HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կործանված «Ан-148»-ի բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են, այդ թվում՝ երկու հայ

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակաjանից դեպի Օրսկ թռչող կործանված «Ан-148» ուղևորատար ինքնաթիռի բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են: Այս փաստը պաշտոանապես հաստատել է Ռուսաստանի տրանսպորտային դատախազությունը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է զոհվածների ցանկը, որում կա հայկական ազգանունով երկու մարդ՝ երկրորդ օդաչու Гамбарян Сергей և ուղևոր Севоян Варсик:

Դեպքի վայր ժամանած Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ զոհվածների մարմիններն այնպիսի վիճակում են, որ նրանց ճանաչման համար գենետիկական փորձաքննություն է անհրաժեշտ: Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

Ռուսաստանի ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ օդանավի կործանման վայրում մեկ սև արկղ է հայտնաբերվել: Գերատեսչության մամուլի ծառայությունը նաև ընգդծում է, որ դեպքի վայրում այլ թռչող սարքերի մասեր չեն հայտնաբերվել, ինչը հերքում է ռուսական լրատվամիջոցներիի տարածած այն տեղեկությունը, որ «Ан-148»-ը վայր է ընկել ուղղաթիռի հետ բախման հետևանքով:

«Ан-148»-ի կործանման նախնական վարկածներից նշվում են եղանակային անբարենպաստ պայմանները, շարժիչներից մեկի անսարքությունը և այլն: Այնուամենայնիվ, այս վարկածներից որևէ մեկը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Ականատեսների վկայությամբ՝ սկզբում պայթել է օդանավի թևերից մեկը, իսկ այնուհետև եղել է երկրորդ պայթյունը, ու օդանավը կտրուկ վայր է ընկել: 

FlightRadar ծառայությունը ֆիքսել է «Ан-148»-ի թռիչքի դետալները: Սկզբում ինքնաթիռը բարձրացել է մինչև 1800 մետր և ընթացել է 600 կմ/ժ արագությամբ: Այնուհետև «Ан-148»-ը կտրուկ ցած է իջել մինչև 1500 մետր, իսկ հետո կրկին հասել է 1800 մետր բարձրության, և դրանից հետո, ամենայն հավանականությամբ, սկսել է վայր ընկնել: 900 մետր բարձրության վրա այն անհետացել է ռադարներից:

Fun&Profit տելեգրամյան ալիքը հիշեցրել է, որ 2010 թվականին «Ռոսիա» ավիաընկերությունը զգուշացրել էր, որ «Ан-148»-ը ուղևորների փոխադրման համար վտանգավոր ինքնաթիռ է, որը ունի անհուսալի կառավարման համակարգ:

Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող «Ан-148» ինքնաթիռը թռիչքից 7 րոպե անց անհետացել էր ռադարներից և վայր էր ընկել Մերձմոսկովյան Ստեպանովսկոյե գյուղի մերձակայքում: 1994 թվականից գործող  «Սարատովյան ավիաուղիներ»-ի պատմության մեջ սա օդանավի կործանման առաջին դեպքն էր:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ан-148»-ի կործանման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Լուսանկարը՝ REUTERS / Maxim Shemetov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter