Կիրակի, 27 մայիսի

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` Եղեգնուտում գտնվող աշտարակը կռվախնձոր է դարձել



Գայանե Սարգսյան

Մի քանի տարի է՝ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչ Արտիկ Աղաջանյանը պնդում է՝ գյուղի հարակից տարածքում տեղադրված  «ՎիվաՍել-ՄՏՍ» աշտարակը գտնվում է իր հողատարածքում, ու հողատարածքի վարձակալության գումարը ստանալու իրավունքը պետք է պատկանի իրեն, ոչ թե համայնքին:

Համայնքի ղեկավար Միշա Հովհաննիսյանը, սակայն, համագյուղացու պնդումները համարում է անհիմն ու պահանջում այդ փաստը հաստատող դատական մարմնի կամ կադաստրի որոշումը:

Վերջինիս խոսքով՝ համայնքում վերջին քարտեզագրումն արվել է 2000 թվականին, իսկ 2008-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»  հետ պայմանագրի կնքման համար հիմք է հանդիսացել կադաստրային քարտեզը, ըստ որի՝ այդ հատվածի հողատարածքը նշված է եղել որպես համայնքային սեփականություն:

Համայնքի վարչական սահմաններում գտնվող 200 քմ գյուղնշանակության հողատարածքի վարձակալության պայմանագիրը բջջային օպերատորի ու համայնքի ղեկավարի միջև կնքվել է 25 տարի ժամկետով, ամսական վարձավճարի չափը սահմանվել է 20.000 դրամ:

Բջջային օպերատորի աշտարակին կից սեփականաշնորհված հողատարածքներ են: Հարցին՝ ըստ քարտեզի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի հարևանությամբ Արտիկ Աղաջանյանին պատկանող հողատարածքներ կա՞ն, համայնքապետը պատասխանում է՝ չենք հետաքրքրվել:

Ավելի ուշ, երբ Ա. Աղաջանյանը բարձրացրել է աշտարակի՝ իր հողատարածքում գտնվելու հարցը, համայնքապետը տեղեկացրել է՝ քարտեզագրմամբ այդ հատվածում նշված է երեք այլ բնակչի անուն:

Սա նշելով հանդերձ` համայնքապետը փաստում է՝ Ա. Աղաջանյանի նշած տարածքում վերջինիս հայրը դեռևս սովետական տարիներին խոտհունձ է կատարել, ապա նաև այդ հատվածը սեփականաշնորհվել է վերջինիս անունով:

«Խորհրդային տարիներին սովխոզի ղեկավարությունը հանձնարարում էր, մասնավոր մարդիկ հողատարածքները հնձում էին, 70 տոկոսը տալիս սովխոզին, 30 տոկոսը մնում էր իրանց: Իր հայրն է էդ հատվածները հնձելիս եղել: Ու սեփականաշնորհման ժամանակ էլ տրվել է իրենց»,- ասում է Մ. Հովհաննիսյանը:

Վերջինս ընդունում է՝ չնայած նրան, որ քարտեզագրման ժամանակ որպես աշտարակին կից երեք հողատարածքների սեփականատեր նշվել է երեք բնակչի անուն, այդ հողատարածքներն իրականում պատկանում են Արտիկ Աղաջանյանի ընտանիքին:

«Քարտեզագրման ժամանակ մենք գյուղապետի տեղակալին կցել ենք քարտեզագրողներին, որ ուղղություն տան, համայնքում սխալ բան չլինի: Մենք ուշադիր ենք եղել հիմնականում գյուղի ներսի տների ու հողամասերի չափագրմանը: Թյուրիմացությունը պարզվել է Արտիկի բողոքից հետո՝ պայմանագրից 8 տարի անց»,- ասում է համայնքապետը:

Ու թեև արդեն իսկ պարզ է, որ հատկապես այդ հատվածում չափագրման հետ կապված խախտումներ կան, որի արդյունքում խախտվել է ոչ միայն Արտիկի, այլև այդ հանդամասում սեփականություն ունեցող մի խումբ գյուղացիների հողատարածքների սահմանները, համայնքապետը մինչ այժմ գործուն քայլեր չի ձեռնարկել հարցը կարգավորելու համար:

«Ես գրել եմ, որ քարտեզագրման ժամանակ շեղում է եղել, խնդրում եմ ուղղեք: Բայց սա մի ամբողջ ճակատ է, մի ամբողջ ֆրոնտ է: Շատերին է վերաբերում: Հիմա էլ նրանք պետք է բողոքեն, որ մեր տեղը չի: Ոչ թե մենակ Արտիկինը պետք է փոխվի, այլև մյուսներին էլ,- ասում է համայնքապետն ու առաջարկում,- առաջ թող տերերը դիմեն կադաստր կամ դատարան, տենանք ինչն ինչոց է»:

Սակայն Ա. Աղաջանյանը հակադարձում է. «Ինքն ինձ ասում ա՝ դա քարտեզի սխալմունք ա: Թող դզի, դա իմ մեղքը չի: Ինքը դիմի կադաստր, ասի, որ քարտեզում սխալմունք են արել, դզեն»:

Մի քանի օր առաջ գյուղացին այս խնդիրը բարձրաձայնեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ: Մարզպետը խոստացավ՝ համայնքապետի հետ հարցը կքննարկեն, սակայն բնակիչը կարող է դիմել դատարան ու խնդիրը լուծել դատական կարգով:

«Մարզպետն ասում ա՝ դատարան դիմի: Ես հիվանդ, սրտից վիրահատված տղա եմ: Ամսական 16.000 դրամ թոշակ եմ ստանում, 20.000 դրամի դեղ եմ առնում, տարեկան հողի հարկ եմ տալիս, ընտանիք եմ պահում: Մարզպե՛տ ջան, դե իմ վիճակը տեսնում ես, ինձ ֆինանսավորի՛, ես տամ դատարան»,- ասում է Արտիկը:

Համայնքապետի կարծիքով՝ Ա. Աղաջանյանը «վիշկի կռիվ է անում»:

«Այդ տարածքի հողի հարկը տալիս եմ, բա ինչի՞ ուրիշն օգտվի»,- ասում է բնակիչը:

Լուսանկարում աջից՝ Արտիկ Աղաջանյանը, ձախից՝ Միշա Հովհաննիսյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ