HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի վտանգների ֆինանսատեխնիկական պատասխանատուները. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը 2017թ. փետրվարին հանրությանը ներկայացրել էր Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանք բացելուն աջակցող հայ բարեգործների մասին տեղեկատվություն։ Այժմ ներկայացնում է Ամուլսարում հանք բացելու համար ֆինանսական և տեխնիկական զինման հիմնական պատասխանատուներին.

Շվեդիայի պետական ֆինանսական կառույցներ և մասնավոր սարքաշինական ընկերություններ

  • SEK (Svensk Exportkredit) - Շվեդիայի արտահանումների վարկավորման կորպորացիա։ Շվեդիայի Ձեռնարկատիրության ու նորարարության նախարարության վերահսկողությամբ գործող վարկային պետական կորպորացիա, որի նպատակը շվեդական ապրանքների արտահանումը խթանելն է։ ՍԵԿ-ը հոլանդական ING Bank N.V բանկի միջնորդությամբ Լիդիան Արմենիային տրամադրել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որպեսզի վերջինս շվեդական հանքասարքաշինական ընկերություններից գնի հանքային տեխնիկա։
  • EKN (Exportkreditnämnden) - Swedish Export Credit Agency, Շվեդիայի արտահանումների վարկավորման գործակալություն։ Պետական մարմին, որը խթանում է շվեդական ապրանքների արտահանումը՝ ապահովագրելով (երաշխավորելով) դրանց վաճառքը։ Այսինքն, եթե արտահանողը և վարկատուն մտահոգված են, որ արտասահմանյան իր գնորդը կարող է վճարունակ չլինել, ապա գործարքը խթանելու նպատակով պետական գործակալությունը հանդես է գալիս որպես գործարքի երաշխավոր՝ հանուն շվեդական ապրանքի վաճառքի։ Ամուլսարի պարագայում գործակալությունը շվեդական հանքասարքաշինական ընկերություններից Լիդիանի կողմից սարքավորումներ ձեռք բերելու համար երաշխավորել է Շվեդական արտահանումների վարկավորման կորպորացիայի (SEK) տրամադրած վարկի և դրա տոկոսադրույքների 85%-ը (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ապահովագրական ռիսկը գնահատված է բարձր (7-ից 6 միավոր)։ Գործարքի մեխանիզմը նույնն է, ինչ դանիական արտահանումների վարկավորման գործակալության (EKF), PensionDanmark մասնավոր կեսնաթոշակային հիմնադրամի և Թեղուտի հանքի ու հանքը ֆինանսավորող ՎՏԲ բանկի դեպքում էր։
  • Sandvik SRP AB - Հանքային սարքաշինական ընկերություն Շվեդիայում, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Շվեդիայի պետական SEK կորպորացիայի վարկով և EKN արտահանումների վարկավորման պետական գործակալության ապահովագրմամբ գործարք է կնքել Լիդիանին հանքասարքաշինական տեխնիկա տրամադրելու մասին։ Թեղուտի պարագայում նման դերակատարում ունեցել է դանիական FLSmidth սարքաշինական ընկերությունը, որի տնօրենը 2016թ․ դեկտեմբերի 20-ին Վալերի Մեժլումյանի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանից ստացել է երախտագիտության մեդալ։
  • Sandvik Mining and Construction Oy - հանքային փորման սարքեր արտադրող շվեդական ընկերություն։ Sandvik SRP AB հանքասարքաշինական ընկերության դուստր ձեռնարկություն, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել հորատող սարքեր։
  • ABB Switzerland Ltd - շվեդա-շվեյցարական ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել բարձրավոլտ էլեկտրականության սարքեր։
  • ABB AB - շվեդական բարձրավոլտ արտադրության և ավտոմատիկայի ձեռնարկություն։ ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ, շվեդական սարքավորումների մատակարարման վերը նշված գործարքի մասնակից։

Միջազգային ֆինանսական հաստատություններ և տեղական բանկեր

  • IFC (International Finance Corporation, the World Bank Group)- Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ), Համաշխարհային բանկի խումբ։ Ստեղծվել է 1956թ․ որպես Համաշխարհային բանկի մասնավոր բիզնեսի խթանման թև։ Հանքարդյունաբերական բիզնեսի խթանումը համարում է Հայաստանում իր գործունեության գլխավոր ուղղություններից մեկը, որի պատճառով Lydian International-ում 2007թ.-ից ի վեր արել է $16.4 միլիոն դոլարի ներդրում և բաժնետիրական կապիտալ է ունեցել մինչև 2017թ. մայիս ամիսը: Սակայն 2017թ․ մայիսին ՄՖԿ-ն վաճառեց իր բոլոր բաժնետոմսերը ու դուրս եկավ Ամուլսարի ծրագրից՝ պաշտոնապես նշելով, որ Լիդիանն ի վիճակի է եղել ներգրավել ֆինանսներ այլ կառույցներից ու իր կարիքն այլևս չի զգում։ 2016թ․ ՄՖԿ-ն 50 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամերիաբանկին Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։ Հայաստանի քաղաքացիների մի շարք բողոքները քննվել են ՄՖԿ ստանդարտների համապատասխանության գրասենյակի կողմից, (IFC Compliance Ombudsman’s office), արդյունքում ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում սոցիալական ազդեցության գնահատման մասով ՄՖԿ ստանդարտին և հարցը քննելու է մինչև 2018թ․ մայիսը։
  • European Bank for Reconstruction and Development (EBRD) - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ): Ստեղծվել է 1991թ․ Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների կողմից հատուկ հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու է: Շարունակում է ամեն կերպ աջակցել Ամուլսարի ծրագրին և հրաժարվում է ըստ էության պատասխանել սպասվող հանքարդյունահանման էկոլոգիական և սոցիալական վտանգների մասին իրեն ուղղված նամակներում հնչեցրած հիմնավոր փաստարկներին։
  • Ameriabank - Ամերիա բանկ։ Իր «սոցիալական և կանաչ» ծրագրերը գովազդող հայաստանյան բանկ, որը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերությունը, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում օֆշորային Կիպրոսում գրանցված AMERIA GROUP (CY) LIMITED)-ը աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%: 2016թ.-ին կատարելով 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ Ամերիաբանկի 20% բաժնետեր է դառնում նաև ՎԶԵԲ-ը, որը փաստորեն բացի անմիջականորեն ֆինանսավորելուց Ամուլսարի ծրագիրը, նաև անուղղակիորեն է մասնակցում հավելյալ վարկավորմանը։ Նաև Ամերիաբանկը 2016թ.  50 միլիոն դոլարի վարկ է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայից Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։

Լիդիան Ինթերնեշընըլի արժեթղթերի առավել խոշոր բաժնետերեր

«Խնդրում ենք բոլոր մտահոգ մարդկանց հանրային ճնշում գործադրել այս կազմակերպությունների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն այս աղետալի հանքի ֆինանսավորումը։ Պետք է օգտագործել  բոլոր հնարավոր եղանակները, այդ թվում՝ գրել էլեկտրոնային նամակներ կամ զանգահարել իրենց գլխամասային գրասենյակներին, ներկայացնել իրական վտանգները, մեկնաբանություններ թողնել ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին, կազմակերպել բողոքի միջոցառումներ, ներգրավել միջազգային լրատվամիջոցներին և այլն։

Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանքարդյունահանման ծրագիրը հակասում է հայաստանյան օրենսդրությանը, էկոլոգիական ու սոցիալական ազդեցության մասին գնահատումները խիստ թերի են ու ոչ ճշգրիտ, ծրագիրը ենթակա է հրատապ փակման» ,-գրում է ՀԲՃ-ն:

Մեկնաբանություններ (9)

Մինաս
Հանքի օգուտը որն է ժողովրդի համար, ներկա պայմաններում? Շահույթի (ցույց տվածի!) 75% - ը շահագործողն է տանում, պետ բյուջե միայն չնչին բան է մտնում: Իսկ աղտոտման հետ կապված ահռելի ու անդառնալի վնասները մնում են ժողովրդին «պարգեւ»: Մենք իրականում մի լուրջ ու հարուստ ոսկու հանք ունենք՝ Զոդը: Եւ երբ այն ծախեցին կանադացիներին ու հնդիկներին ջրի գնով, գիտեք ինչ ասացին՝ «արդյունահանումը ձեռնտու չէ, ինքնարժեքը շուկայական գնից բարձր է!» Այսինքն բազմափորձ միջազգային թալանչիներին լավ խաբել ենք! Արդեն քանի տարի է տոննաներով ոսկի է տարվում, իսկ երկիրը մեկ կիլո ոսկու պաշար չունի! Հիմա ինչ են ասում՝ «Ամուլսարի քանդել ավերելն ու հազարավոր տոննաներով ցիանիդի (ահավոր թույնի) կիրառումը շրջակա միջավայրի համար բոլորովին անվնաս բաներ են լինելու!»
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր ես զանգեցի հոլանդական ամենամեծ ու ամենաազդեցիկ օրաթերթերից մեկի՝ «Ֆոլկսկրանտի», խմբագրություն (Volkskrant) ու իրենց պատմեցի Ամուլսարի մասին՝ ներկայացնելով վտանգները: Իրենց խնդրեցի-հորդորեցի լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին,հատկապես որ հոլանդական առաջատար ING բանկն էլ է ներգրավված (ու 50 մլն դոլարի չափով): Իրենց տեղեկացրի նաև «Հետքի» ու ՀԲՃ-ի կայքերի մասին,որպեսզի ավելի մանրամասն կարդան Ամուլսարի մասին: Ինձ ասեցին,որ հետաքրքիր նյութ է ու այս հարցը կքննարկեն խմբագրությունում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բոլոր հայերին (հատկապես ԱՄՆ-Բրիտանիա-Շվեդիա-Հոլանդիայում) կոչ եմ անում պասիվ չմնալ:Հաճախ մեկ զանգը կան նամակը լուրջ գործընթացների սկիզբ է դառնում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայի տականք տեսակը որտեղ էլ որ ապրի,հայրենիքին միայն վնասում է:Անգամ հայրենիքում ապրելով այս մարդիկ հայրենիքին վնասում են. գործ անողներին խանգարում են, քվե են վաճառում-առնում, կաշառում-կաշառվում են, զինվորից գողանում են, հողն ու ջուրը թունավորում են, սուտ տեղեկություններ են տարածում և նման այլ արատավոր բաներ են անում: Հայի արդար-հայրենասեր տեսակն աշխարհի որ ծայրում էլ լինի,հայրենիքին միա՛յն օգուտ է տալիս: Հայրենիքը ՍՐՏՈՒՄԴ պիտի լինի: Հայաստանում բնակվող հայի տականք տեսակի «հայրենիքը» կերակրատաշտ է. իր ստամոքսը:………………. ՀԳ. Չեք տեսնու՞մ,որ այս մարդը պրովոկատոր է:
Մինաս
Կարեն, ձեր մեկնաբանությունների մակարդակով կարելի է դատել թե ինչքանով է «հիմնավորված» Ամուլսարի ոսկու «պռոեկտը:» Դրանից շատ ավելի «հիմնավորված» էր, օրինակ, Արմանիսի ոսկու «պռոեկտը» - հիմա կան միայն լքված, թունավոր աղբակույտեր, որը հայտնի չէ թե ով կամ երբ է ռեկուլտիվացիա անելու: Կարդա Հակոբ Սանասարյանի հոդվածն ու նայիր նրա բերած թվերն ու փաստարկները՝ http://hetq.am/arm/news/84915/amulsari-hanqi-shahagortsman-tntesakan-ev-ekologiakanhetevanqnery.html Եթե ի վիճակի ես մի բան հասկանալու, ապա կհամոզվես, որ այս «պռոեկտը» հազարավոր անգամներ ավելի ահավոր վնասներ է պատճառելու: Թեղուտի մասին առասպելներ էին ներկայացնում - կզարգանա՜նք, կթռնենք վե՜ր դեպի լուսավոր ապագա եւ այլն: Հիմա լռվել - մնացել են կոտրած տաշտակի առաջ: Բայց դեռ դեռ նույն անգրագետ երազներն են պատմում ու հրաշքները խոստանում ոսկու փայլից խփնված արկածախնդիրները:
Karen
ՀԲՃ ջան, կոնկրետ էս ֆինանասավորողների կազմից մի քանիսի ներկայությունը ես հաստատ գիտեմ, որ ապահովում ա նենց ստանդարտներ, որ Հայաստանում երբեք չեն եղել: Ծրագրին էլ հետևում, եմ, մի քիչ էլ ոլորտից հասկանում եմ, մեղմ ասած ամենավատ հանքը չի, ու էս կազմակերպված հարձակումը հեչ լավ տպավորություն չի թողում: Ես հաստատ գիտեմ, որ սաղ աշխարհում էլ լավ նորմալ հանքեր կան, ու հաստատ գիտեմ, որ օդից չի կարելի ասել սա կազդի ու վերջ: Իմանալու համար կազդի, թե չէ, մի քանի տարի տեղում պիտի մի քանի հարյուր հազար դոլարի հետազոտություն անես: Ոչ բնապահպանները, ոչ էս ՛մտահոգ՛ փորձագետները ոչ մի ուսումնասիրություն չեն արել: Ինչքան հասկանում եմ մենակ ընկերույթունն ա արել, ու ես առաջին անգամ եմ տեսնում խնդիրների սենց բաց քննարկում հենց ընկերության փաստաթղթերում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայի տականք մի տեսակ կա,որ ոչնչով չի օգնում ու դեռ կողքից էլ մի բան խանգարում է:Հայի տականք այս տեսակն օտար թշնամուց ավելի վատն է:
ՀԲՃ
Հարգելի Կարեն, սոլիդ կազմով ֆինանսավորողներ ունենալը չի կարող փոխել բնական միջավայրի՝ հատկապես մեր ջրային պաշարների վրա այս ծրագրի իրականացման բացասական լրջագույն ազդեցությունները։ Իսկ այդ հետևանքները հստակ, մասնագիտորեն հիմնավորված ներկայացրել են թե տեղական, թե նաև միջազգային անկախ հայտնի փորձագետները։ Այդ խնդիրներն ըստ էության անկառավարելի են ու բերելու են էկոլոգիական լրջագույն խնդիրներ։
steve
every project in the world is being sued and funded by usa interests

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter