HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ մարդու սիրտ յարա է, յարա էլ կգնա էս աշխարհից»

Հանրակացարանի երկար միջանցքում օդը սառն է: Կողպած դռները շատ են: Դրանք մռայլություն են ստեղծում: Կիսամութ միջանցքում փորձում ենք գտնել որևէ բնակչի: Արդեն հույսներս կտրած՝ թակում ենք միջանցքի ծայրում գտնվող դուռը, ներսից հնչող ձայնը միանգամից ջերմություն է սփռում սառն ու կիսամութ տարածքում:

-Կարելի՞ է,- հարցնում ենք:

-Հունց թա կարելի ա, եկեք, համեցեք,- պատասխանում են ներսից:

Սենյակը միանգամից դժվար է ընկալել առաջին հայացքից: Ծուխը մառախուղի քողի պես պատել է սենյակը: Վառարանի մոտ դրված մահճակալից վեր է կենում կոկիկ հագնված մի կին: Ասում է՝ եկեք, բալա ջան, նստեք:

Ծուխը մրմռացնում է մեր աչքերը: Վառարանի մոտ սառած ձեռքերն ենք տաքացնում, տատը թե՝ ինչով հյուրասիրեմ:

Սենյակն ավելի շատ պահեստի, ցախանոցի է նման: Վառարանի հետևում ստվարաթղթե արկղեր են, քիչ այն կողմ լվացքի պարանն է: Ամեն բան կարելի է գտնել այստեղ:

Սենյակի դիմաց ևս երկու փոքր սենյակ կա, որտեղ ապրում են 8 հոգով, ինքն է, որդին՝ ընտանիքով, և կրտսեր որդին:

3 ամիս է՝ այդտեղ ծխատարը չի աշխատում, վառարան չեն կարողանում վառել, այդ պատճառով էլ ստիպված գալիս են պահեստի նմանվող այս սենյակը, տաքանում, ճաշ պատրաստում:

Վալյա Սարգսյանն Արցախի Թալիշ գյուղից է: Երկար չի կարողանում խոսել, լացը կտրում է խոսքերը, աչքերը միանգամից կարմրում են:

-1992 թ. հունիսի 14-ին փախանք Թալիշից, սարերով, ձորերով հասանք Ստեփանակերտ, մի քանի շաբաթ անց եկանք Հրազդան, քույրս ու եղբայրս Աբովյանում էին մնում,- պատմում է 77-ամյա կինը: Այդ ժամանակվանից մինչև հիմա էլ ապրում են Հրազդանի նախկին տեխնիկումի հանրակացարանում:

Տատը ձեռքով փակում է բերանը, լացի ձայնը խլանում է:

-Բալա ջան, եթե մարդու սիրտը յարա ա, յարա էլ գնում ա էս աշխարհից,- ասում է նա:

5 որդիներից ավագը Թալիշում է զոհվել: Հուղարկավորությունը չէին հասցրել անել, որովհետև ստիպված էին փախչել, ասում է, որ մինչև հիմա հանգիստ չի գտնում, գալիս է այս սենյակ, լաց լինում, բայց սիրտը չի հովանում: Թալիշից հեռանալուց հետո եղել է այնտեղ, հարևաններից մեկը, որ մնացել էր գյուղում, հուղարկավորել էր Վալյա տատի որդուն: Հիմա ամեն տարի մայիսին ամուսնու եղբոր հետ գնում է Թալիշ՝ որդու գերեզմանին:

4 որդիներից երկուսը Ռուսաստանում են, մյուս երկուսն էլ ապրում են իր հետ: «Փոքր տղաս ազապ է, մյուս տղաս 4 երեխա ունի, բոլորով ապրում ենք էն դիմացի սենյակում»,- ավելացնում է նա:

Հաշվում ենք, որ շուտով 26 տարի կլինի, ինչ ապրում են Հրազդանի հանրակացարանում: Տատն ասում է, թե թվերը կարևոր չեն, որովհետև ինքն այսօրվա պես հիշում է Թալիշի իրենց տունը, նույնիսկ այն, թե ինչ էին ուտում:

-Թալիշում հողագործությամբ էինք զբաղվում: Մարդ կար՝ մատ էր աճեցնում, մատը գիտե՞ս, թե ինչ է:

-Չէ:

-Խաղողի վազն ա: Հոյակապ աշխատել ենք, մեր տունը քնել ենք, տարել ենք, բերել ենք, շատ լավ էր, հարուստ, հարո՜ւստ երկիր է եղել: Բա կերածդ հիշում ես, տունդ սարքին հիշում ես, գործիդ տեղը հիշում ես, տենց բան կլինի՞, քեզ տանեն ուրիշ տեղ, քո տունը-տեղը չե՞ս հիշի, ոնց ես ապրել, ինչ ես արել,- ասում է 77-ամյա կինը:

Վառարանին դրված կաթսայի մեջ ջուր է տաքացնում: Եթե լավ եռա, կհերիքի մի հոգու լողանալու համար: Փայտը քիչ է, այն հիմնականում առավոտյան են օգտագործում, հետո ստվարաթուղթ են վառում:

-Մի քանի րոպե շուտ գայիք, ինձ տանը չէիք տեսնի, հենց նոր էի մտնում: Գնացի կարտոններ բերեմ,- ավելացնում է տատը:

Մինչև երեկո ստվարաթուղթ են վառում: Ասում է՝ փողոցներից հավաքում է, թելով կապում, բերում, բա ի՞նչ անի: Շատերն են այդպես անում:

Մի քանի րոպե անց մեզ ուղեկցում է այնտեղ, որտեղ ապրում են: Երկու փոքր սենյակներ են՝ հյուրասենյակ ու ննջասենյակ: Ծխատարի անցքն է ցույց տալիս, աշխարհի քարտեզով փակել են այն: Մի քանի րոպե անց սկսում ենք մրսել, օդը սառն է: Ասում է՝ այ, այս ջերմաստիճանում էլ քնում ենք, հատկապես մտահոգվում է թոռների համար, որ դեռ երեխաներ են: Հանրակացարանի շենքն օրեցօր վտանգավոր է դառնում ապրելու համար: Բնակիչները չգիտեն, թե ելքը որն է: Հանրակացարանին կանդրադառնանք առաջիկայում:

-Երբ մարդուն իր հայրենիքից կտրում են, ուր էլ գնա, առաջվանը չի կարող լինել,- ասում է Վալյա տատը, աչքերը նորից կարմրում են, ձայնը խլանում է:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանություններ (1)

Sanjay Kumar Yadav
I think ARMENIA is trying to forget old wars. Salute them died in war for their country at all. God bless them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter