Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Տանգոյի ու ռոմանսի երեկոներ, ոսկեպատ եղջերագավաթներ․ ի՞նչ են առաջարկում թանգարանները-3


21-րդ դարի մարդը թանգարաններից այլ ակնկալիք ունի։ Այլեւս զուտ էքսպոնատներ ցուցադրելն ինքն իրենով չի գոհացնում։ Թանգարանների ամենակրտսեր այցելուներն անգամ, այլ սպասելիքներով են այցելում։ Բոլորը վառ տպավորություններ են ուզում:
Հայաստանի թանգարանները սկսել են կիրառել արտասահմանյան գործընկերների փորձը՝ դառնալով դասախոսությունների ու տոների կազմակերպման վայրեր։ Նրանք իրականացնում են կրթական ծրագրեր, արտադրում հուշանվերներ, հագուստ ու աքսեսուարներ, հրատարակում գրքեր ու խաղեր։ Սրա հաշվին թանգարանները դարձել են չափազանց գրավիչ։
Այնքա՜ն գնելու բան կա թանգարաններում՝ գեղեցիկ ու բարձրաճաշակ։ «Հետքը» ներկայացնում է հոդվածաշար այն մասին, թե ինչ են առաջարկում Երեւանի թանգարանները՝ ցուցանմուշներից բացի։ Շարքի երրորդ հոդվածում ներառված են Էրեբունի արգելոց-թանգարանը եւ Ռուսական արվեստի թանգարանը:

Ռուսական արվեստի թանգարանում 2018 թվականի ամենակարեւոր անելիքներից մեկն են համարում թանգարանային նոր խանութի գործարկումը, քանի որ համոզված են՝ հանրահռչակման լավագույն ձեւերից մեկը հուշանվերների միջոցով ներկայանալն է։ 

Ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է Կրեմլի բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Թանգարանում ցուցադրված են հիմնականում ռուսական գեղարվեստի Արծաթե դարի ներկայացուցիչների գործեր՝ Վրուբելի, Կորովինի, Սերովի, Կուստոդիեւի, Լանսերենի, Լենտուլովի եւ այլն։ Այս հեղինակներից ոմանք ԽՍՀՄ տարիներին արգելված էին, եւ մի քանիսն արտագաղթել էին Արեւմուտք:

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասում է, որ պետության կողմից թանգարաններին տրվող սուբսիդիայի 7-8 տոկոսով կրճատումը ոչ թե բարդացրել է վիճակը, այլ՝ մոտիվացրել աշխատակազմին։ Թանգարանի աշխատակիցները, հոգեբանության լեզվով ասած, կարողանում են աֆիրմացիայի ենթարկել իրավիճակը եւ լրացուցիչ գումար վաստակելու ճանապարհներ մտածել։

«Պետական աջակցության կրճատումը մյուս կողմից մոտիվացնում է, հնարավորություն տալիս նոր իդեաներ գեներացնել: 2017 թվականին Ռուսական արվեստի թանգարանն այցելուների զգալի աճ ունեցավ, որովհետեւ մենք ինքներս փորձեցինք ավելի ճկուն աշխատել: Տեղակայված լինելով Կասկադում` մեր աշխատանքային գրաֆիկը փոխեցինք: Ամռան սեզոնին մենք աշխատում էինք մինչեւ երեկոյան ժամը 8-ը (թանգարանների աշխատանքային ժամը մինչեւ 17:00-ն է - խմբ.), սեզոնի մի մասն էլ՝ մինչեւ երեկոյան ժամը 10-ը: Աշխատել ենք երկու հերթափոխով: Սկզբում հանրահռչակման խնդիր ունեինք, բայց հետո ինքներս իրազեկման ակցիաներ կազմակերպեցինք, ինչի արդյունքում՝ օգոստոս-սեպտեմբերին մինչեւ երեկոյան 10-ը այցելու ունեինք: Շատ պաշտոնական այրեր են այցելել, որոնք պարզապես Կասկադում զբոսնելիս նկատել են, որ թանգարանը բաց է: Այդ միջոցով նաեւ հովանավորներ ձեռք բերեցինք: Խոսքը մի խումբ բժիշկների մասին է, ովքեր դարձել են մեր թանգարանի բարեկամը»,- ասում է Մարինե Մկրտչյանը:

Թանգարանի հանրահռչակման երկրորդ միջոցը ծառայությունների մատուցումն է: Ռուսական արվեստի թանգարանի եկամտի 70 տոկոսը ստացվում է կրթական ծրագրերից՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների եւ դպրոցականների համար:

Թանգարանում նաեւ կազմակերպում են տանգոյի երեկոներ՝ այցելուն նախ ծանոթանում է տանգոյի պատմությանը, եւ հետո` սովորում պարել: Մարինե Մկրտչյանն ասում է, որ տանգոյի նկատմամբ մեծ է հատկապես տարեց այցելուների հետաքրքրությունը։ Այս տարի թանգարանը կկազմակերպի ռուսական ռոմանսի երեկոներ: Տնօրենի խոսքով՝ թանգարանը, անկախ սեզոնից, պետք է դառնա մշակութային ժամանցի մրցունակ տարածք, ձեռնոց նետի անգամ թատրոններին:

Այն, ինչ կգտնեք Ռուսական արվեստի թանգարանի հուշանվերների բաժնում, պարտադիր առնչվում են թանգարանում ցուցադրվող աշխատանքներին, կերպարվեստին։ Դրանք բաժակներ են՝ սկսած 2000 դրամից, մետաքսից շարֆեր՝ սկսած 7500 դրամից, շապիկներ՝ սկսած 4500 դրամից։

Ամստերդամի թանգարանների հիմնադրամի տնօրենի առաջարկով, Ռուսական արվեստի թանգարանը հրատարակել է խաչբառներ՝ արվեստի գիտակների համար, որոնց գինն ընդամենը 300 դրամ է։ Այս խաչբառները լուծելու համար պետք է տեղյակ լինել ռուսական կերպարվեստի պատմությունից։

Էրեբունի արգելոց-թանգարանի հուշանվերների խանութը յուրահատուկ է նրանով, որ այստեղ վաճառվող իրերը մեծ մասամբ ուրարտական շրջանի նմուշների հաջողված կրկնօրինակներ են՝ բարձրակարգ ու թանկարժեք մետաղից, կավից, կերամիկայից, փայտից։ Բացի դա, դրանք արտադրվել են սահմանափակ քանակով, ինչը նույնպես դեր է խաղացել, որպեսզի արժեքը լինի համեմատաբար բարձր:

Խոսքը մասնավորապես բրոնզե դաշույնների մասին է, որոնք նմանեցված են թանգարանի ֆոնդում առկա օրիգինալներին:

Իսկ այս ցլագլուխ եղջերագավաթը ոսկեպատ բրոնզից է: Սրա օրիգինալը պատրաստված է արծաթից:

Անգամ մետաքսե շարֆերն ուրարտական շրջանի պատկերներով են ներծծված։

Էրեբունի թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասում է, որ հուշանվերների վաճառքից ստացված եկամուտը դժվար է զգալի համարել, սակայն օրիգինալ եւ սեփական հուշանվերներով ներկայանալը ցանկացած թանգարանի համար պարտադիր է, ճանաչելիության եւ պրոպագանդայի առումով՝ դրա օգուտն անփոխարինելի է։ Տնօրենի խոսքով՝ հուշանվերն այցելուներին թանգարանի հետ կապելու, հուշեր ստեղծելու լավագույն ձեւն է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Գոհար Մուրադյան14:30 - 14 փետրվարի, 2018
Լավ նյութ է, սակայն արժե անդրադառնալ նաև Էրեբունի հնավայրի ողբալի վիճակին: Իսկ այն թանգարանի մաս է կազմում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։