HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զեյնալյան. «Փաստաբանների պալատ» իրավաբանական անձը կարող է դիմել ՄԻԵԴ՝ շահառուների իրավունքները պաշտպանելու համար

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քաղաքացիական դատավարության» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, ըստ որի դատարանը կարող է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար փաստաբանին դրամական տուգանքի ենթարկել։ Փաթեթի ընդունումից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կոչ արեց փաստաբանների պալատին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդարանի կողմից նման օրենք ընդունելու համար։ Այս մասին «Հետքը» զրուցել է պատգամավորի հետ։

- Պարոն Զեյնալյան, ի՞նչ փաստական հիմք ունեիք նման կոչի համար, որ ՓՊ-ն դիմի ՄԻԵԴ։

- Իմ հայտարարության կոչի փաստական հիմքն այն է, որ առկա է օրենք, որը հավանականություն ունի կիրառվելու փաստաբանների նկատմամբ, հավանականության առկայությունն ինքնին արդեն իրավունքի միջամտություն է, իր մեջ պարունակում է փաստաբանների նկատմամբ կիրառվելու խտրական հիմքեր։ Տարիներ շարունակ նման դրույթ կա, որը կիրառելի է քննիչների և դատախազների նկատմամբ, բայց որևէ անգամ դատարանի կողմից չի կիրառվել։ Սակայն դրան զուգահեռ կա փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, որը շատ ու շատ անգամներ օգտագործվել է քրեական գործերով, այստեղ մենք բարձրացնում ենք ընտրողաբար կիրառելու հարցը, փաստաբաններին թիրախավորելու հարցը, բնականաբար բարձրացվում է նաև դատարանների ոչ անկախ, անաչառ լինելը։ Քրեական գործերով դատարանները կողմնակալ վերաբերմունք ունեն, բազմիցս խոսել ենք այդ մասին, նրանք քննիչի ու դատախազի կողմում են, նրանց թիմում են խաղում, իրենց հակառակորդը փաստաբանն է, և ամենաակտիվն այդ հարցում դատավորն է, փաստաբանների հետ «կռվում է» դատավորը։

- Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է Կառավարության շահը նման փոփոխություններ ներկայացնելիս։

- Նրանք էլ են մյուս կողմում, դատախազների ու քննիչների հետ նույն կողմում են՝ փաստաբաններին ճնշելու համար։

- Ձեր ելույթից հետո ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հակադարձեց, որ իր համար նույնիսկ զարմանալի է պատգամավորների արձագանքը, ըստ որի՝ փաստաբաններին տուգանելը հակասում է եվրոպական կոնվենցիաներին: Ի՞նչ կասեք այս մասին։

- Դա իր տեսակետն է, մեր տեսակետները բազմիցս հակադրվել են, նկատի ունեմ իրավապաշտպանների, որոնք արդեն ՄԻԵԴ-ում դարձել են Հայաստանի դեմ ութ տասնյակի չափ վճիռ, որտեղ էլ հաստատվել են իմ և իրավապաշտպանների տեսակետները։ Դա վեճ է, իհարկե անհավասար վեճ, քանի որ քաղաքական մեծամասնությունը ոչ այնքան գիտական վեճ է վարում, որքան շատի դիրքերից է խոսում։ Մեր տեսակետն է, որ կարելի է չսպառել ներպետական պաշտպանության միջոցները, նույնիսկ չսպասել, որ այն կիրառվի որևէ փաստաբանի նկատմամբ․ մարդիկ արդեն իսկ ունեն իրենց իրավունքները պաշտպանելու իրավունք, սա իմ համոզմունքն է։

- Այսինքն, Ձեր գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք հնարավոր վճիռներն են, այլ փաստաբանների իրավունքների հնարավոր ոտնահարո՞ւմը։

- Եվրոպական դատարանի վճիռն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության գործիք է ու միջոց, ոչ թե՝ մեզ վրա խոսակցություն եկավ, եվրոդատարանը վճիռ կայացրեց, այսքան փող պետք է տանք և այլն։ ՄԻԵԴ-ի վճիռը նշանակում է, որ մարդու իրավունք է խախտվել, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել իր պարտավորությունը։

- Պարոն Զեյնալյան, արդեն հայտնի է, որ ՓՊ-ն դադարեցնում է գործադուլը, Դուք այդ որոշումը կապո՞ւմ եք ճնշումների կամ պայմանավորվածությունների հետ, մամուլում շատ քննարկվեց այն հարցը, որ ՓՊ նախագահի ավտոմեքենան եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց։

- Թույլ տվեք այդ քննարկումներին չմասնակցել, ես ՓՊ անդամ չեմ և փորձում եմ իմ պատգամավորական լիազորություններն օգտագործել այս խնդիրը լուծելու համար: Ես շահագրգռված եմ փաստաբանության ազատությամբ։

- ՄԻԵԴ դիմելու Ձեր կոչին փաստաբաններից արձագանք եղե՞լ է։

- Արձագանքել են, ովքեր գիտեն՝ ինչ եմ ասում և համամիտ են ինձ հետ, որ «Փաստաբանների պալատ» իրավաբանական անձը իր շահառուների իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է դիմել ՄԻԵԴ: Եթե ՓՊ-ն որպես իրավաբանական անձ դա չանի, կարող են ՄԻԵԴ դիմել փաստաբանների խմբեր կամ միավորումներ, իհարկե ավելի տպավորիչ կլինի, եթե դա իրականացնի ՓՊ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter