HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ներդրումային խճանկար Արմավիրի մարզում

Դատարանի կայացրած վճիռներից հետո Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը զրկվեց իր ունեցվածքից, որը նա ներդրել է 135 հա աղակալած հողերը վերականգնելու համար: Ներքին գործերի բաժնի եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները նրանից խլեցին 110 հա առվույտի եւ 25 հա ցորենի դաշտերը:

ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը 99թ. մայիսի 6-ի վճռով անվավեր է ճանաչել «Կոմպլեքս» ՍՊԸ-ին հողամաս հատկացնելու մասին Արմավիրի շրջխորհրդի գործկոմի 94թ. որոշումը: «Դատարանի կայացրած վճիռը իմ վարձակալած հողերին չի վերաբերում, ես գյուղերի պահուստային ֆոնդի հողեր չեմ վարձակալել»,-ասում է «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը: Դատարանի վճիռն ընթերցելուն պես մարզային ոստիկանության եւ հարկադիր կատարման աշխատակիցներն ընկերությունից խլել են 135 հա մշակված հողերը, որից 11Օ հա առվույտի դաշտերն էին, 25 հա` ցորենի:

Արդեն երկու տարի, ամենատարբեր ատյաններին դիմելով, Արամ Մելքոնյանը համառորեն փորձում է վերադարձնել իրենից խլված հողերը: Բողոքարկումների արդյունքում ՀՀ գյուղնախարարության հողային պետական տեսչության մասնագետներն ուսումնասիրել են վարձակալած հողերի վերջին քսան տարվա շարժը եւ եզրակացրել, որ դատարանի վճիռը չի վերաբերում «Կոմպլեքս» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքներին:

Արմավիրի մարզպետին հասկացրել են, որ մարզում ամենաշահավետը հողն է

«Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը պատմեց, որ 95թ.-ին Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի եւ մրցութային հանձնաժողովի որոշմամբ ու պայմանագրով տասը տարով վարձակալել էր կրկնակի աղակալման վիճակում գտնվող 219 հա հող, որից կոլտնտեսությունները հրաժարվել էին 5 տարի անմշակ թողնելուց հետո: Հրաժարվել էին ջուր չլինելու, խցանված ջրատարների «դրենաժային ցանցի» եւ իրենց գյուղերից 10-20 կմ հեռու լինելու պատճառով: Չորս տարի անց, երբ հսկայական կապիտալ ներդրումներով ինքը վերականգնել է ջրատարները, ոռոգման համակարգը, ջրամղիչ պոմպեր է տեղադրել ու մշակել վարձակալած հողատարածքը, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը եւ փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը սկսել են հետապնդել իրեն ու խոչընդոտել իր գործունեությունը` ցանկանալով խլել արդեն ցանված, մշակված ու բերքառատ հողերը, այն դեպքում, երբ մարզում մոտ 6000 հա չմշակված հող կա:

«Քանի որ չենթարկվեցի նրանց կամայականություններին, դիմեցին դատարան: Երեք տարի շարունակ դատարանի դռներին քարշ գալով` չկարողացա պաշտպանել իմ օրինական իրավունքները: Դատարանի վրա ճնշումներ գործադրելով նրանց հաջողվեց չեղյալ համարել հողերի վարձակալության պայմանագիրը, պատճառաբանելով, որ գործադիր կոմիտեն պետպահուստի հողերը պայմանագրով վարձակալության տալու իրավունք չուներ: Բայց իմ ի՞նչ գործն է, գործադիր կոմիտեն ճի՞շտ է վարվել, թե՞ սխալ` աղակալումից փրկելու համար այդ հողերին նոր տեր որոնելով: Փաստն այն է, որ, պայմանագիրը հիմք ընդունելով, ես ծախսումներ եմ կատարել: Ո՞րն է իմ մեղքը, որ պիտի նյութական մեծ վնասներ կրեմ»,-ասում է «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը: Արմավիրի փոխմարզրպետ Մեխակ Մխիթարյանին խնդրեցինք մի պահ մոռանալ դատարանի վճիռները եւ ներկայացնել «Կոմպլեքս» ՍՊԸ-Արմավիրի մարզպետարան եռամյա «հակամարտության» մանրամասները, որում մեղքի մեծ բաժին է վերագրվում իրեն: Փոխմարզպետի ասելով, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 98թ.-ին, Արմավիրի մարզպետ նշանակվելուց հետո, Ալբերտ Հերոյանը մարզի պահուստային ֆոնդի հողերի օրինականությունն ու արդյունավետությունն ստուգող հանձնաժողով ստեղծեց, որի նախագահն ինքն էր:

«Ստուգեցինք գրեթե բոլոր գյուղերը եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերեցինք: Արամ Մելքոնյանին հիմնականում մեղադրում էինք հողերն օգտագործելու եւ վարձավճարները չվճարելու համար: Իսկ ինչ որ թույլ էր տրվել հողերի նկատմամբ` Ա. Մելքոնյանի մեղքը չէր, դա գործկոմի նախկին նախագահի մեղքն էր, որն ապօրինաբար հողերը հատկացրել էր Ա. Մելքոնյանին»,-հայտնեց Արմավիրի փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը` դրանով իսկ կիսելով Արամ Մելքոնյանի տեսակետը:

Հոկտեմբերյանի շրջգործկոմի նախկին նախագահ Մեխակ Մխիթարյանը, որն այդ ժամանակ` 98թ. հուլիսից մարզպետարանի ընդհանուր բաժնի վարիչն է եղել, գտնում է, որ Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, առանց այդ գյուղերից համապատասխան թույլտվություն ստանալու, գերազանցելով իր լիազորությունները, գյուղերին պատկանող հողերը հատկացրել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ին:

«Երբ այս հարցն ուսումնասիրեցինք, տեսանք, որ սխալ որոշում է կայացվել: Հիմա գյուղապետերը, գյուղացիները դժգոհում են` ինչո՞ւ մեր գյուղերի հողերը տնօրինի այս կամ այն մարդը, էն դեպքում, երբ գյուղացիները հողի կարիք ունեն: Հիմա հողերն ուզում ենք վերադարձնել գյուղացիներին` հողի իսկական տերերին: Նյութերն ուղարկեցինք դատախազություն, որպեսզի իրավապահ մարմինները ճշտեն որոշումը ճի՞շտ էր, թե սխալ, հնարավո՞ր է հողերը հետ վերցնել ՍՊԸ-ից, վերադարձնել համայնքներին: Կրկնում եմ, այստեղ միտումնավորություն չկա, կա պահուստային հողի նկատմամբ պետական մոտեցման դրսեւորում, որը եւ մենք դրսեւորում ենք»,-վստահեցնում էր մեզ փոխմարզպետ Մ. Մխիթարյանը: Վերջինս նույն տեսակետն է հայտնել «Առավոտ» օրաթերթի 99թ. հունվարի 28-ի համարում:

Ոչ պատշաճ հայցվորով, ոչ պատշաճ պատասխանողով դատարանին հաջողվել է անբեկանելի վճիռներ կայացնել

Արմավիրի միջշրջանային դատախազի պաշտոնակատար Կ. Հովհաննիսյանը 98 թ. նոյեմբերի 10-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` խնդրելով անվավեր ճանաչել «Կոմպլեքս» ՍՊԸ-ի եւ շրջխորհրդի գործկոմի միջեւ հանձինս գյուղվարչության պետի, կնքված 10 տարվա վարձակալության պայմանագիրը: Դատախազությունը հայցադիմումում նշել է. «Արմավիրի մարզպետարանի կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ շրջգործկոմի 02.12.94 թ. որոշումով Հայկավանի, Մրգաշատի, Սովետականի, Տանձուտի, Արգավանդի, Ջրաշենի, Նոր-Ամասիայի, Նորապատի գյուղական խորհուրդների, Եղեգնուտի լճակային տնտեսության եւ Միջտնտեսային ինկուբացիոն ձեռնարկությանը պատկանող 219 հա պահուստային ֆոնդի հողերը 10 տարի ժամանակով հատկացվել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ին»: Դատախազի պաշտոնակատար Կ. Հովհաննիսյանը հանկարծ պարզում է, որ չորս տարի առաջ հողերը վարձակալության տալու պայմանագրով խախտվել է պետության գույքային շահը պատճառաբանելով, որ շրջգործկոմը չի կատարել ՀՀ կառավարության 108 որոշման պահանջը, համաձայն որի`

  • ա) պետական պահուստային ֆոնդի հողերը վարձակալության են տրվում մրցութային հիմքով,
  • բ) մրցութային հանձնաժողովում ընդգրկվում են գյուղխորհրդի գործկոմը եւ գյուղական համայնքի ներկայացուցիչները եւ դատարանին խնդրում է անվավեր ճանաչել պայմանագիրը:

Դատախազությունը քաղհայցի հետ դատարանին է ներկայացրել 64 էջ գրություն, որում, ըստ էության, Արմավիրի մարզպետի թիվ 2880 գրությամբ 03.09.98 թ. դատախազությանն ուղարկված «Մարզի Բաղրամյանի եւ Արմավիրի տարածաշրջանների համայնքներում պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման օրինականության եւ արդյունավետության մասին «Արմավիրի մարզի 04. 08. 98 թ. 246 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կայացրած ուսումնասիրության նյութերն» են:

Դրանք գրություններ են մասնավոր անձանց եւ իրավաբանական սուբյեկտների վարձակալած հողերի եկամտահարկերը չմուծելու, ոռոգման ջրի վարձավճարների պարտքերի եւ ոչ օրինակելի համարվող վարձակալական պայմանագրերի, այդ թվում նաեւ «Կոմպլեքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի մասին:

Չնայած փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը հայտնեց, որ նրանց հարցը տեղում լուծվեց` «մի շարք մարդկանց ձեռքից հողերը վերցրինք ու հանձնեցինք բարեխիղճ վարձակալի եւ դատարան չհասանք, միայն այս մեկը ներկայացրինք», բայց դատախազություն են ուղարկել նաեւ մյուսների վերաբերյալ գրությունները եւ դրանք ամբողջությամբ կցվել են «Կոմպլեքս» ՍՊԸ- ի դեմ ներկայացված հայցին:

Երկէջանոց հայցադիմումը դատախազությունը ներկայացրել է մեկ` հօգուտ 8, մեկ` հօգուտ 9 գյուղապետարանների եւ 2 ձեռնարկությունների: Ընդ որում, տողերից մեկում հողատեր է ներկայացվում Արգավանդ գյուղը 15,5 հա-ով, մի ուրիշ տողում` Այգեշատը կամ երկուսը միասին, որը վրիպակ չես անվանի: Փաստ է, որ Արգավանդը վիճելի տարածքում հող չի ունեցել: Սակայն, վերաքննիչ դատարանի վճռի ու վճռաբեկի որոշման մեջ Արգավանդի հողատարածքն ավելանում է դառնալով 15,8 հա: Դատախազությունը 219 հա հողատարածքի մեջ ներառել է նաեւ Արամ Մելքոնյանին մշտական օգտագործման իրավունքով տրված 27 հա հողատարածքը: Դատարանը, ձեւական մոտեցում ցուցաբերելով գործի նկատմամբ, նման ոչ մի փաստ ուշադրության չի արժանացրել:

Արմավիրի առաջին ատյանի դատարանում քննված մեկ հատոր քաղաքացիական գործում չկա մի փաստաթուղթ, մի քարտեզ, որով հիմնավորված կլիներ նշված հողատարածքների նկատմամբ գյուղապետարանների ունեցած իրավունքները:

ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը նախապես գյուղնախարարից գրություն է ներկայացնում Արմավիրի առաջին ատյանի դատարան, ըստ որի հողերը պատկանում են գյուղնախարարությանը եւ նա կարող էր հայց ներկայացնել: Միաժամանակ, ՀՀ քաղ. դատ. օր-ի 92 հ-ի եւ 87 հ-ի 5-րդ կետով միջնորդում են հայցը վերադարձնել հայցվորին, քանի որ նա վեճի առարկայի սեփականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հետեւաբար դատախազությունը պատշաճ հայցվոր չէ: Դատարանը մերժում է միջնորդությունը:

Արմավիրի առաջին ատյանի դատարանում քննված մեկ հատոր քաղաքացիական գործում չկա մի փաստաթուղթ,մի քարտեզ,որով հիմնավորված կլիներ նշված հողատարածքների նկատմամբ գյուղապետրանների ունեցած իրավունքները: Նրանք հայցվորի միջոցով կամ ինքնուրույն պետք է ներկայացնեին նշված հողատարածքների նկատմամբ իրենց իրավունքը, իրավունքի ծագման հիմքը, իրավունքի ծագման ժամանակը, հիմնավորեին, որ գյուղապետարաններին պատկանող հողատարածքները մասնակիորեն կամ ամբողջությամբ համընկնում են «Կոմպլեքս» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքին եւ միայն այդ հիմքով վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնեին:

Հայցով դատախազությունը հողերի պատկանելությունն ապացուցող որեւէ հիմնավորում չի ներկայացրել, բայցեւայնպես, պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել' միայն վարձակալին պատասխանող ներգրավելով: Նույնը դատարանն է կատարել եւ, փաստորեն, պայմանագիրը կնքած կողմերից մեկին` վարձատուին (շրջխորհրդի գյուղվարչությանը), դատաքննությանը մասնակից չդարձնելով գոնե 3-րդ անձի կարգավիճակով նրա վերաբերյալ հարց է լուծել, մինչդեռ վարձատուի դերն ավելի մեծ է:

Նման թերի վիճակով ներկայացված հայցը, թվում է, չպետք է քննության առնվեր դատարանում: Սակայն դա չի խանգարել, որպեսզի դատարանն առանց պարզելու, թե ո՞ւմ հաշվեկշռում են գտնվում վիճելի հողատարածքները, առանց հիմնավորող փաստաթղթի, անվավեր ճանաչի հողերի վարձակալության պայմանագիրը «հիմնավորելով», որ 219 հա հողերը գտնվել են գյուղերի հողային հաշվեկշռում, եւ դրանք վարձակալության պետք է տային ոչ թե շրջխորհուրդները, այլ գյուղխորհուրդները: Անգամ այն դեպքում, երբ պատասխանողը գրություն է ներկայացնում գյուղնախարարությունից, որ հողերը պատկանում են նրանց, դատարանը հարկ չի համարում հարցում անել եւ պարզել իսկությունը:

«Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մելքոնյանը վճիռը բողոքարկել է տնտեսական գործերով վերաքննիչ դատարան: Բողոքում Արամ Սելքոնյանը գրում է, որ պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է, իսկ քաղ. դատ. օր.-ի 109 հ. 5 կետով նախատեսված է` «դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է»: Դատախազությունը պատասխանում է. «Գործին, որպես հայցվոր կողմ հանդիսանում է դատախազությունը, իսկ պատասխանողը` «Կոմպլեքս» ՍՊԸ-ն, որոնք լուծարված չեն»` դրանով իսկ ակնհայտ դարձնելով պայմանագիրը կնքած կողմերից միայն մեկին պատասխանող ճանաչելու իր դիտավորությունը: Նույնիսկ փոխմարզպետ Մ. Մխիթարյանն է ընդունում, որ պատասխանատվության մեծ բաժինը շրջգործկոմինն է, ոչ թե «Կոմպլեքս» ՍՊԸ-ինը: «Ինչ որ թույլ էր տրվել հողերի նկատմամբ, Ա. Մելքոնյանի մեղքը չէր, դա գործկոմի նախկին նախագահի մեղքն էր, որը ապօրինաբար հողերը հատկացրել էր Ա. Մելքոնյանին»:

Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում պետական շահերի պաշտպանությամբ հանդես եկած ՀՀ գլխ. դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Դ. Դավթյանն ասում է. «Մեր կողմից կատարված ստուգման արդյունքներով հիմնավորվել է, որ վիճելի հողատարածքը պատկանում է գյուղերին, ուստի վարձակալության պայմանագիրը պետք է կնքեին գյուղապետերը»: Դատախազը սակայն չի ներկայացրել այն նյութերը, որոնք ուսումնասիրելիս նման հետեւության են հանգել:

Վերաքննիչ դատարանը դարձյալ գրում է.«Արմավիրի շրջգործկոմի 02. 12. 94 թ. որոշումից, 02. 03. 95 թ. հողի վարձակալության ընդունման- հանձնման ակտից հստակ երեւում է, որ «Կոմպլեքս» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված 219 հա պետական պահուստային ֆոնդի հողամասը չի գտնվել Արմավիրի շրջգործկոմի տնօրինության ներքո, այլ պատկանել է գյուղխորհուրդնեին, Եղեգնուտի լճակային տնտեսությանը եւ միջտնտեսային ինկուբացիոն ձեռնարկությանը: Հետեւաբար, միայն վերջիններս իրավունք ունեին կնքելու իրենց տնօրինության տակ գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագիրը, այլ ոչ` շրջխորհրդի գործկոմը»:

Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը նույնպես անվավեր է ճանաչել հողերի վարձակալության պայմանագիրը: Վճիռը պատճառաբանական մաս չունի, որով պարզ դառնա, թե ո՞ր ցուցմունքով, ո՞ր ապացույցները հիմք ընդունելով անվավեր ճանաչվեց պայմանագիրը:

Պարզվում է' հայցին առդիր ներկայացված 64 թերթը սոսկ տպավորություն ստեղծելու համար է, եւ այդ է պատճառը, որ 1-ին ատյանի եւ տնտ. դատարանի դատավորները վճիռներում ոչ մի հղում չեն արել իբրեւ փաստաթուղթ ներկայացված գրություններին: Բացի այն, որ, ինչպես վճռում են նշել, «Գյուղապետերը խնդրեցին հողերը վերադարձնել գյուղերին, իսկ վերջիններս ցանկացողների հետ օրենքով սահմանված կարգով կկնքեն պետական պահուստային հողի վարձակալության պայմանագրեր»:

Նկատենք, որ դատախազությունը հայցը ներկայացրել է հօգուտ գյուղապետարանների եւ երկու ձեռնարկությունների, սակայն նրանք իբրեւ համահայցվոր չեն հանդես եկել: Գյուղապետերը հողի նկատմամբ իրավունք չեն ներկայացրել, այլ, ինչպես քաղ. գործում գտնվող փաստաթղթերն են վկայում, դատարան են ներկայացել մարզպետ Ա. Հերոյանի «Լիազորագրով»` ընդամենը «դատավարությանը մասնակցելու համար», որի համար գրություն ներկայացնելու հարկ չկար: Ավելին, հայտնի չէ, թե դատարանին բացատրություններ տալիս ո՞րն է եղել նրանց կարգավիճակը:» Գյուղապետարանների ներկայացուցիչներին նույնպես պետք է ձայն տրվի: Նրանք պահանջում են հողերը հետ վերադարձնել»,-ասում է դատախազը իբրեւ «ապացույց» ցանկանալով ներկայացնել գյուղապետերի բացատրությունները:

Այսպիսով, մարզպետարանը Ա. Մելքոնյանին ներկայացրել է հողերն օգտագործելու եւ վարձավճարները չվճարելու մեղադրանք: Դատախազությունը հայցային պահանջի հիմք է համարել այն, որ շրջխորհուրդը պատշաճ ձեւով չի կազմակերպել հողերը վարձակալության տալու մրցույթը եւ գյուղապետերը մասնակից չեն դարձվել մրցույթին, իսկ վճռով դատարանը հողերի պատկանելության հարցն է լուծել այն դեպքում, երբ դատախազությունը չի վիճարկել հողերի պատկանելությունը եւ դրա վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել:

Ի տարբերություն առաջին ատյանի, վերաքննիչ դատարանում բացատրություններ է տվել հողի վարձատուն` շրջխորհրդի գյուղվարչության պետ Համլետ Պետրոսյանը: «Կառավարության 108 որոշմամբ գյուղվարչությանը պարտադրվում էր կազմակերպել ամբողջ հողերի մշակումը: Դրանք եղել են գյուղնախարարության ենթակա հողեր, որոնք այդ ժամանակ էլ գյուղնախարարության ենթակայության տակ էին: Միայն «Կոմպլեքս» ՍՊԸ-ն է դիմում ներկայացրել մրցույթին, իսկ գյուղապետերը հայտնել են, որ չեն կարողանում մշակել: ՀՀ կառավարության 108 որոշման համաձայն, թռչնաբուծական ֆաբրիկայի 419 հա վարելահողերից թվով 8 գյուղերին եւ 2 պետական ձեռնարկություններին ժամանակավորապես հանձնված հողերը մրցութային հանձնաժողովի որոշմամբ 10 տարի ժամկետով հատկացվել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ին` հաշվի առնելով նաեւ հիշյալ գյուղերի գրավոր հրաժարականները»,-հայտնել է նա դատարանին:

Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը նույնպես դատարանին հայտնել է, որ դրանք պետական պահուստային ֆոնդի հողեր են, որոնք ցանքաշրջանառության մեջ չէին մտել: Հողերը հանձնված էին շրջխորհրդի գործադիր կոմիտեի իրավասությանը, որն էլ իրականացնում էր դրանց տնօրինումը: Գյուղերի համաձայնությունը պարտադիր էլ չէր, բայց նրանք գրավոր համաձայնություն են տվել: Նախկին մարզպետը տնտեսական գործերով վերաքննիչ դատարանին բացատրություններ տալիս զգուշացրել է նաեւ հայցային վաղեմության մասին, որը դատարանը չի կիրառել գործը վարույթ ընդունելիս:

«Նույն դատախազը, որը հայցով մտել է դատարան, այն ժամանակ մարզի դատախազի տեղակալն էր, որի պարտականությունն էր պետության գույքային շահերի պաշտպանությունը: Նա ոչ մի անգամ չի դիմել գործկոմին որոշման անօրինականության համար: Մասնավորապես, կարող էր շրջխորհրդի որոշումների օրինականությունն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել: Դատախազությունն իրավունք ուներ կասեցնելու գործադիր կոմիտեի որոշման կատարումը եւ առաջարկել վերանայել այն: Չվերանայելու դեպքում կարող էր վերստին դիմել կամ դատական կարգով բողոքարկել, կամ'ուղղակի չեղյալ համարել»,-հայտնել է Արմավիրի նախկին մարզպետ Ս. Հովհաննիսյանը:

Տարօրինակ համարելով, որ վարձակալության պայմանագիրը կնքելուց չորս տարի հետո դատախազությունը նման հայց է ներկայացնում դատարան, Ս. Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած զրույցում մեկ անգամ եւս հավաստեց, որ ՀՀ կառավարության թիվ 108 որոշմամբ շրջխորհրդի գործկոմի 94 թ. որոշումը եւ հողի վարձակալության պայմանագրի մեկ օրինակը տրվում էր ե°ւ դատախազությանը, ե°ւ կառավարությանը: Այն ժամանակ դատախազությունն ու կառավարությունն օրենքին հակասող որոշումները վերանայելու իրավունք ունեին, իսկ շրջգործկոմի որոշումը մինչ օրս չի կասեցվել, չի փոփոխվել:

Վերաքննիչ դատարանի վճիռը «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրենը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատ: Վճռաբեկ դատարանը, հետեւելով տնտեսական դատարանի օրինակին, դարձյալ ձեւական մոտեցում ցուցաբերելով գործին' անփոփոխ է թողել դատարանի վճիռը' աչք փակելով վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին: «Վերաքննիչ դատարանի վճռով հիմնավորված է, որ «ՀՀ պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգի» 14-րդ կետի պահանջի խախտումը թույլ է տրվել Արմավիրի շրջխորհրդի գործկոմի կողմից»,-ասվում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

Սակայն պալատը չտեսնելու է տվել այն կարեւոր հանգամանքը, որ դատարանը չի հիմնավորել հենց 14-րդ կետի պահանջի խախտումը, ըստ որի, «Պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեն է մրցույթի հաղթողի հետ կնքում հողի վարձակալության մասին պայմանագիր»:

Դատարանի կիսատ թողածն իրենց ապօրինություններով լրացրել են հարկադիր կատարողներն ու միլիցիան

Մարզային իրավապահ օրգանները եւ արդարադատության օղակները' դատախազություն, ոստիկանություն, հարկադիր կատարման ծառայություն եւ դատարան, համատեղ իրականացրել են մի «օպերացիա». բռնագրավել են տասնյակ հեկտարների բերքը' միաժամանակ փորձելով օրինական տեսք տալ կատարվածին: Այսպես, կատարողական թերթի բովանդակությունից դուրս գործողություններ իրականացնելուց, կատարողական վարույթը կարճելուց հետո, հարկադիր կատարողները շարունակել են այցելել հողատարածք եւ ապահովել տասնյակ հեկտարների ցորենի եւ առվույտի բռնազավթումը: Նրանց աջակցել է ոստիկանությունը` իրենց աճեցրած բերքը ոտնձգությունից պաշտպանելու համար «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ա. ՄԵլքոնյանին, նրա կնոջն ու քրոջը պարբերաբար պատասխանատվության ենթարկելու հայտ ներկայացնելով դատարանին: Մարզային դատարանը քրեական ու վարչական պատասխանատվության է ենթարկել նրանց:

Դատարան-գործադիր իշխանություն սերտ համագործակցությունը վճռաբեկ դատարանի որոշումով չի ավարտվել, քանի որ Ա.Մելքոնյանը «հանձնվելու» մտադրություն չի ունեցել եւ շարունակել է տնօրինել իր մշակած դաշտերը: Նա, այնուամենայնիվ, բարեխիղճ ձեռք բերող է եւ համաձայն ՀՀ քաղ. օր-ի 619 հ. 1 կետի, վարձակալության իրավունքը շարունակում է նաեւ նոր սեփականատիրոջ հետ' «Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի' հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար»: Նկատի ունենանք նաեւ, որ դատախազը չի դիմել դատարան վտարման պահանջով, բռնագրավման իրավունք չի ծագել եւ բերքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է «Կոմպլեքս» ՍՊԸ-ին:

Սակայն, այս ամենը կիմաստազրկվեր, եթե հարցն ավարտվեր դատարանի վճռի ու դրա հիման վրա տրված կատարողական թերթի շրջանակում: Այստեղ «օգնության» են գալիս հարկադիր կատարման աշխատակիցները' օրինականության քողի տակ ծավալած իրենց գործողություններով: Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Արմավիրի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարող ժորա Սմբատյանին կատարողական թերթի բովանդակությունը փաստացի ոչինչ չէր ասում, եւ, հավանաբար նա չի կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ իր գործողությունները պետք է եզրափակի պարտապանից` «Կոմպլեքս» ՍՊԸ-ից հօգուտ պետբյուջեի 4000 դրամ բռնագանձելով»: Կատարողական վարույթ հարուցելու որոշումից բաց թողնելով կատարողական թերթում ամրագրված վճռի այդ մասը' նա նպատակահարմար է գտել դատարանի վճիռը լրացնել «եւ հողերը վերադարձնել օրինական տերերին» տողով:

Այդ իսկ պատճառով 99 թ. հունիսի 10-ին ԴԱՀԿԱ ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները պետի տեղակալ Ժ. Սմբատյանի գլխավորությամբ թիվ 209 կատարողական թերթի, գործողությունները կատարելիս, այցելել են վիճահարույց հողատարածքը: «Նշված տարածքում համապատասխան` մարզպետարանի կողմից կազմված հատակագծի' հողատարածքները վերադարձվեցին գյուղերին: Միաժամանակ, մարզպետարանի կողմից ժամանած մասնագետները կազմեցին արձանագրություն հողատարածքում ցանված բոլոր կուլտուրաների մասին: Հողատարածքում աշխատող գյուղացիներին պարզաբանեցինք վճռի էությունը եւ նրանց հետագա գործընթացը: Նրանց տրվեց երեք օր ժամանակ, որպեսզի պայմանագիր կնքեն գյուղապետարանների հետ: Բացատրվեց, որ չկնքելու դեպքում հողօգտագործումը կդիտվի հողի ապօրինի զավթում»,-արձանագրել են հարկադիր կատարողները:

Վճռի շրջանակից դուրս գալով, ակնհայտորեն գերազանցելով իրենց լիազորությունները' նրանք, ինչպես արձանագրության մեջ են գրում, հողատարածքներ են վերադարձրել գյուղերին «մարզպետարանի կողմից կազմված հատակագծով»: Իհարկե, անվանապես չնշելով, թե նրանցից ու՞մ, քանի՞ հեկտար են հատկացրել, որովհետեւ դատարանի վճռով նրանց հող բաժանելու իրավունք չէր տրված:

«Հարկադիր կատարողներն զբաղվել են ինքնիրավչությամբ, հարկադիր կատարման մարմինն իր գործունեությունը ծավալում է ուժի մեջ մտած վճռի հիման վրա հանված կատարողական թերթով եւ կատարողական վարույթը չի կարող դուրս գալ վճռով սահմանված ծավալներից»,-սա իրավաբանի գնահատականն է կատարվածին:

Սակայն, Ա. Մելքոնյանի պարզաբանման պահանջներին հարկադիր կատարման աշխատակիցները պատասխանել են իրենց գործն իմացողի նման` շարունակել են հոխորտալ օրենքը վկայակոչելով. «Զգուշացնում ենք, որ Ձեր կողմից պարտավոտւթյունների կատարման շարունակման դեպքում, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին «ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին կետի, Դուք կենթարկվեք տուգանքի»:

Կատարողական վարույթը կարճվել է 11.06.99թ-ին, սակայն փաստացի հարկադիր կատարողները շարունակել են իրենց ապօրինի գործողությունները հողատարածքում: Թե ի՞նչ ունեին անելու այնտեղ վարույթը կարճելուց վեց օր հետո` այնքան էլ պարզ չէ, սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 18. 06. 99 թ. որոշել է, որ «զանցառու» Ա. Մելքոնյանը խանգարել է նրանց, այդ պատճառով 7 օրվա վարչական կալանքի է ենթարկել նրան: «Արամ Մելքոնյանը 17. 06. ՑՑ թ., ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ գտնվող հողատարածքում հողի բաժանման կապակցությամբ վիճաբանել է հարկադիր կատարման ծառայության եւ ՆԳ աշխատակիցների հետ, տվել հայհոյանքներ, զազրախոսել ու չի կատարել ՆԳ աշխատակիցների օրինական պահանջները, որի համար նույն օրը, ժամը 14- 20 րոպեին, բերման է ենթարկվել Արմավիրի ՆԳ բաժին»:

Նույն «մեղքի» համար դատարանը 2000 թ. փետրվարի 11-ին վարչական տույժի է ենթարկել Ա. Մելքոնյանի կնոջն ու քրոջը: «ՍԵդա Մելքոնյանին եւ Վալյա Մելքոնյանին ենթարկել վարչական տուգանքի 1000 դրամի չափով, քանի որ նրանք Եղեգնուտ գյուղի դաշտում վիճաբանել են միլիցիայի աշխատակիցների հետ, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, խանգարել են նրանց աշխատանքը մոտ 10 րոպե»,-որոշել է դատարանը:

Մինչ այդ, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով նրա կինը` Սեդա Մելքոնյանը, 2000 թ. մարտի 3-ին դատապարտվել էր ուղղիչ աշխատանքների 2 ամիս ժամանակով` ամսեկան վաստակի 5% պահումով, պատիժը կրելով իր աշխատանքի վայրում` Հայկավան գյուղի միջնակարգ դպրոցում: Մելքոնյանի վարքի հսկողությունը դրվել է Արմավիրի մարզի ՆԳ բաժնի վրա: Այն ՆԳ բաժնի, որի ապօրինի գործողությունները կանխելու փորձի արդյունքում Սեդա Մելքոնյանը դատապարտվեց եւ մի քանի անգամ ենթարկվեց վարչական տույժերի:

Դեպքերին նախորդած օրերին Արմավիրի մարզի դատախազ Ա. Մկրտչյանին ուղղված դիմումում Սեդա Մելքոնյանը գրում է. «Ինչպես Ձեզ հայտնի է, հուլիսի 7-ին «Կոմպլեքս» ՍՊԸ-ին պատկանող դաշտ են ներխուժել կողոպտիչներ` Գառնիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոնք գործել են փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանի հրահանգով եւ գողացել են ընկերությանը պատկանող ցորենի կեսը: Մեր բողոքներն ապարդյուն անցան, մինչդեռ սույն կողոպտիչները հուլիսի 10-ին կրկին դաշտ եկան, որպեսզի գողանան մնացած ցորենը: Դուք երեւի հիշում եք մեր աշխատակիցների կազմակերպած խաղաղ ցույցը, որով պահանջում էինք պատժել հիշյալ կողոպտիչ խմբի անդամներին եւ վերադարձնել գողունը: Սակայն, միանգամայն անսպասելի եւ ի զարմանս մեզ, քննչական խումբը գործին այլ ընթացք է տվել»:

«Այլ ընթացքը» ներկայացնենք ըստ դատավճռի. «99թ. հուլիսի 10-ին «ամբաստանյալ Գառնիկ Մարտիրոսյանը (նախկինում դատված, ներկայումս դարձյալ ազատազրկման մեջ է գտնվում)կազմակերպել է վարձակալությամբ իրեն հանձնված հողատարածքների ցորենը կոմբայնով քաղելու եւ տեղափոխելու աշխատանքները, իսկ նույն հողատարածքների նախկին վարձակալ, տուժող Ա. Մելքոնյանը կանգնել է կոմբայնի առջեւ եւ դրանով իսկ խոչընդոտել ցորենը հնձելու եւ տեղափոխելու աշխատանքները: Այս հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամբաստանյալ Գ. Մարտիրոսյանը բռունցքով դիտավորյալ հարվածելով Ա. Մելքոնյանի դեմքի քիթ-ճակատային հատվածին` պատճառել է նրան առանց առողջության կարճատել քայքայման մարմնական թեթեւ վնասվածք:

Իմանալով վերոհիշյալ միջադեպի մասին` տուժողի կին Աեդա Մելքոնյանը անմիջապես եկել է դեպքի վայր եւ այնտեղ չտեսնելով իր ամուսնուն ու կասկածելով, որ Գ. Մարտիրոսյանը կարող է նրան ծանր վնասվածքներ հասցրած կամ դանակահարած լինի` իր ձեռքի թաքուջակ կոչվող քաղհանի գործիքով հարվածներ է հասցրել Գ. Մարտիրոսյանին` պատճառելով նրան առողջությունը կարճատեւ քայքայող մարմնական թեթեւ վնասվածք»:

Երբ իմ դեմ մեղադրանք առաջադրվեց եւ քննիչը ծանոթացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ես, որպես այս պետության երջանիկ ապագան երազող քաղաքացի, ցավ զգացի ու ամոթ, որ հնարավոր է իրականության այդպիսի խեղաթյուրում: Պարզ է, որ պետություն չենք կառուցի, քանի դեռ հնարավոր է, որ բժիշկը կեղծ եզրակացություն տա, քննիչը կեղծ քննություն անցկացնի, փոխմարզպետն ունենա ոչ միայն իր պատվերները կատարող բանդա, այլեւ իր ազդեցության տակ պահի եւ իր շահերին ու քմահաճույքներին ծառայեցնի ողջ մարզի իրավապահ օրգաններին, քննչական բաժնին»,-ասում է Սեդա Մելքոնյանը:

Ինչեւէ, մարզպետարանում փորձեցին մեզ հավատացնել, որ հողի նոր վարձակալներն իրենց ցորենն են հնձել, ոչ թե «Կոմպլեքս» ՍՊԸ-ի, որի համար էլ, ինչպես փոխմարզպետն արտահայտվեց, պատասխանատվության են ենթարկել «խեղճ տղուն, երկրապահ տղա էր»` նկատի ունենալով Գառնիկ Մարտիրոսյանին, որի նկատմամբ քրեական վարույթը դատավճռով կարճվել է: Ավելին, հայտնեց, որ դատավարության ընթացքում Ա. Մելքոնյանը «մանր ժուլիկությունների» էր դիմում, որպեսզի բերքը հասունանար ու հավաքեր: «Ավելի քան համոզված եմ, որ այստեղ խախտում չի եղել»,-ավելացրեց փոխմարզպետը:

Նա թերեւս մոռացել էր, որ պատասխանատվության ենթարկվածը Սեդա Մելքոնյանն է եղել, ոչ թե «խեղճ տղեն»: Մարզպետարանի աշխատակիցները «մոռացել» էին եւս մի կարեւոր հանգամանք, դատարանի վճիռը կայացվել էր 99 թ. մայիսի 6-ին, իսկ «նոր վարձակալը» պարզապես չէր կարող այդ կարճ ժամանակամիջոցում ընդամենը երկու ամսվա ընթացքում, հողը վարձակալել, ցորեն ցանել եւ հասունացած բերքը հնձել, քանի որ կռիվը տեղի է ունեցել 99 թ. հուլիսի 10-ին:

Մարզպետարանում չընդունեցին նաեւ հարկադիր կատարման աշխատակիցների ու ոստիկանության միջամտության փաստը: Քանի որ մարզպետն ու փոխմարզպետը կտրականապես հերքեցին «Կոմպլեքս» ՍՊԸ-ի բերքը հնձելու վերաբերյալ մեր բոլոր հարցադրումները` մնում է հատվածներ ներկայացնել այն դիմումներից, որոնք ժամանակին ՍՊԸ-ի տնօրենն ու նրա կինը հղել են իրավապահ մարմիններին ու գործադիր իշխանության տարբեր օղակներին հասցեագրված տասնյակ բողոքներում:

«Մարզային ոստիկանության աշխատակիցները պետի` Աշոտ Ղուկասյանի հրահանգով, առանց հարկադիր կատարման աշխատակիցների ու վտարման թերթի, մտել են մշակված ու ցանված դաշտերը, ինձ եւ իմ աշխատակիցներին դուրս են հանել եւ աճեցրած բերքն ու բարիքը մարզպետի հետ վերաբաժանել իրենց կողմից հովանավորվող մարդկանց ու խուլիգանական խմբերի միջեւ: Ավելին, ոգեւորվելով անպատժելիությունից, հանցագործներն այս աշնանը, սկսած սերպտեմբերի 22-ից, ապօրինաբար մտել են ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով տրված 27 հա հողատարածքը եւ կատարել ապօրինի վար` նախապատրաստվելով ցանքսի»,-գրում է Ա. Մելքոնյանը:

«Չբավարարվելով մեր կողմից ցանված մոտ 100 հա առվույտի դաշտերը վաճառելուց, 99 թ. հուլիսի 3-11-ը Հայկավանի եւ Արգավանդի գյուղապետերի հովանավորությամբ եւ անմիջական աջակցությամբ դաշտ են մտել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչներ Աշոտ Խուրշուդյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը, Արգավանդ գյուղի բնակիչ Մխիթար Դանիելյանը, Այգեշատ գյուղի բնակչուհի Լենա Գեւորգյանը, գողացել են «Կոմպլեքս» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով տրված 23 հա ցորենի բերքը, որտեղ սպասվում էր 80 տոննա ցորեն»:

«Մարզային ոստիկանության պետի, փոխմարզպետի հրահանգով հատուկ կազմակերպված խուլիգանական ջոկատներն սկսել են հնձել մեր աճեցրած 23 հա ցորենը եւ 40-50 հա առվույտը, ընդ որում մի մասը մինչեւ վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումը»:

«Դատարանի վճիռը «Կոմպլեքս» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքերին չի վերաբերում»

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողային պետական տեսչության մասնագետների եզրակացությամբ, վիճելի հողատարածքը ժամանակավոր օգտագործման էր հանձնվել 10 տնտեսություններին, որը նրանք 91 թ.-ից չեն մշակել: 94թ.-ին գրավոր հրաժարվել են հողերից եւ որոշվել է դրանք մրցութային կարգով հանձնել վարձակալության: Դատախազությունը մրցույթն ապօրինի է համարել` պնդելով, որ գյուղապետերը չեն մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս հավաստում են, որ իրենց մասնակցությամբ ու համաձայնությամբ են հողերը վարձակալության տրվել «Կոմպլեքս» ՍՊԸ-ին: Գյուղնախարարության մասնագետները փաստում են, որ դատարանի վճիռն, իրոք, Արամ Մելքոնյանի վարձակալած հողատարածքին չի վերաբերում: Մարզպետարանում մտածում են, որ սխալների պատասխանատվությունը պետք է կրի դատարանը:

Արամ Մելքոնյանը շարունակում է բողոքներ գրել իշխանության բոլոր օղակներին, ամենատարբեր ատյաններին' ՀՀ գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության եւ ՆԳ նախարարներին, ՀՀ կառավարության վերահսկողական ծառայությանը, ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետին եւ այլն: Վերջինիս պատասխանելով' ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողային պետական տեսչության մասնագետները հայտնում են, որ «Կոմպլեքս» ՍՊԸ-ի տնօրենի 15. 08. 2000 թ. եւ 16. 01. 2001 թ. դիմումում բերված փաստերի իսկությունն ստուգելու նպատակով երկրորդ անգամ են ուսումնասիրել հողատարածքի շարժը:

Հողային պետական տեսչության պետ Գ. Հակոբյանը առնվազն երկու գրությամբ պատասխանում է. «ՀՀ կառավարության 12. 08. 88 թ .թիվ 432 որոշումով տնտեսություններին ամրացված հողերը ժամանակավոր են եւ 94 թ. ՀՀ Արմավիրի ժող.պատգամավորների շրջխորհրդի կնքած պայմանագիրը «Կոմպլեքս» ՍՊԸ-ի հետ լրիվ օրինական է:

 Այնուհետեւ, ուսումնասիրելով «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող 507 հա վարելահողերի հողօգտագործման կատեգորիայի փոփոխությունն սկսած 86 թ.-ից, վերը նշված մասնագետները պարզել են, որ Հոկտեմբերյանի շրջգործկոմի 88 թ. որոշումով 219 հա (իրականում` 205.7 հա) հողերը ժամանակավոր օգտագործման են հանձնվել 8 կոլտնտեսություններին եւ 2 պետական ձեռնարկություններին: Մնացած 18.3 հա վարելահողերը, գտնվելով Հայկավանի կոլտնտեսությանը ժամանակավոր հատկացված 22.8 հա վարելահողի հետ նույն հողակտորում, մինչեւ «Կոմպլեքս» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիր կնքելը, առանց հատկացման, պարզապես օգտագործել է Հայկավանի կոլտնտեսությունը (տես աղյուսակ N1):

Ե զ ր ա կ ա ց ո ւ թ յ ո ւ ն

1. Արմավիրի մարզի նշված 8 գյուղխորհուրդները եւ 2 պետական ձեռնարկություններն ընդհանրապես Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում պահուստային ֆոնդի հողեր ունենալ չէին կարող, քանի որ նրանց վերաբերյալ բոլոր որոշումներով հողհատկացումները ժամանակավոր են եղել:

2. Արմավիրի ժող. պատգամավորների շրջանային խորհրդի եւ «Կոմպլեքս» ՍՊԸ-ի միջեւ կնքված 02. 03. 95 թ. ի պայմանագիրը «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքից 219 հա վարելահողերի վարձակալելու վերաբերյալ, լրիվ բխում է ՀՀ կառավարության 09. 03. 94 թ.-ի # 108 որոշման կետերի պահանջներից եւ հողային օրենսգրքի 7, 8, 13, 30, 31, 57 հոդվածներից եւ 22 հոդվածի 1-ին կետերից:

3. ՀՀ տնտ. գործերով վերաքննիչ դատարանի 06. 05. 99 թ.-ի վճիռը չի վերաբերում «Կոմպլեքս» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքներին:

 

շարունակությունը տես այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter