Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սամվել Կարապետյանի օդանավը փոխադրել է նաեւ Սերժ Սարգսյանին



Պարզվում է՝ գործարար Սամվել Կարապետյանի բիզնես դասի օդանավը ծառայություններ է մատուցել ոչ միայն վարչապետ Կարեն Կարապետյանին, այլեւ նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս փաստը ֆիքսել ենք մեր ընթերցողներից մեկի հուշումից հետո, ով հայտնեց, որ մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացված օդանավը տեսել է նախկինում, երբ հեռուստացույցով դիտել է Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցի մասին ռեպորտաժը:

Այսպես՝ նախագահի կայքը 2017-ի հուլիսի 24-ին հայտնել է, որ «Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը եւ աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը»:

President.am-ում կարող ենք տեսնել Թեհրանում Սերժ Սարգսյանի պատվիրակության դիմավորման արարողության լուսանկարները, որոնցում հստակ երեւում է գործարար Սամվել Կարապետյանի մասնավոր ինքնաթիռը՝ գրանցման 9H-SSK համարով:

Շեշտենք, որ անկախությունից ի վեր ՀՀ նախագահներն իրենց սպասարկող ինքնաթիռներ ունեն: Դրանց մասին «Հետքը» գրել է: 2007-ի վերջերից երկրի ղեկավարին, երբեմն՝ նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, սպասարկում է «Airbus A319-132» օդանավը, որը մինչեւ 2014 թ. կրում էր EK-RA01 քաղաքացիական գրանցման համարը, ապա դարձավ ռազմական բորտ՝ 701 համարի ներքո: Փաստորեն, Ս. Սարգսյանին Իրան է տեղափոխել ոչ թե նախագահական բորտը, այլ Հայաստանի խոշոր բիզնեսմեններից մեկի անձնական օդանավը:  

Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանից հետաքրքրվել էինք, թե ինչու է երկրի ղեկավարն օգտվել Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի օդանավի ծառայություններից, եթե ունի իր բորտը: Միաժամանակ հարցրել էինք, թե արդյոք գործարարի ինքնաթիռով է նաեւ Սարգսյանը մեկնել արտերկիր՝ հանգստի, ինչպես նաեւ վերադարձել Իրանից:

Մեր հարցմանը պատասխանել է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: «2017 թ. օգոստոսի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցից առաջ եւ հետո Հանրապետության նախագահը գտնվել է արձակուրդում, որի մի մասն անցկացրել է արտերկրում,- հայտնել է Մ. Հարությունյանը, ապա հավելել,- նախագահ Սերժ Սարգսյանը արտերկիր մեկնել եւ Հայաստան է վերադարձել նախագահին սպասարկող ինքնաթիռով (խոսքը 701 բորտի մասին է- հեղ.): Արձակուրդում գտնվելու ընթացքում Հանրապետության նախագահին սպասարկող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել շահագործել, ուստի Իրան մեկնելու համար օգտագործվել է այլ տրանսպորտային միջոց»:

Հարցրել էինք նաեւ, թե արդյոք նախագահի աշխատակազմը կամ այլ պետական մարմին պետբյուջեից վճարում է կատարել մատուցված ծառայության դիմաց: Շեշտենք՝ ոչ թե վճարի չափով էինք հետաքրքրվել, այլ վճարել-չվճարելու փաստով:

Մերի Հարությունյանը պատասխանել է. «Նկատի առնելով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց (Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի) արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման մասին տեղեկությունները, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները, ի թիվս այլ տեղեկությունների, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում՝ Ձեր կողմից հայցվող եւ օրենքի վերոնշյալ հոդվածի կարգավորման ներքո գտնվող այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:  

Ինչպես կարելի է նկատել, նախագահականի վարչության պետը հղում է տվել «Գնումների մասին» օրենքին, ինչից պիտի ենթադրենք, որ Ս. Կարապետյանի օդանավի ծառայությունը գնվել է: Համենայն դեպս, այդպես բխում է Մ. Հարությունյանի պատասխանից: Իսկ իրականում տրամաբանական հարց է առաջանում. եթե վարչապետին այս ինքնաթիռն անվճար է փոխադրել, ինչը Կարեն Կարապետյանը չի հերքել, ինչո՞ւ պիտի երկրի ղեկավարին ծառայությունը մատուցվեր վճարի դիմաց (սա ասում ենք ոչ թե օրենքի տեսանկյունից, այլ միջանձնային հարաբերությունների):

Նախագահականին ուղղված գրության մեջ նաեւ նշել էինք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, ու հարցրել, թե արդյոք նախագահի կողմից գործարարի ինքնաթիռից օգտվելու փաստը չի հակասում օրենքին:

«Գնումների մասին» օրենքին հղում տալով՝ նախագահականը, փաստորեն, անուղղակի տվել է այդ հարցի պատասխանը, որը կարելի է այսպես ձեւակերպել՝ ծառայությունը գնվել է, հետեւաբար, խախտում չկա: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ գնում է կատարվել, ապա հարց է ծագում, թե ինչպես է ընտրվել Ս. Կարապետյանի օդանավը (հիշեցնենք, որ այն շահագործում է Մալթայում գրանցված «Emperor Aviation» ընկերությունը, որը հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին), արդյոք հայտարարվել է մրցույթ, թե գնումն իրականացվել է առանց դրա՝ մեկ անձից (եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ): Փաստն այն է, որ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի որոշ ծախսերի մասին վերոնշյալ օրենսդրական դրույթը գերազանց միջոց է նման գնումները հանրային վերահսկողությունից զերծ պահելու համար:  

Լուսանկարները՝ president.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ