Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մխիթարյանին ու նրա թիմին պակասում է կայունությունը



Հայաստանի հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» դրական տեղաշարժ կարող ենք համարել թեկուզ միայն այն բանի համար, որ Արսեն Վենգերի թիմի խաղաոճն ավելի շատ է համապատասխանում նրան, քան Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդինը»:

Ի տարբերություն Մոուրինյայի սաների՝ լոնդոնցիներն ավելի շատ նախընտրում են խաղն «առաջին հարկում»՝ արագ եւ կտրող փոխանցումներ, կոմբինացիոն գրոհներ ամբողջ ճակատով, սուր հակագրոհներ: Այստեղ չկա առաջ քաշված այն հարձակվող լիդերը («կարմիր սատանաների» կազմում այդպիսին էր Իբրահիմովիչը, այժմ էլ՝ Լուկակուն), որի ուղղությամբ խորքից պարբերաբար հետեւում են միօրինակ երկար օդային փոխանցումներ, «Արսենալում» շեշտը դրված է թիմային գործողությունների վրա, իսկ դա Հենրիխի տարերքն է:

Մրցանակային «քաղց»

Արսեն Վենգերի թիմի ամենաարտահայտված թույլ կողմը անկայունությունն է, ինչի պատճառով «Արսենալը», լինելով Անգլիայի առաջնության թոփ թիմերից մեկը, ոչ միշտ է մրցանակներ նվաճում: Իր պատմության ընթացքում «Արսենալը» 13 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Լիգայի գավաթը, 13 անգամ (սա ռեկորդ է)՝ Անգլիայի գավաթը, 15 անգամ էլ՝ սուպերգավաթը: Արսեն Վենգերը թիմը ղեկավարում է 1996-ից, նրա օրոք թիմը 3 անգամ դարձել է չեմպիոն, սակայն դա եղել է 1997/98, 2001/02 եւ 2003/04 մրցաշրջաններում: Պատահական չէ, որ վերջին տարիներին «զինագործների» երկրպագուների մի ստվար զանգված պարբերաբար պահանջում էր ֆրանսիացու հրաժարականը: Կարելի է չկասկածել, որ եթե այս մրցաշրջանում էլ թիմը որեւէ մրցանակ չնվաճի, Վենգերի գլխին իսկական կարկուտ է թափվելու, չնայած նրա պայմանագրի ժամկետը մինչեւ 2019 թ. է:

Այդուհանդերձ, «Արսենալն» ավելի շատ գավաթային թիմ է: Աշխարհի ամենահին ֆուտբոլային մրցաշարում ռեկորդային 13 հաղթանակից 7-ը թիմը տարել է Վենգերի գլխավորությամբ: Լոնդոնցիները գործող գավաթակիրներն են, սակայն այս մրցաշրջանում արդեն դուրս են մնացել հետագա պայքարից: «Արսենալն» անհաջողակ է եվրոպական ասպարեզում. միայն մեկ անգամ՝ 1993/94 մրցաշրջանում է շահել ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը, որն այլեւս չի խաղարկվում: Վերջին մեծ հաջողությունը 2005/06-ում էր, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում լոնդոնցիները 1-2 հաշվով զիջեցին «Բարսելոնային»:  

«Արսենալ» տեղափոխվելուց առաջ լուրեր տարածվեցին, որ Մխիթարյանը տատանվում է, քանի որ, ըստ նրա, ակումբը թույլ է: Դժվար է ասել՝ արդյոք Հենրիխն իսկապես նման կարծիքի է եղել, սակայն, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Շատ հեռուն գնալ պետք չէ. «Արսենալից» բազմաթիվ հայտնի խաղացողներ հեռացել են մրցանակներ նվաճելու բնական ցանկությամբ: Նույն Ալեքսիս Սանչեսը, որին փոխանակեցին Հենոյի հետ, ակնարկեց, որ հեռացել է այս պատճառով, ինչպես ժամանակին արել է «զինագործների» աստղ Անրին (վերջինս, ամեն դեպքում, Լոնդոնում հասցրել էր 2-ական անգամ նվաճել չեմպիոնի կոչումը, երկրի գավաթն ու սուպերգավաթը, բայց դա էլ եղել էր թիմի «ոսկե դարաշրջանում»՝ 2000-ականների սկզբին):

Մանչեսթերյան փակուղին

Իհարկե, տիտղոսների քանակով լոնդոնցիները հեռու են մանկունիանցիներից, սակայն գոնե այս պահին խաղի դիտարժանությամբ գերազանցում են պրագմատիկ ֆուտբոլ դավանող Մոուրինյոյի սաներին, բացի դրանից՝ վերջիններիս ճամբարում ստեղծված իրավիճակը Մխիթարյանի համար փակուղային էր, միակ ելքը՝ հեռանալը:

Իսկ փակուղային իրավիճակը մի քանի պատճառ ուներ: Առաջինը՝ հենց Հենրիխի անկայուն խաղն էր: Առաջնության մեկնարկային 3 խաղում նա 5 գոլային փոխանցում կատարեց՝ կրկնելով նախկին ռեկորդը, սակայն դրանից հետո արգելակեց: «ՄՅՈւ»-ում իր առաջին մրցաշրջանում նմանատիպ պատկեր էր՝ դժվար մեկնարկից հետո միայն աշնանային փուլի վերջնահատվածում Մխիթարյանը հարմարվեց անգլիական խաղային միջավայրին, սակայն, միեւնույնն է, Մոուրինյոն գոհ էր միայն Եվրոպայի լիգայում նրա ելույթներից (Հենոն այս մրցաշարում 6 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն եւ օգնեց նվաճել հաղթողի կոչումը): Ընթացիկ մրցաշրջանում էլ պորտուգալացի «Յուրահատուկը» խիստ դժգոհ էր, մասնավորապես, հայ խաղացողի պաշտպանական գործողություններից: Թիմի կազմից տեւական ժամանակ դուրս մնալուց հետո Հենրիխը վերադարձավ ոչ այնպես, ինչպես ակնկալում էին երկրպագուները: Թվում էր, թե նա կորցրել է ինքնավստահությունը. կարելի է միայն հիշել, թե  որքան անփույթ եզրային փոխանցումներ էր կատարում գրոհների վերջնահատվածում կամ որքան անվստահ էր մենապայքարներում: Ընդ որում՝ առաջին խնդիրն առկա էր նաեւ «Տոտենհեմի» հետ «Արսենալի» վերջին խաղում: Մյուս կողմից՝ նկատելի է, որ Հենոն որոշակի բարելավել է օդային մենապայքարներում գլխով խաղը: Եթե «ՄՅՈւ»-ում հարձակվելիս կամ պաշտպանվելիս ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ նա հերթապահում էր տուգանայինի մատույցներում, ապա հիմա անմիջականորեն ներգրավվում է պայքարին:   

Իր խաղացողներից առավելագույնը քամելուն սովոր Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին չտվեց երկրորդ հնարավորությունը՝ ըստ էության, վերջնականապես կորցնելով նրա հանդեպ հավատը: Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում նա Հենոյի օրինակն էր բերել պաշտպան Լյուկ Շոուին. «Շոուն ունի շատ լավ կողմեր, բայց մի բան է ունենալ այդ հնարավորությունները, եւ ուրիշ՝ ցուցադրել դրանք խաղադաշտում: Պետք է շարունակի աշխատել, ինչպես երկար ժամանակ աշխատել է Մխիթարյանը»: Փաստ է, որ եթե հայ ֆուտբոլիստը դաշտում ցուցադրեր իր ամբողջ պոտենցիալը, անկախ միջանձնային խնդիրներից՝ պորտուգալացին եւ, ընդհանրապես, ոչ մի մարզիչ պարզապես չէր համարձակվի նրան կազմից դուրս թողնել. դա կհակասեր թե՛ թիմի, թե՛ մարզչի շահերին: Մյուս կողմից՝ «կարմիր սատանաների» երկրպագուներն ուղղակի մամլիչի տակ կգցեին «Յուրահատուկին», բայց անցյալ տարեվերջին Մխիթարյանի վերաբերյալ նրանց ջրերը մի առվով էին հոսում:

Մանչեսթերյան փակուղու երկրորդ պատճառը մարզչի աշխատաոճն է: Մոուրինյոն գուցե լավ ստրատեգ ու տակտիկ է, բայց հոգեբան չէ, այդպիսին լինելու դեպքում թիմի ներքին խոհանոցի գաղտնիքները լրագրողների առաջ չէր բացի, ֆուտբոլիստներին հրապարակավ այդքան չէր քննադատի: Պորտուգալացին նախընտրում է ճնշման մեթոդով խաղացողից քաղել առավելագույնը, նրան դրդել բազմապատկել ճիգերը: Մխիթարյանի նախկին մարզիչներից հատկապես Տուխելն ու Կլոպը շեշտը դնում էին ֆուտբոլիստին ոգեւորելու, թեւեր տալու միջոցով գլխից վեր ցատկելու վրա: Տուխելը նույնիսկ գիրք էր նվիրել ֆուտբոլիստին, որը, Հենոյի խոստովանությամբ, հոգեբանական տեսանկյունից շատ էր օգնել իրեն: Այս գերմանացիների շնորհիվ Հենրիխը ցուցադրեց իր մեծ ներուժը՝ դառնալով Եվրոպայի լավագույն ասիստենտներից մեկը (2015/16 մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում նա 23 գոլ խփեց ու 32 արդյունավետ փոխանցում կատարեց):

Դեռ «ՄՅՈւ»-ում խաղալու ընթացքում կարծիքներ հնչեցին, որ Մխիթարյանը չգնահատված ֆուտբոլիստ է (խոսքը գումարի մասին չէ): Դժվար է այս գնահատականի հետ չհամաձայնել, քանի որ նույն «կարմիր սատանաների» կազմում կան գերագնահատված ֆուտբոլիստներ, որոնցից լավագույն օրինակը 105 մլն եվրո արժեցած Պոգբան է: «ՄՅՈւ»-ի ու «Արսենալի» տարբերություններից մեկն էլ այն է, որ Մոուրինյոն ունի ֆավորիտ խաղացողներ, ինչպիսիք են Պոգբան ու Մատիչը. շռայլ գովաբանություններ նրանց հասցեին շատ ենք լսել: «Արսենալում», որքան էլ լավը լինի ֆուտբոլիստը, մարզչի կողմից (թեկուզ ենթագիտակցորեն) հրապարակավ խզվածք չի դրվում խաղացողների միջեւ: Մոուրինյոյի դավանած ֆուտբոլը կարելի է պատկերել հենց այս երկու ատլետիկ կենտրոնականների տեսքով, որոնք դարձել են մանկունիանցիների ողնաշարը: Նկատենք տարբերությունը՝ եթե «Արսենալում» այդպիսին է համեմատաբար փոքրամարմին, բայց տեխնիկապես ու փոխանցման որակով աչքի ընկնող Օզիլը, «Տոտենհենում»՝ նմանապես առանձնացող Էրիկսենը, «Ռեալում»՝ Մոդրիչը, ապա «Յունայթեդում» թիմի առանցքը «գիգանտներն» են:  

Հենրիխի ֆենոմենը

Մխիթարյանի անցած ճանապարհը հուշում է, որ նոր ակումբում նա իր բարձրակետին է հասնում երրորդ մրցաշրջանում. այդպես եղավ Դոնեցկի «Շախտյորում», որտեղ երրորդ տարում հայ խաղացողը 25 գոլով ոչ միայն դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, այլեւ ռեկորդ սահմանեց: «Բորուսիայում» էլ Մխիթարյան-Օբամեյանգ-Ռոյս տանդեմը փայլեց երրորդ տարում: Չնայած Մանչեսթերում առկա դժվարություններին՝ չի բացառվում, որ Հենոն այստեղ էլ «բացվեր» առաջիկայում, բայց նրան այդ հնարավորությունը չտրվեց, նրան չհավատացին:

«Արսենալ» կամ «Լիվերպուլ»

Իմ կարծիքով՝ շատ լավ էր, որ Մխիթարյանը չտեղափոխվեց Միլանի «Ինտեր», որի մասին այդքան խոսվում էր: Չնայած ո՛չ «Արսենալի», ո՛չ էլ «Ինտերի» երկրպագու չեմ, այդուհանդերձ, Անգլիայի ու Իտալիայի առաջնություններում տարիներ շարունակ հենց նրանց եմ համակրել: Խնդիրն այն է, որ ներկայում Իտալիայի «Ա» սերիան իր մակարդակով զիջում է ԱՊԼ-ին: «Նապոլին» ու ավանդական առաջատար «Յուվենտուսը» մի գլուխ բարձր են մյուսներից, այնինչ Անգլիայում ոչ միայն թոփ թիմերն են շատ, այլեւ ընդհանուր պայքարն է թեժ, ու դժվար է կանխատեսել ցանկացած հանդիպման ելք:   

ԱՊԼ-ում առաջատար ակումբներից Հենրիխի խաղաոճին ամենաշատը, թերեւս, հենց «Արսենալն» ու «Լիվերպուլն» են համապատասխանում: Վենգերի ու Կլոպի թիմերը տեմպային խաղ են ցուցադրում, որտեղ շեշտը դրված է թիմային գործողությունների վրա: Կարելի է առանձնացնել նաեւ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին» եւ Պոչետինոյի «Տոտենհեմին», բայց իսպանացու եւ արգենտինացու ձեռագիրը մի փոքր այլ է: Հիշեցնենք, որ 2013-ին «Շախյտորի» առաջատար դարձած Հենրիխը «Բորուսիայի» փոխարեն կարող էր «Լիվերպուլ» փոխադրվել, սակայն գումարային տարաձայնություններ եղան:  

«Արսենալը» կարող է դառնալ թե՛ ցատկահարթակ, թե՛ կարիերայի գագաթնակետ

Ինչ վերաբերում է ներկային, ապա հայ խաղացողը «Արսենալին» վերջնականապես ինտեգրվելու խնդիր ունի դեռ: Այո, նա 3 գոլային փոխանցում կատարեց «Էվերթոնի» հետ իր երկրորդ խաղում՝ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դրանց թիվը հասցնելով 8-ի, բայց կարգով ավելի բարձր «Տոտենհեմի» հետ մրցավեճը ցույց տվեց, որ Վենգերը չի կողմնորոշվել խաղացողի վերջնական դիրքի հարցում: Իրականում իր ունիվերսալությամբ հայտնի Հենրիխի թիվ մեկ թշնամին կարող է դառնալ դիրքային կաղապարը: Մխիթարյանը սիրում է տեղաշարժվել եզրերով ու հայտնվել կենտրոնում, ընկերների հետ փոխել դիրքը: Մտածող, ստեղծագործող ֆուտբոլիստին պետք է ազատություն տալ: Նա եւ Օզիլը կարող են դառնալ «Արսենալի» երկու շարժիչները (հուսանք, որ այդպես էլ կլինի): Դաշտում այս երկուսի միաժամանակյա ներկայությունը միայն օգտակար է, քանի որ դրանից նախ մեծանում է գրոհի թափն ու որակը, երկրորդ՝ մրցակիցն ավելի մեծ խնդիրների կբախվի՝ փորձելով վերահսկել «զինագործների» ոչ թե մեկ, այլ երկու «ուղեղներին»:

Չնայած Մխիթարյանն ասել է, որ ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունի, ամեն դեպքում, նրա խաղի հանդեպ կասկածներ հայտնողներին, այդ թվում՝ «Արսենալի» երկրպագուներին ու նախկին աստղերից, օրինակ, Իան Ռայթին եւ Էմանուել Պետիին, որոնք թերահավատ են Հենրիխի  օգտակարության վերաբերյալ, հայ ֆուտբոլիստը ցույց տալու բան ունի: Նշվածների թերահավատությունը, ինչպես բնորոշ է սպորտին, միայն լրացուցիչ խթան պիտի լինի Մխիթարյանի համար: Իր ուժերի լավագույն շրջանում գտնվող 29-ամյա խաղացողը Լոնդոնում, կարծես, ունի բոլոր հնարավորությունները՝ Գերմանիայից հետո արդեն Անգլիայում ցույց տալու իր ողջ ներուժն ու գնահատվելու ըստ արժանվույն:

Այս պարագայում եթե նա նույնիսկ մրցանակ չնվաճի իր պատանեկության երազանքի թիմում (ինչը միայն իրենից չի կախված), ապա կկարողանա տեղափոխվել որեւէ այլ բարձրակարգ ակումբ: «Արսենալը» վերջին տարիներին յուրօրինակ ցատկահարթակ է դարձել տաղանդավոր խաղացողների համար, որոնք այստեղ «բացվում» ու բացահայտվում են, ապա պատշաճ գներով տեղափոխվում այլ թիմեր:

Մյուս կողմից, եթե Վենգերի շտաբը առաջիկայում բարձրակարգ պաշտպաններ ու դարպասապահ գնի եւ ցեմենտի թիմի խաղը, մասնավորապես, թիկունքում, բոլոր նախադրյալները կստեղծվեն, որ «զինագործները» 2000-ականներից հետո մրցանակներով հարուստ երկրորդ «ոսկե» փուլը անցկացնեն: Հենց դա էլ գուցե դառնա Մխիթարյանի կարիերայի բարձրակետը:   

Լուսանկարները՝ arsenal.com-ի, manutd.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ