Չորեքշաբթի, 21 փետրվարի

Հինգ անուն՝ ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ձայնադարանից


«Հետքը» շարունակում է «Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետներ ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկում են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտում են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ձայնադարանը: 

Պարզվում է, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ևս մեծ երաժշտասեր է: Նա ունի հարուստ և բազմաժանր հավաքածու՝ բաղկացած վինիլային դիսկերից, ձայներիզներից և մերօրյա ձայնասկավառակներից:  «Պետք է ասեմ, որ իմ երաժշտական ճաշակը բավականին էկլեկտիկ է, քանի որ միմյանցից շատ տարբեր ոճեր և ուղղություններ է ընդգրկում,- ասում է դեսպանը,- դասական, ջազ, ինդի, ռոք և դասական փոփի որոշ գործեր, ֆոլկ և այլն: Հավանաբար միակ երաժշտությունը, որն իսկապես չունեմ իմ ձայնադարանում, քանթրին է կամ վեսթերնը»:

Երաժշտության մասին խոսելիս՝ նա ողջ ընթացքում հաճելիորեն ժպտում է, և հուզմունքն ու լուսավոր տրամադրությունը իրապես խոսում են ներսից: Սիրած տարածքի մասին զրույցի հանդեպ ոչ սովորական զգացողությունը չի թաքնվում ոչ մի դիվանագիտական պայմանականության մեջ: Բացի այդ, խոստովանում է, որ կան մեղեդիներ և անուններ, որոնք նրան դեպի մանկության տաքուկ հուշեր են տանում:

« Երբ  դեռ փոքր էի, մեր տանը սովորաբար դասական երաժշտություն էր հնչում. ծնողներս շատ էին լսում,- պատմում է  տիկին Ֆարնուորթը ,-Ես միշտ հիշում եմ,  երբ հայրս դժվար աշխատանքային օրից հետո տուն էր գալիս, նստում էր հյուրասենյակում՝ բուխարու մոտ, իր շան հետ, ու թերթեր կարդում, մինչ մենք՝ չորս երեխաներս, լուռ զբաղվում էինք։ Այսպիսով՝ ես այն ժամանակ բավական շատ դասական ստեղծագործություններ էի լսում, բայց քանի որ հատուկ չէի նստում ու լսում հորս հետ, ես չգիտեի, թե կոմպոզիտորներն ովքեր էին։Արդյունքում ես ճանաչում էի շատ դասական ստեղծագործություններ, թեև չունեի երաժշտական կրթություն։  Կարծում եմ, եթե առանձնացնելու լինեմ այնպիսի մի երաժշտություն, որն իսկապես շատ մեծ հիշողություններ կարթնացնի իմ մեջ, դա նորից կապված կլինի հորս հետ։ Նա ինձ համար բացահայտեց նաև ջազը.  շատ էր սիրում։ Ցավոք, երբ ես դեռ այնքան էլ մեծ չէի, հայրս շատ հիվանդ էր։ Ես նրա համար գնեցի Սիդնի Բեշեի ջազային երաժշտության մի ձայներիզ (cassette)։ Եվ ամեն անգամ նրան այցելելիս՝ այդ երաժշտությունն էի լսում։ Ահա թե ինչու են ջազը և, մասնավորապես, Սիդնի Բեշեն, այդքան մոտ իմ սրտին»։

Սիրած երաժշտական գործիքը «միանշանակ» թավջութակն է: Ասումէ, որ եթե քսան տարի առաջ նրան այս հարցը տային, սաքսոֆոնը կնշեր, բայց հիմա համոզված է, որ թավջութակը ամենահոգեթով, ամենագեղեցիկ ու ամենազգացմունքային գործիքներից մեկն է։ Այս գործիքի հանդեպ սերը նա ևս մեկ անգամ հաստատում է իր առանձնացրած հինգ անունների շարքում:  Իհարկե, ինչ-որ ժամանակ փորձել է նաև նվագել սովորել, բայց չի հաջողվել և պատճառը, ըստ դեսպան Ֆարնուորթի, մի քանիսն էին, որոնցից ամեն մեկի համար նա ունի իր հետաքրքիր մեկնաբանությունները:

«Երբ ես շատ փոքր էի, սկսեցի դաշնամուրի դասերի հաճախել, սակայն երաժշտական տաղանդ բոլորովին չունեի։ Այսուհանդերձ, սկսեցի նաև ջութակ նվագել սովորել, սակայն երբ 11-12 տարեկան էի, դադարեցրի սովորելս` երեք պատճառով։ Առաջինն այն էր, որ ես երաժշտական տաղանդ չունեի, երկրորդը` ես կարող էի ընտրություն անել շաբաթ օրերին առավոտյան նվագելու կամ  թենիս խաղալու միջև, և ես ընտրեցի թենիսը, ինչն ինձ մոտ ավելի լավ էր ստացվում: Եվ երրորդ պատճառն այն էր, որ եղբայրս ու երկու քույրերս համոզեցին ծնողներիս, որ ես դադարեցնեմ պարապմունքներս, քանի որ նրանք չէին սիրում լսել, թե ինչպես եմ ես նվագում, որովհետև ես դա  շատ վատ էի անում»։

Խոստովանում է, որ թեև շատ է սիրում երաժշտություն լսել, բայց առաջվա նման հաճախ չի ստացվում. հիմա ժամանակը չի ներում: Բացի այդ՝ « Ես և ամուսինս շատ տարբեր երաժշտական նախասիրություններ ունենք, ոչ ես եմ նրա սիրած երաժշտությունը սիրում, ոչ էլ՝ ինքը իմը: Նա հիմնականում հարդ ռոքի երկրպագու է: Որոշ բաներ սիրում եմ իհարկե, բայց այնքան էլ շատ չեն դրանք: Իմ երաժշտությունը, կարծում եմ, ավելի մեղմ է: Ուստի՝ սովորաբար փորձում եմ  լսել երեկոյան, ոչ միայն աշխատանքային ժամերից հետո, այլև՝ երբ նա տանը չէ»:

Դեսպանի՝ երաժշտության հանդեպ լուրջ վերաբերմունքը նկատելի է անգամ այն ունկնդրելու սովորույթից: «Իմ բջջային հեռախոսում ես երաժշտություն չունեմ,-ասում է նա,- լսում եմ MP3 նվագարկչի միջոցով։ Սակայն այնքան էլ չեմ սիրում ականջակալներով լսել, քանի որ, ըստ իս, նույն էֆեկտը չի ունենում։ Ունեմ բարձրախոսներ, որոնց միացնում եմ նվագարկչից և  այդ է նաև պատճառը, որ երաժշտությունս լսում եմ այն ժամանակ, երբ ամուսինս տանը չէ»։

Նա նաև հաճախ է ներկա լինում երևանյան համերգներին, դեսպանատան կազմակերպած երաժշտական նախագծերին և կարծում է, որ Հայաստանը այս առումով հարուստ ու տաղանդաշատ երկիր է:

« Այո, ես կարծում եմ՝ մշակույթն ու երաժշտությունը դիվանագիտության իսկապես կարևոր տարրերն են,- ասում է Ջուդիթ Ֆարնուորթը,- Այն օգնում է շատ ավելի լավ հասկանալու տարբեր մարդկանց, տարբեր երկրների, ու թե որտեղից են նրանք գալիս։ Բոլոր այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ, փորձել եմ ծանոթանալ տեղական երաժշտությանը»։

Իր տարբեր երաժշտական հավաքածուների արդյունքում  Միացյալ Թագավորության դեսպանն այսօր ունի մեծ ու հարուստ մի ձայնադարան-հավաքածու, որն ընդգրկում է բազմազան ժանրեր և ուղղություններ: Դրանք հավաքվել են տարբեր տարիների ու տարբեր տրամադրությունների մեջ, դրանք տիկին Ֆարնուորթի կյանքում միաժամանակ բարի ու գեղեցիկ հուշեր են՝ հին ու նոր ժամանակներից: Այստեղ ևս նա ունի իր ամենասիրելին. « Հավաքածուներից շատերը հայրիկինս են, ես դրանք ժառանգություն եմ ստացել նրանից, հիմնականում նրա դասական և ջազային երաժշտության ձայնագրություններ են։ Բացի այդ՝ շատ կատարումներ ձեռք բերեցի, երբ ուսանող էի և սովորում էի Ռուսաստանում՝ Խորհրդային Միությունում:  Թերևս, այն հավաքածուն, որն ինձ համար թանկ էր, և որը ես դեռ պահպանում եմ, իմ ընտրությամբ կատարված ձայնագրություններն են։ Հաջորդ սերունդն արդեն իմ բազմաթիվ կասետներն էին, որոնցից շատերն արդեն չկան, քանի որ դրանք լսելու հնարավորություն այլևս չունեմ։ Հետո ես շատ կոմպակտ դիսկեր ունեցա, որոնք կարող եմ մինչ օրս էլ լսել, եթե գտնեմ իմ սարքավորումները։ Իսկ հիմա ես անում եմ այն, ինչ մարդկանց մեծ մասն է անում՝ ներբեռնում եմ երաժշտություն իմ MP3 նվագարկչի մեջ։ Այսպիսով՝ իմ տարատեսակ երաժշտական հավաքածուների միջոցով հնարավոր է նաև նկատել, թե ինչքան են փոխվել տեխնոլոգիաները»։

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մեծ դժվարությամբ է թվարկում հինգ անուն իր հարուստ ու բազմաժանր հավաքածուից: Երբեմն դադար է տալիս՝ ինքն իրեն կրկին վստահեցնելու, որ հերթականությունը՝ ըստ կարևորության, համապատասխանում է իր զգացողություններին: Եվ, այնուամենայնիվ, շարքը ամբողջացվում է, որն էլ ներկայացնում ենք այսօրվա մեր հերոսի մեկնաբանությամբ:

1. Սերգեյ Ռախմանինով. Երկրորդ դաշնամուրային կոնցերտ:

« Ես այն սիրել եմ դեռ մանկուց և ամեն անգամ լսելիս` ինձ ոգեշնչում է։ Ես մտովի հստակ պատկերավորում եմ այն, կարծես ֆիլմ դիտելիս լինեմ։  Այս գործը կարող եմ մեծ հաճույքով լսել ցանկացած պահի, ցանկացած վայրում»:

2. Տիկին Ֆարնուորթի ցանկում երկրորդ տեղում է մեկ այլ դասական, բայց՝

բրիտանական ծագմամբ կոմպոզիտոր: Նա առանձնացնում է Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը, հատկապես Ժաքլին դյու Պրեի (Jacqueline du Pré) կատարմամբ։ «Այս երաժշտությունը շատ հոգեթով է, շատ զգայական ու նաև՝ շատ ուժեղ ու համոզիչ։ Ես այն լսում եմ, երբ նոր լիցքեր ստանալու կարիք եմ ունենում»։

3. «Հաջորդի համար ես մի ամբողջ ժանր կընտրեմ ու կասեմ ջազ,- ասում է դեսպան Ջ. Ֆարնուորթը,- Դա ինձ համար այն է, ինչ ես սիրում եմ լսել ամառային տաք երեկոներին, Երևանի հաճելի այգիներից մեկում, մի բաժակ հայկական գինիով։ Եվ ինձ համար ամենաշատ հիշողություններ արթնացնող երաժշտությունը «Summer Time»-ն է՝ Սիդնի Բեշեի կատարմամբ։ Սա է հայաստանյան կատարյալ երեկոյի մասին իմ պատկերացումը»։

4. «Չորրորդ ընտրությունս կլինի իմ երբևէ ամենասիրելի խումբը  Մանչեսթերից՝

«The Smiths»-ը ։ Նրանք հայտնի դարձան, երբ ես դեռ դպրոցական էի ։ Չգիտեմ՝ արդյոք ձեզ ծանոթ է, թե՞ ոչ։ Նրանց առաջին ալբոմը կոչվում էր «Hatful of Hollow»: Ես այն շատ էի սիրում ու գիտեի բոլոր բառերը՝ սկզբից մինչև վերջ։ Անընդհատ երգում էի այդ երգերը։ «The Smiths»-ը ամենաառաջին խմբերից էր, որ ի հայտ եկավ Մանչեսթերում 80-90-ական թվականներին և, կարելի է ասել, հզոր երաժշտական շարժման հիմք դրեց։ Ինչպես գիտենք, «The Beatles» -ը եկավ Լիվերպուլից 60-ականներին, սակայն կարծում եմ՝ 80-90-ականներին Մանչեսթերն արդեն իր սեփական հաջողություններն ուներ։ «The Smiths»-ն այն խմբերից է, որը ես չեմ կարող լսել ամուսնուս՝ տանը եղած ժամանակ, քանի որ նա կարծում է, որ այն շատ վատ ու ընկճող երաժշտություն է: Իսկ ես կարծում եմ, որ այն շատ պոետիկ է։ Հետևաբար «The Smiths» -ը իմ լավագույն հնգյակում կլինի»։

5. ՄԹ դեսպան և երաժշտասեր Ջ. Ֆարնուորթի հինգերորդ անունը ժամանակակից ռոք խումբ է՝ դարձյալ Անգլիայի հյուսիսից:

 «Elbow». 1990-ականներից գործող, բայց 2000-ականներից հայտնի դարձած այս խումբը ստեղծագործում է ռոքի մի քանի տարբեր ոճերի, այսպես ասած, խառնվածքով՝ փսիխոդելիկ բրիտ-փոփ՝ պրոգ-ռոքի տարրերով. այսպես են հիմնականում բնութագրում նրանց երաժշտությունը: Խմբի անդամներն իրենց ոճը կես-կատակ, կես-լուրջ անվանում են «պրոգ՝ առանց սոլոյի»:

«Նրանց երաժշտությունն ավելի թեթև է, ավելի հեշտ լսվող, լիրիկական,- ասում է Ջ. Ֆարնուորթը,- Նրանք ասում են, որ ոգեշնչվում են մեկ այլ բրիտանական խմբի՝ «Genesis»-ի ստեղծագործություններից, ինչը գուցե ավելի լավ պատկերացում կտա նրանց երաժշտության մասին։ Մինչ օրս «Elbow»-ի լավագույն երգը համարվում է «One Day Like This»-ը, որը շատ հայտնի է Միացյալ Թագավորությունում։ Սա նույնպես շատ գեղեցիկ ու ոգեշնչող երգ է: Ինձ հաջողվեց ներկա գտնվել նրանց համերգին մեկ տարի առաջ, քրոջս հետ, ով ինձ ծանոթացրեց նրանց երաժշտությանը։ «One Day Like This»-ն ինձ համար ևս մեկ կատարում է, որը կարող եմ լսել ցանկացած պահի ու ցանկացած վայրում»:

Սակայն եթե հերթականությունն ըստ կաեւորության նշելիս լինեմ եւ դուք ինձ ստիպեիք ընտրել մեկը, դա կլիներ The Smiths-ը, քանի որ այն իմ կյանքի մի մասն է եղել պատանեկությաննտարիքից ի վեր։ Ես կարծում եմ՝ նրանք հեղաշրջում մտցրեցին, քանի որ շատ տարբերվում էին մյուսներից, և, ըստ իս, կարողացան երկար մնալ ասպարեզում։

Դեսպան Ջ. Ֆարնուորթը հնարավորինս ծանոթ է նաև հայ երաժշտությանը: Բայց Հայաստանում նրան ամենաշատը զարմացրել է բրիտանական ռոքի երկրպագուների լսարանը:  «Ես նայել եմ ձեր մյուս հոդվածները և իսկապես ցնցվել եմ՝ տեսնելով, թե ինչքան շատ հայեր կան, որ սիրում են բրիտանական ռոք։-ասում է նա,-  Ես շատ հպարտ եմ դրա համար և շատ ուրախ, որ բրիտանական ռոք երաժշտությունը իսկապես գնահատում են Հայաստանում։  Ես փորձում եմ հայերեն սովորել, սակայն չեմ ձևացնի, թե հասկանում եմ իմ լսած երգերի տեքստերը։ Կարծում եմ՝ երաժշտության լավ հատկանիշներից է նաև այն, որ նույնիսկ եթե չես հասկանում բառերը, կարող ես հասկանալ երաժշտությունը»։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։