Չորեքշաբթի, 21 փետրվարի

Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդությունները. մաս 1



2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է մոտ 6.8 մլրդ դոլար (կամ մոտ 3.3 տրլն դրամ)։ Վերջին մեկ տարում այն աճել է ավելի քան 830 մլն դոլարով կամ 14%-ով։ 

Ինչպես քաղաքացին է բանկերից վարկ վերցնում, հետագայում մարում վարկի գումարն ու տոկոսագումարներն, այնպես էլ պետությունը վարկեր է վերցնում այլ երկրներից ու միջազգային կառույցներից և պարտավորվում մարել դրանք։ Պետության պարագայում էլ այդ գումարները մարում են հենց քաղաքացիները՝ հարկատուները, որոնց վճարած հարկերից գոյանում է պետական բյուջեն։

Վերջին տասը տարիներին Հայաստանն ինտենսիվորեն ծանրացրել է պարտքի բեռը։ Անընդհատ կուտակվող պարտքին զուգահեռ ամեն տարի ավելի ու ավելի շատ գումարներ են պետական բյուջեից ուղղվում դրա սպասարկմանը։ Փոխարենը Հայաստանի տնտեսությունը զրկվում է այդ փողերից, զրկվում է սոցիալապես անապահով շերտը, զրկվում են թոշակառուները ու նպաստառուները, որոնց կարող էին հատկացվել այդ միջոցները։ Մյուս կողմից էլ մշտապես կասկածի տակ է առնվում՝ արդյոք արտաքին աշխարհից վերցված գումարներն արդյունավետ են ծախսվում։ 

10 տարում պետական պարտքը քառապատկվել է 

2007 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը (ներքին և արտաքին) կազմել է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դրամ։   2017 թվականի վերջին այն կազմել է մոտ 6.8 մլրդ դոլար։ Այսինքն՝ տասը տարում պետական պարտքը գրեթե քառապատկվել է։ Տվյալները հրապարակում են Ֆինանսների նախարարությունը ու Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։

Պետական պարտքի կտրուկ աճ արձանագրվեց 2009 թվականին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի տնտեսությանը։ Պարտքի կուտակման մյուս` առավել տեսանելի փուլը 2014-2016 թվականներն էին։ Այդ ընթացքում վատթարացավ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը (գլխավորապես Արևմուտքի կիրառած պատժամիջոցների և նավթի գնանկման հետևանքով): ԱՄՆ դոլարն ամրապնդվեց, իսկ ռուսաստանյան ռուբլին՝ թուլացրեց դիրքերը։ Մյուս կողմից էլ այդ տարիներին միջազգային շուկայում նվազեցին գունավոր մետաղների գները, առաջին հերթին՝  պղնձի և մոլիբդենի։ Իսկ հանքահումքը Հայաստանի արդյունաբերության և արտահանման կազմում առաջնային տեղ է գրավում։ 

2014-ի տարեվերջին կտրուկ արժեզրկվեց նաև հայկական դրամը։ Ու քանի որ Հայաստանի արտաքին պարտքն արտարժույթով է, դրամի արժեզրկումը մեխանիկորեն մեծացրեց այն։

«Նեղ» օրերին Հայաստանի կառավարությունը համարեց, որ իրավիճակը փրկելու հիմնական ելքերից մեկն արտաքին աշխարհից ներգրավվող պարտքի մեծացումն է։ Այլ կերպ ասած՝ պարտքը կուտակվել է ընթացիկ խնդիրները լուծելու համար։ 

Ինչպես արդեն նշել ենք, 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է մոտ 6.8 մլրդ դոլար՝ վերջին մեկ տարում աճելով ավելի քան 830 մլն դոլարով կամ 14%-ով։

Միայն արտաքին պարտքը մոտ 5.5 մլրդ դոլար է, որից ավելի քան 600 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ կառավարությանը։ Ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է մոտ 690 մլն դոլարով կամ 14.3%-ով։

Իսկ ներքին պարտքը մոտ 1.3 մլրդ դոլար է, աճը՝ ավելի քան 140 մլն դոլար կամ 12.6%: Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են, որոնք դրամով են։ Դրամային արտահայտությամբ՝ Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջի դրությամբ ավելի քան 619 մլրդ դրամ է։

Ստացվում է, որ 2017-ի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում 81.1%-ը արտաքին պարտքն է, իսկ 18.9%-ը՝ ներքին պարտքը։ Ֆինանսների նախարարությունը եզրակացրել է, որ կառավարության պարտքի առկա պորտֆելում շուկայական ռիսկերից ամենաէականը փոխարժեքի ռիսկն է: Պարտքի հարցում փոխարժեքի դերը մեծ է։ Երբ դրամն արժեզրկվում է, արտաքին պարտքը, որն արտարժույթով է, մեխանիկորեն մեծանում է։ Այդ ռիկսը մեղմացնելու բացատրությամբ կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին մեծացնել ներքին պարտքի կշիռը, որը դրամով է։  Մյուս կողմից էլ նկատենք, որ կառավարության համար տեխնիկապես ավելի հեշտ է ներքին պարտք վերցնելը։ Գործընթացը կատարվում է պետական պարտատոմսերի միջոցով: Օրինակ՝ քաղաքացին գնում է 100 հազար դրամով պարտատոմս, իսկ պետությունը պարտավորվում է այդ պարտատոմսը հետ գնել մեկ տարի անց ու վճարելով 100 հազար դրամ ՝ գումարած, ասենք, դրա 10%-ը: Մինչդեռ, արտաքին վարկերի պարագայում գործընթացն ավելի բարդ է ու ժամանակատար։ 

Պարտքի շեմերն ու օրենքի «ճկունությունը» 

Հայաստանի պետական պարտքը եկող տարիներին շարունակելու է ավելանալ։ Պետական բյուջեի եկամուտները չեն կարողանում ամբողջությամբ «փակել» նույն բյուջեով նախատեսված ծախսերը։ Եվ պետությունը միջոցներ է ներգրավում արտաքին ու ներքին աղբյուրներից։ 2018թ. բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին այն կկազմի մոտ 7.2 մլրդ դոլար։ 

Պետության համար պարտքի բեռի ծանրությունը  չափելու ամենաընդունված տարբերակներից մեկն այն համախառն ներքին արդյունքի հետ համեմատելն է։ 2016 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 56.6% էր։ 2017 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն, քանի որ հրապարակված չէ նաև  ՀՆԱ-ի տարեկան ծավալը։ Սակայն, 2018թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի  ՀՆԱ-ի 60.7%-ը։ 

Պարտքի աճին զուգահեռ այս ցուցանիշը ևս կտրուկ տեմպերով աճել է վերջին տարիներին, քանի որ տնտեսական աճը թույլ է եղել, իսկ պարտքը կուտակվել է ինտենսիվ տեմպերով։ Միայն նշենք, որ 10 տարի առաջ այս ցուցանիշն ընդամենը 16.4% է կազմել։

Իսկ 2018 թվականի համար բյուջեով կանխատեսվում է, որ պարտքը կկազմի ՀՆԱ-ի 59.2%-ը: Այսինքն՝ սպասվում է, որ այս տարի ՀՆԱ-ն ավելի արագ տեմպերով կաճի, քան պարտքը և պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի։

Բոլոր դեպքերում պարտք/ՀՆԱ ցուցանիշը, ինչպես սպասվում է, լինելու է 60%-ի շրջանակներում։ Շա՞տ է սա, թե՞ ոչ։ Տեսնենք, թե ինչ է սահմանում «Պետական պարտքի մասին» օրենքը։ Իսկ օրենքը վերջին տարիներին բավականին «ճկուն» փոփոխությունների է ենթարկվում։

Ինչպես բազմիցս գրել ենք, «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում չափանիշներ են սահմանված, որոնք վերաբերում են միայն կառավարության պարտքին։ Այսինքն՝ Կենտրոնական բանկի պարտքի վրա չեն տարածվում։  Նախ, մինչև 2016 թվականը նշված օրենքը սահմանում էր, որ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60%-ը: 2015 թվականին կառավարությունն ու Ազգային ժողովը որոշեցին, որ այս շեմը պետք է տարածվի ոչ թե ընդհանուր պարտքի, այլ միայն կառավարության պարտքի վրա։ Դրանով, ըստ էության, հնարավորություն տրվեց ավելացնել պետական պարտքն՝ առանց օրենքը խախտելու։ 

Օրենքի այս հատվածը ևս մեկ փոփոխություն կրեց նախորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պարտքի չափը պետք է համեմատվի ոչ թե նախորդ տարվա ՀՆԱ-ի, այլ ընթացիկ տարվա ՀՆԱ-ի հետ։ Սա ևս փոխում է պատկերը։ Օրինակ՝ եթե կառավարության պարտքը 2017-ի վերջի դրությամբ համեմատում  ենք ՀՆԱ-ի նախորդ տարվա ցուցանիշի հետ, ապա ստացվում է 58.8%, ինչը բավականին մոտ է 60%-ի շեմին։ Իսկ օրենքի նշված կետի փոփոխությունից հետո, ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսման, այն 55%-ի չի հասնի։ 

Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս ֆինանսների նախարարության, պարբերաբար հիշեցնում է, որ պարտքի չափի, կառավարման ու մարման կապակցությամբ անհանգստանալ պետք չէ, և որ իրավիճակը կառավարելի է։ Եթե դիտարկվում է զուտ օրենքի տեսանկյունից, և մի շարք այլ չափանիշներով, օրինակ՝ պարտք/արտահանում հարաբերակցությամբ, ապա պետական պարտքը սահմանված նորմերի շրջանակներում է։

Սակայն պարզ է, որ նշված ցուցանիշները մտահոգիչ են։ Հատկապես այն պարագայում, երբ համեմատում ենք տարբեր ոլորտներին և պետպարտքին ուղղվող գումարների չափերը։

Երկրորդ մասում կներկայացնենք այդ համեմատությունը, ինչպես նաև՝ թե Հայաստանի պետական բյուջեից որքան գումար է տարեկան ուղղվում պետական պարտքի սպասարկմանը՝ տոկոսագումարներին և մայր գումարների մարմանը, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում շուրջ 830 մլն դոլար հայթայթել 2020 թվականին պարտքի նախանշված մարումները ժամանակին կատարելու համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ