում»,-ասված է նախագծում։

Գործող օրենսդրությամբ՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար:

«Ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երևույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաև պետության վրա դրված կոնվենցիոն պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ»,-նշվում է նախագծում։

Փաթեթով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 23-րդ գլխում լրացում կատարել՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելու, քարոզելու, ինչպես նաև ահաբեկչություն կատարելու, ֆինանսավորելու համար։ Նախագծի ընդունման պարագայում վերոնշյալ գործողությունների՝ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվելու է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Zaven21:30 - 11 փետրվարի, 2018
Գինի լից։ Դե արգելի ։
2. Հասմիկ Պետրոսյան07:09 - 15 փետրվարի, 2018
Ախր, ինչո՞ւ եք էդքան չարչարվում. միանգամից օրենք ընդունեք, որ ում երբ ուզեք, կարող եք քրեական մեղադրանք առաջադրել։ Իսկ միանգամից, ավելի լավ է՝ ում երբ ուզեք, կարող եք գնդակահարել։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ