ՈՒրբաթ, 23 փետրվարի

Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդությունները. մաս 2



մաս 1

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը պլանավորված են ավելի քան 1 տրլն 465 մլրդ դրամ։ Պետական պարտքի գծով տոկոսավճարները «կխլեն» բյուջեի 9.6%-ը կամ 141 մլրդ դրամը։

Հայաստանն ամեն տարի մեծ ծավալի գումարներ է պետական բյուջեից հատկացնում պարտքի գծով տոկոսավճարներին ու հիմնական գումարների՝ մայր գումարների մարմանը։

Ինչպես փոխանցում է Ֆինանսների նախարարությունը, 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այս տարի պետական բյուջեից ավելի քան 141 մլրդ դրամ (կամ 292 մլն դոլար) է ուղղվելու պետական պարտքի սպասարկմանը: Դա կազմում է տարվա՝ 2018 թվականի պետական բյուջեի ծախսերի 9.6%-ը։ Մոտ 79 մլրդ դրամ (ավելի քան 163 մլն դոլար) արտաքին պարտքի համար է և ավելի քան 62 մլրդ դրամ էլ (մոտ 129 մլն դոլար)՝ ներքին պարտքի։ 

Շեշտենք, որ այստեղ խոսքը միայն Կառավարության պարտքի գծով տոկոսավճարների մասին է։ Այսինքն, սպասարկում ասելով՝ պետք է հասկանալ միայն տոկոսագումարների մարումները, ինչպես սահմանված է նաև «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով, իսկ մայր գումարի մարմանը հատկացվում են առանձին միջոցներ։

Վերջին տասը տարիներին պետական բյուջեից պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարների ծավալն անշեղորեն աճել է՝ 2007 թվականի 9.9 մլրդ դրամից 2017-ին հասնելով մինչև 122 մլրդ դրամի։

Այդ գումարները եկող տարիներին ևս ավելանալու են, քանի որ կանխատեսվում է պարտքի չափի մեծացում։

Ստորև գտնվող երկու ինֆոգրաֆիկաներում ներկայացված է պետական բյուջեից Կառավարության պարտքի տոկոսավճարների դինամիկան։ Առաջինում գումարները ներկայացված են դրամով, երկրորդում ՝ դոլարով։

Տվյալները՝ Ֆինանսների նախարարության

2018-ի Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը պլանավորված են ավելի քան 1 տրլն 465 մլրդ դրամ։ Ինչպես նշեցինք, պետական պարտքի գծով տոկոսավճարները «կխլեն» բյուջեի 9.6%-ը։ Ամեն տարի այդ ցուցանիշն աճում է։ Մինչդեռ տոկոսավճարներին հատկացվող գումարները կարող էին ուղղվել սոցիալական ոլորտ։ Օրինակ՝ 2017-ին պետական պարտքի սպասարկմանը բյուջեից հատկացվել էր 122 մլրդ դրամ, իսկ 2018-ին այն ավելանալու է մոտ 20 մլրդ դրամով։ Դրան զուգահեռ 2017-ին բյուջեով սոցիալական պաշտպանութուն ոլորտի ծերություն տողով (հիմնականում՝ կենսաթոշակներին) բյուջեով հատկացվել է 296 մլրդ դրամ, իսկ 2018-ի համար այն 1 մլրդ դրամով էլ չի ավելացել։

Համեմատության համար նաև նշենք, որ կրթության ոլորտին, օրինակ, հատկացվելու է 2018-ի բյուջեի 8.7%-ը, առողջապահությանը՝  5.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ 0.8%-ը և այլն։

Նոր պարտք՝ հին պարտքը մարելու համար

Բացի տոկոսավճարները, Կառավարությունը նաև պետական պարտքի հիմնական գումարների մարումներ է իրականացնում։ Ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ մարումները նույնպես բյուջեով են իրականացվում։ «Բյուջեի դեֆիցիտը ամեն տարի ձևավորվում է նաև այդ մարումները փակելու համար։ Բոլոր դեպքերում, երբ երկրի բյուջեն դեֆիցիտով է և երկիրը պարտք է մարել, նշանակում է՝ այդ պարտքը մարվել է նոր պարտք ներգրավելու հաշվին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ա. Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի 2018 թվականի պետական բյուջով ծրագրված է, որ երկրի համար բյուջեից հատկացվող ծախսերը մոտ 157 մլրդ դրամով ավելին կլինեն, քան եկամուտները։ Այսինքն՝ դա հենց դեֆիցիտն է, որը Կառավարությունը պետք է լրացնի գրեթե հավասարապես ներքին և արտաքին աղբյուրների հաշվին։

Ինչպես տեղեկացանք Ֆինանսների նախարարությունից, ծրագրված է, որ 2018 թվականին Հայաստանը, բացի տոկոսավճարների այն 141 մլրդ դրամից, որը նշել ենք վերևում, ևս 186 մլրդ դրամ էլ պետք է հատկացնի Կառավարության պարտքի գծով հիմնական գումարի մարմանը։

Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի պետական պարտքին, ըստ նախարարության, այդ վճարումները կատարվում են Կենտրոնական բանկի միջոցներով։

Ինֆոգրաֆիկաներում Կառավարության պարտքի գծով հիմնական գումարների մարումների դինամիկան է։ Առաջինում ՝ դրամով, երկրորդում՝ դոլարով։

Տվյալները՝ Ֆինանսների նախարարության

Ֆինանսների նախարարությունը Կառավարության պարտքի մայր գումարի մարման ժամանակացույց է ներկայացնում առաջիկա տարիների համար։ Տվյալները հաշվարկված են ըստ 2017-ի դրությամբ եղած իրավիճակի, այսինքն՝ թե որքան գումար կուղղվի կառավարության պարտքի հիմնական գումարի մարմանը, եթե պարտքի չափը չփոփոխվի։

Այդ ժամանակացույցից երևում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի համար պետական պարտքի կառավարման ոլորտում դժվար տարի է լինելու 2020 թվականը։ Այդ տարի պետությունը պետք է մոտ 830 մլն դոլար (կամ ներկայիս փոխարժեքով՝ 401 մլրդ դրամ) հայթայթի պարտքի հիմնական գումարի մարման համար։

Բանն այն է, որ 2020 թվականին լրանում է 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 7 տարի ժամկետով։ Իսկ եկամտաբերությունը՝ 6%: Եվ 2020-ին Հայաստանը պարտավոր է հետ գնել այդ պարտատոմսերը, սակայն ոչ թե 700 դոլարի, այլ՝ 500 դոլարի, քանի որ մնացած 200 մլն դոլարը մարել է 2015 թվականին, երբ երկրորդ անգամ թողարկվեցին արտարժութային պարտատոմսեր (500 մլն դոլարի, 10 տարի ժամկետով)։

Բացի այդ 500 մլն դոլարը, 2020 թվականին Հայաստանը նաև պետք է մոտ 191 մլն դոլար ուղղի վարկերի մայր գումարների մարմանը, ևս մոտ 133 մլն դոլար էլ՝ դրամային պարտատոմսերին։ Մի խոսքով՝ մոտ 830 մլն դոլար միայն հիմնական գումարների մարման համար։ Եվ այստեղ դեռ չեն ներառվում պարտքի գծով տոկոսավճարները։ Եթե իրավիճակում փոփոխություն չլինի, հաջորդ անգամ նման խնդրի առաջ Հայաստանը կկանգնի 2025 թվականին։ Այդ տարի էլ լրանալու է 2015 թվականին թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։

Հաջորդ ինֆոգրաֆիկայում մարումների ժամանակացույցն է, որի մասին խոսում ենք։ Իհարկե, կանխատեսումների ցուցանիշները կարող են հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ կախված պետական պարտքի չափից, սակայն հիմնական դինամիկան, դժվար թե, փոփոխվի, մասնավորապես ուշադրության արժանի 2020 և 2025 թվականներինը։

Ի՞նչ է անելու Կառավարությունը 2020 թվականին։ Հարցին, թե ինչ միջոցներով է Հայաստանը վճարելու այդ գումարները այն պարագայում, երբ 2020 թվականին քիչ հավանական է բյուջեի հաշվին նման ծավալ ապահովելը, Պետական պարտքի կառավարման վարչության պետը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ ամենահավանական տարբերակը 2020 թվականին նոր պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումն է։ «Նաև հնարավոր է՝ մի մասը ներքին շուկայի հաշվին մարենք՝ դրամային պարտատոմսեր թողարկելով։ Հնարավոր է, 2020-ին 10 տարի ժամկետով եվրապարտատոմսեր թողարկենք։ Եթե 500 մլն դոլարը մարենք և փոխարենը նոր 500 մլն դոլարի արտարժութային պարտատոմսեր թողարկենք, ապա պարտքի չափն այս գործարքից չի փոփոխվի։ Մյուս տարբերակն էլ շուտ հետ գնելն է, որն այս պահին ձեռնտու չէ»,- ասաց Ա. Մարգարյանը։

Սա նման է մի իրավիճակի, երբ քաղաքացին բանկից վարկ է վերցնում, հետագայում չի կարողանում ժամանակին մարումները կատարել, ստիպված նոր վարկ է վերցնում հին վարկերը մարելու համար։ Իսկ դրանով խնդիրը միայն հետաձգվում է, բայց չի լուծվում։ Այդպես էլ պետության պարագայում է, թեև Ֆինանսների նախարարությունը հին մարումները կատարելու համար նոր պարտատոմսերի թողարկումը համարում է նորմալ և ընդունված պրակտիկա ամբողջ աշխարհում։

Ըստ Ա. Մարգարյանի՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ ծավալի եվրապարտատոմսեր կթողարկվեն և ինչ տոկոսադրույքներով։ Չի բացառվում, որ 500 մլն դոլարից ավելի մեծ ծավալով կթողարկվի։


Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդությունները. մաս 1


Պետական պարտքի կառավարման վարչության պետի խոսքով՝ Հայաստանի արտաքին պետական պարտքի սպասարկման և կառավարման հարցում այսօր ամենամեծը փոխարժեքային ռիսկն է։ «Դրամի արժեզրկման հետևանքով դոլարային վճարները մեզ համար ծանրանում են։ Մենք նշում ենք այն սահմանը, որից ներքև պարտք վերցնելը վտանգավոր չէ։ Այսինքն՝ դու, քո կյանքում ոչինչ չփոխելով, կարողանաս պարտքը բերել և սպասարկել։ Իսկ եթե դրամի միանգամից 20% արժեզրկում լինի, պարտքը միանգամից կծանրանա և կմոտենա այդ գծին։ Այդ գծից հետո պարտք վերցնելը դառնում է խնդիր. կամ պետք է ՀՆԱ-ն ավելի արագ աճի, կամ պետք է դեֆիցիտը կրճատվի։ Դա մենք գնահատել ենք որպես փոխարժեքի ռիսկ։ Իսկ այս պահին պարտքի կառավարման հետ կապված ամեն ինչ կարգին է»,- ասում է Պետական պարտքի կառավարման վարչության պետը։

Որպես փոխարժեքային տատանումների հետևանք՝ օրինակ է ներկայացնում հենց 2013-ի եվրապարտատոմսերի գործարքը. «Այսօր մենք 2013 թվականին թողարկած դոլարային պարտատոմսերի համար վճարում ենք ոչ թե 6%, այլ՝ 12%: Մեր բյուջեն հիմա դրամով է միայն գործարքներ իրականացնում, իսկ դրամն այս ընթացքում արժեզրկվել է։ Երբ թողարկել ենք պարտատոմսերը, 1 ԱՄՆ դոլարն արժեր մոտ 370-400  ՀՀ դրամ։ Դա կազմում էր  մոտ 200  մլրդ դրամ։ Հիմա, որ պետք է 2020 թվականին մարենք, եթե հաշվենք, օրինակ, 500 դրամով, միայն մարման համար վճարելու ենք արդեն 250 մլրդ դրամ։ Ռիսկերը բոլոր պարտք վերցնող երկրներն էլ ունեն»,- ասում է Ա. Մարգարյանը։

Ըստ նրա՝ փոխարժեքի տատանումներից խուսափելու լավագույն տարբերակը ներքին պարտքի կշռի ավելացումն է, քանի որ ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ «Այսօր Հայաստանի պետական պարտքի կազմում ներքին պարտքի փոքր տեսակարար կշռի պատճառն այն է, որ անկախության ձեռքբերումից հետո մենք պարտք վերցնելու գիտելիք և փորձ չունենք։ Եվ պարտք վերցնում էինք այնտեղից, որտեղից տալիս էին։ Իսկ ներքին շուկան սկսեց աշխատել 1995-96  թվականներից սկսած։ Շուկան այսօր զարգանում է, բայց մինչև դրան հասնելն ահագին մեծ արտաքին պարտք ենք կուտակել»,- ասում է Արշալույս Մարգարյանը։

Հաջորդ մասում կներկայացնենք, թե միջազգային որ կառույցներին և օտարերկրյա պետություններին է պարտք Հայաստանը։ Եվ ում որքան տոկոսագումար է վճարելու այս տարի։

Լուսանկարը՝ usfinancepost.com-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ