HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ 1953-1958 թթ. դատապարտվածները

սկիզբը

1953-1958 թթ. դատապարտվածների հիմնական մասը, որպես կանոն, մեղադրվել է խորհրդային իշխանությանը կամ իշխանության առանձին օղակներին, կամ` իշխանության այս կամ այն պատասխանատուին վատաբանելու, տրոցկիստ կամ խանջյանական լինելու եւ բուրժուական կարգերը գովաբանելու մեղադրանքներով:

1953 թ. ընթացքում դատապարտվել է 17 մարդ: Նրանցից` 25 տարի ազատազրկման են դատապարտվել Մնացական Սեմյոնի Հովհաննիսյանը, Ռաֆիկ Մարութի Առաքելյանը, Սիմոն Անուշավանի Արզումանյանը, Ալեքսանդր Միրզոյի Լալայանը, Ժորժ Խաչիկի Հովակիմյամը: 10-ական տարի ազատազրկման են դատապարտվել Գրիգոր Ղազարի Ջարաջյանը, Սարգիս Ավետիսի Շահինյանը, Սերոբ Գրիգորի Հովսեփյանը, Գրիգոր Մինասի Սաղաթելյանը, Խաչատուր Բեգոյի Սիմոնյան-Խանսամյանը, Գեւորգ Առաքելի Սախկալյանը: 8 տարի ազատազրկման են դատապարտվել Գեորգի Պավելի Քեշիշյանը, Դավիթ Մարտիրոսի Շահլամյանը, Մնացական Հովսեփի Մովսիսյանը, Բուրաստան Բագրատի Հայրապետյան-Նավոյանը: 5 տարի ազատազրկման է դատապարտվել Գարեգին Վասիլի Բաղդասարյանը, իսկ Միսաք Լեւոնի Պետրոսյանի պատժաչափը հայտնի չէ:

1954 թ. դատապարտվել է 14 մարդ: 25 տարի ազատազրկման է դատապարտվել Աբրահամ Երեմի Հովհաննիսյանը: Սարիբեկ Կարապետի Վարդանյանը եւ Վարուժան Մուկուչի Մարտիրոսյանը դատապարտվել են 15-ական տարի ազատազրկման: 10 տարի ազատազրկման են դատապարտվել Հայկազ Հովհաննեսի Գավալյանը, Անուշավան Ավագի Պապոյանը, Հրաչ Վարդանի Վերդյանը, Սուքիաս Սարգիսի Մկրտչյանը, Գրիգոր Թադեւոսի Հովակիմյանը, Սանասար Սարոյի Ասատրյանը, Նազար Մուրադի Ասատրյանը, Հրաչ Հովհաննեսի Գեւորգյանը: Արտավազդ Մինասի Մասունյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման: 5 տարի ազատազրկման են դատապարտվել Հակոբ Մկրտիչի Հակոբյանը եւ Գեւորգ Աբրահամի Գեւորգյանը: Վերջինս «Փորփորող» կեղծանունով հակախորհրդային ու հակակոմունիստական բովանդակությամբ նամակներ է գրել կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարին եւ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրություն:

1955-ին 5 մարդ է դատապարտվել. 10 տարի ազատազրկման` Սանդրո Շաքարի Գրիշյանը, Վահան Դարչոյի Անանյանը, 8 տարի` Վաղարշակ Հովհաննեսի Ղահրամանյանը, 5 տարի` Ռազմիկ Վազգենի Գալստյանը, 3 տարի` Քնարիկ Ազատի Գասպարյանը: Վերջին  երկուսը  մեղադրվել են հակախորհրդային բովանդակությամբ թռուցիկ պատրաստելու համար: Ռազմիկ Գալստյանը գրել է տեքստը, իսկ Քնարիկ Գասպարյանը` մեքենագրել:

1955 թվականից հետո պատժաչափերի սահմանման մեղմացում է նկատվում։ Նույն արարքի կամ ավելի լուրջ արարքի համար արդեն մարդկանց դատապարտում էին զգալիորեն պակաս պատժաչափերի:

1957թ. դատապարտվել է 11 մարդ: Աննա Մինասի Սրապյանը, որը ծնվել է Ֆրանսիայում ու հայրենադարձվել 1949-ին, ավելի ուշ` Ֆրանսիա վերադառնալու ցանկություն է ունեցել, դժգոհել է խորհրդային երկրում առկա կենսական պայմաններից, ինչի համար դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Ըստ Արմենակ Մանուկյանի` ինքը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, որը հետագայում փոխարինվել է 3 տարի պայմանականով: Մազման Պողոսի Հարությունյանն  ունեցել  է  հակախորհրդային տրամադրություններ, հեռագիր է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն` այդ երկիր տեղափոխվելու խնդրանքով, եւ դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դատապարտվել են նաեւ Ֆրանսիայից ներգաղթած Հովհաննես Գասպարի Տեր-Խաչատրյանը` 5 տարի ազատազրկում, Վահան Հարությունի Քերեսեջյանը` 3 տարի ազատազրկում, Նազար Խաչիկի Ինջյանը` 3 տարի ազատազրկում: Այս եռյակն ուներ հակախորհրդային տրամադրություններ եւ ցանկանում էր վերադառնալ Ֆրանսիա: Կարապետ-Հարություն Մկրտիչի Եղիազարյանը տարածել է հակախորհրդային բովանդակությամբ թռուցիկներ եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման: Վիկտոր Աբրահամի Ալլախվերդովը խորհրդային պետական մարմիններին գրած իր դիմումների համար դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Լեւոն  Մինասի  Մարտիրոսյանը 3 տարի ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում գտնվող Հարավսլավիայի դեսպանատնից այդ երկրի քաղաքացիություն խնդրելու եւ ԽՍՀՄ քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ֆրանսիայից Հայաստան   ներգաղթած Կարապետ-Կարպիս Խաչիկի-Շարլի Մանուկյանը դեռ 1948 թվականին է փորձել գաղտնի հատել ԽՍՀՄ պետական սահմանը, ձերբակալվել ու դատապարտվել է, բայց Ֆրանսիա վերադառնալու հույսը չի կորցրել: Նա նամակներ է գրել Ֆրանսիայում բնակվող իր հարազատներին, նաեւ ֆրանսիական թերթերից մեկի մի լրագրողի` խնդրելով միջոցներ ձեռք առնել իրեն Ֆրանսիա վերադարձնելու համար: Այդ նամակները խորհրդային իշխանությունները հակախորհրդային են գնահատում եւ Մանուկյանին կալանավորում ու դատապարտում են 6 տարի ազատազրկման: Թորգոմ Թադեւոսի Հակոբյանը 6 տարի ազատազրկման է դատապարտվում հակախորհրդային արտահայտություններ թույլ տալու համար: 1957 թ. հակախորհրդային ագիտացիայի ու պրոպագանդայի համար վերջին դատապարտվածը Վրույր Գեւորգի Գալստյանն է: Ըստ ԱԱԾ-ի կողմից ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովին տրամադրված ցուցակի` նա ազատվել է պատասխանատվությունից եւ հանձնվել ծնողների խնամակալությանը, իսկ ըստ Արմենակ Մանուկյանի հրապարակած տեղեկատվության` դատապարտվել է, այնուհետեւ` հարկադիր բուժման նպատակով տեղափոխվել հոգեբուժարան: Նույն` հոգեբուժարանային ճակատագրին է արժանացել, ըստ Արմենակ Մանուկյանի, նաեւ Մազման Պողոսյանը:

1958 թ. դատապարտվել է 6 մարդ: Խորհրդային իշխանության ներկայացուցիչներին անստորագիր նամակներ գրելու համար Արմո Հայկի Շահինյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: 2 տարի ազատազրկման է դատապարտվել նաեւ Աղաբեկ-Աղվան Կարապետի Արշակյանը, Աշոտ Վաղարշակի Ղազարյանը` 5 տարի, Կառլեն Մովսեսի Վարդանյանը` 3 տարի, իսկ 1-ական տարի ազատազրկման են դատապարտվել Ալբերտ Սեդրակի Ոսկանյանը եւ Վարդան Գրիգորի Սարիբեկովը: Վերջին չորս դատապարտվածները ազատազրկվել են նույն գործով. Աշոտ Ղազարյանը թռուցիկի տեքստ է գրել ու բազմացրել եւ, Կառլեն Վարդանյանի հետ միասին, տարածել Գյումրի քաղաքում: Ղազարյանի գրած այդ թռուցիկն իր բովանդակությամբ առավել համահունչ է 60-ականների վերջերի եւ 70-80-ական թվականների տրամադրություններին: Այդ թռուցիկում նա արծարծում է կազմակերպվելու եւ անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը, որը տարիներ անց պետք է որդեգրեին հայ այլախոհները: Փաստորեն, գյումրեցի Աշոտ Ղազարյանն իր ժամանակից շատ էր առաջ ընկել: Ցավալի է, որ հայտնի չէ, թե ինչպես է հետագայում դասավորվել նրա ճակատագիրը:

Ահա նրա հեղինակած եւ տարածած թռուցիկի տեքստը. «Հայ ժողովուրդ, արդեն ժամանակն է պատռելու դեմոկրատիայի քողի տակ թաքնված սուտն ու կեղծիքը, որը ստիպված ենք եղել երկար ժամանակ լուռ կերպով տանելու եւ մեզ խաբելու: Այժմ հասել  է  այն  ժամը,  որ  մենք  պետք  է  թոթափենք  կոմունիստական  բռնապետության ստրկացնող լուծը, որը մեր` հայերիս ուսերին այսքան ծանր է դրված: Ժամանակն է արդեն, որպեսզի գիտակցենք անկախ ու ինքնուրույն հայկական միասնական պետություն ստեղծելու մասին: Իմ սիրելի ազգ, իմ սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնիր, պատրաստ  մնա  պաշտպանելու  քո  միասնության  շահերը:  Քո  հարցը  քննարկվում  է ամենուրեք, նույնիսկ ՄԱԿ-ում, եւ յուրաքանչյուր հայրենասեր հայ մտահոգված է քո երջանիկ բախտով, քո ապագայով: Թող կորչի այս ստոր ու կեղծ կոմունիստական բռնակալությունը, որը խոչընդոտ է հանդիսանում մեր հայ ազգի վերամիավորմանը: Կեցցե՛ ապագա հայկական ազատ ու ինքնուրույն պետությունը»: (տեքստը վերցված է Արմենակ Մանուկյանի «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ.» գրքից):

լուսանկարը՝ mstrok.ru-ի

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter