HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ռեկտորի կամայականությունները կանխելու նպատակով ՇՊՀ դասախոսը հացադուլ է հայտարարել

Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն այսօր առավոտյան հայտարարել է անժամկետ հացադուլ: Պատճառը, ըստ Հովհաննես Խորիկյանի, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հերթական ապօրինի որոշումն է: Փետրվարի 5-ին սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետում, ըստ բուհի գործող կանոնադրության, հրավիրվել է ֆակուլտետի խորհրդի նիստ բուհի կանոնադրության 98 կետի 3-րդ ենթակետի համաձայն ֆակուլտետի դեկանի ընտրություններ կազմակերպելու նպատակով: ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի ներկայացուցիչները՝ երկու պրոռեկտորն ու բուհի գիտական քարտուղարը, ֆակուլտետի խորհրդի նիստում հայտարարել են, որ տեղի է ունեցել փոփոխություն կանոնադրության մեջ, ըստ որի պետք է ընդամենը քննարկվի դեկանի թեկնածուի հարցը՝ բացառելով ընտրության տարբերակը:

Հովհաննես Խորիկյանի համոզմամբ, ՇՊՀ ռեկտորը, իրեն վեր համարելով բոլոր տեսակի օրենքներից, կամայականություններ է թույլ տալիս: Ռեկտորը միանձնյա որոշել է փոփոխություններ կատարել 2016թ.-ի սեպտեմբերին հաստատված բուհի կանոնադրության մեջ՝ զրկելով ֆակուլտետի խորհդրին փակ, գաղտնի քվեարկությամբ դեկանի ընտրություն կատարելու իրավունքից:

«Ես համարում եմ, որ այն, ինչ հիմա կատարվում է Շիրակի պետական համալսարանում, ապօրինություն է և, սպառելով պարոն Մինասյանի գործունեության դեմ պայքարելու բոլոր ձեւերը, ընտրել եմ հացադուլը»,-նշեց Հովհաննես Խորիկյանը:

Հացադուլը դասախոսը կդադարեցնի միայն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արձագանքից հետո: «Մնալու եմ բուհի իմ աշխատասենյակում այնքան ժամանակ, քանի դեռ հարցը նորմալ լուծում չի ստացել»,-փոխանցեց Հ. Խորիկյանը:

«Հետք»-ն անդրադարձել էր ՇՊՀ-ում անցած ուսումնական տարվա սկզբին ձևավորված հակամարտությանը, երկրի նախագահին ու վարչապետին ուղղված համալսարանի երկու դասախոսների բաց նամակին եւ ուսանողների դասադուլին: Անցած 4,5 ամիսների ընթացքում համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Գագիկ Համբարյանը համացանցում պարբերաբար բարձրաձայնում էր բուհում, իր բնութագրմամբ, կատարվող ապօրինություններն ու «բեսպրեդելը», սակայն դրանք պակասելու փոխարեն, չգիտես ինչու, շատանում են:  

Գագիկ Համբարյան

«Ես ցավում եմ, որ իմ գործընկերն այսպիսի կտրուկ քայլի  է գնացել,- «Հետք»-ի հետ զրույցում նկատեց Գագիկ Համբարյանը,-եթե մեր բարձրաձայնած նախորդ ապօրինություններին տրվեր պատշաճ գնահատական, ապա չեմ կարծում, որ այսօր էս որոշումը որևէ մեկը կայացներ: Այն, ինչ անում է պարոն Մինասյանը, հերթական ապօրինությունն է: Ըստ կանոնադրության 98 կետի 3-րդ ենթակետի` մենք պետք է ընտրենք մեր ֆակուլտետի դեկանին: Կանոնադրության 102-րդ կետում նշվում է, որ դեկանն ընտրվում է գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն, ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ՇՊՀ ռեկտորը՝ սահմանված կարգով կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով: Հիմա ռեկտոր Սահակ Մինասյանը ապօրինի կերպով շրջանցում է այս երկու կետերը և հայտարարում, որ դեկան պետք է ընտրի իրեն ենթակա գիտխորհուրդը»:

Գագիկ Համբարյանն ասում է, որ կանոնադրությունը համալսարանի փոքրիկ Սահմանադրությունն է: Այն հաստատվել է 2016 թ.-ի սեպտեմբերի 22-ին կառավարության կողմից: «Հիմա, որպեսզի պարոն Մինասյանն իր այս ապօրինությանն ու բեսպրեդելին օրինական ուժ տա, երկու օր առաջ կամայական նստել եւ փոփոխության է ենթարկել կանոնադրության 13 կետերը,-հայտնեց Գագիկ Համբարյանը,-ամբողջությամբ փոխելով դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրության կարգը՝ պարոն Մինասյանը համարում է, որ դրանք մասնակի անճշտություններ են եղել: Այսինքն` ինքը, ֆակուլտետի խորհուրդների ձեռքից վերցնում է դեկանի, ամբիոնի վարիչ ընտրելու իրավունքը, տալիս է գիտական խորհրդին և դա անվանում է մասնակի անճշտություն»:

ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին հանդիպել չհաջողվեց, քարտուղարհին փոխանցեց, որ դասի է: Բուհում եղած ժամանակահատվածում, հացադուլ հայտարարած Հովհաննես Խորիկյանին այցելեցին շտապբուժօգնության և ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները: Հովհաննես Խորիկյանի փոխանցմամբ, հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ԿԳ նախարարությունում հարցը չի քննարկվել և չի եղել իրենց պահանջները բավարարող համապատասխան որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter