Կիրակի, 23 սեպտեմբերի

Առաջին վարչական տուգանքը՝ նախազգուշացում․ նախարարության առաջարկը



Տնտեսական զարգացման և ներդումների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում՝ նախատեսելով տնտեսվարողների համար ավելի մեղմ պայմաններ։

Ըստ նախարարության հիմնավորման՝ փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը՝ որպես վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Նախարարությունն առաջարկում է ամրագրել, որ հայտարարագիրը, հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ՝ բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում։ Գործող օրենսդրութամբ՝ նման խախտման համար նշանակվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով: Ըստ նախագծի՝ նախազգուշացվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն պարտականության չկատարելը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև օրենսգրքի 170․3 հոդվածում, ըստ որի՝ հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելն առաջացնում է նախազգուշացում։ Գործող կարգավորմամբ՝ այն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նախագծում նշվում է նաև, որ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո երեսնօրյա ժամկետում այն պարտավորության չկատարումը, որի համար նշանակվել էր վարչական տույժ, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից, ապա ուղարկվի խորհրդարան։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ