HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

6 տարվա ազատազրկու՞մ, թե արդարացում․ դատարանը վճիռ կկայացնի վաղը

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներ Արմեն Սարգսյանի եւ Կամո Պողոսյանի կողմից կաշառք ստանալու մեղադրանքով հարուցված քրեական գործը հասել է հանգուցալուծման։ Արդեն վաղը՝ փետրվարի 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը կհրապարակի դատավճիռը։

Հիշեցնենք, որ որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու համար, Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանը ցուցմունք է տվել, որ 140 հազար դրամ գումար է տվել ազգային պարկի հատուկ ջոկատի տեսուչ, ի պաշտոնե փայտ վաճառելու իրավունք եւ լիազորություն չունեցող Արմեն Սարգսյանին։ 2017 թվականի մայիսին ձերբակալվել է նախ՝ Արմեն Սարգսյանը, ապա մի քանի օր անց՝ նաեւ Կամո Պողոսյանը։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։

Մեղադրող դատախազը Սարգսյանի եւ Պողոսյանի համար 6-ական տարվա ազատազրկում է պահանջել։ Այնինչ գործով անցող երկու գլխավոր վկաները՝ Սամվել Թամրազյանը եւ Գագիկ Բեգլարյանը, ովքեր նույնպես ազգային պարկի աշխատակիցներ են, անտառապահ, դատարանում հրաժարվել են, թե Սարգսյանին կամ Պողոսյանին կաշառք են տվել։ Նույնը բանը նրանք պնդել են թե´ հարցաքննության ժամանակ, թե´ լրացուցիչ հարցաքննության, որը պահանջել էր դատախազը։

Ինչպես «Հետք»-ին պատմեց Արմեն Սարգսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը, մի քանի օր կայացած լրացուցիչ հարցաքննության ժամանակ, դատարանում Սամվել Թամրազյանը հայտարարել է, որ Սարգսյանին 140 հազար տվել է ոչ թե որպես կաշառք, որպեսզի ազգային պարկից ծառ հատի, այլ՝ թափուկի փաստաթուղթ ստանալու համար։ Իսկ «կաշառք» բառը, հիմնական վկայի խոսքով, քննիչն է գրել։ Սակայն, որ ուշագրավ է, Թամրազյանի այս հաղորդումն անտարբերության է մատնվել դատախազի կողմից, այնինչ վերջինս պարտավոր էր համապատասխան զեկուցագիր ներկայացնել վերադասին, որից հետո գործը պետք է անցներ ՀՔԾ-ի վարույթ։ Սակայն մեղադրող դատախազ Արտաշես Գեւորգյանն այս հաղորդմանը չի անդրադարձել անգամ ամբաստանյալների պաշտպանների կողմից պահանջի դեպքում։

Մյուս վկան՝ Սարգիս Բեգլարյանը, գործին ներգրավվել է, քանի որ Սամվել Թամրազյանը ցուցմունք է տվել, որ 140 հազար դրամից 20-ը Կամո Պողոսյանի միջոցով փոխանցվել է նրան։ Սարգիս Բեգլարյանը նույնպես լրացուցիչ հարցաքննության ժամանակ հերքել է դա, ասելով, որ Կամո Պողոսյանը, որ իր վերադասն է, 20 հազար դրամը փոխանցել է որպես դիզվառելիքի փող, որպեսզի ազգային պարկում ստուգումներ իրականացնելիս կարողանան տրանսպորտով շրջել։

Գոշ գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանի ընտանիքը հույս ունի, որ իննամսյա կալանքից հետո երկու անչափահաս երեխաների հայրը կարդարացվի եւ տուն կվերադառնա։ Արմենի հայրը՝ Նորիկ Սարգսյանը, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ եթե որդին չարդարացվի, ապա հաստատվելու են իր այն մտավախությունները, որ իրավապահ մարմիններն ամբողջ պատմությունը սարքել են ինչ-որ մեկի պատվերով, միայն թե «Դիլիջան» ազգային պարկի ծառահատումներին «մեղավոր» գտնեն։ Սակայն բանն այն է, որ Արմեն Սարգսյանը մինչեւ քրեական գործի հարուցումը ազգային պարկում աշխատել է ընդամենը մեկ ամիս, 2017 թվականի մարտի 20-ից, այն էլ՝ պաշտոնյա չի համարվել, չէր կարող որեւէ մեկին թափուկ հանելու կամ ծառ հատելու թույլտվություն տրամադրել։

«Արմենին տանը սպասում ենք։ Նախաքննական մարմնի կողմնակալության կամ սխալների պատճառով որդուս երկու անչափահաս զավակները հորից կտրված են արդեն ինը ամիս։ Մենք հույս ունենք, որ դատական համակարգում կսրբագրվեն այդ սխալները»,- ասաց Նորիկ Սարգսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter