Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կառավարությունը որոշեց փակել Մեծաձորի դպրոցը. տնօրենն ու ուսուցիչները դեմ են որոշմանը



Կառավարությունն այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով որոշեց լուծարել Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը։

Դպրոցը լուծարվում է պատճառաբանությամբ, որ այնտեղ սովորում է 2 աշակերտ, իսկ ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը 9 հոգի է: Դպրոցը լուծարելով՝ պետությունը որոշել է տնտեսել 13 միլիոն դրամ:

«Դպրոցում սովորում է 2 աշակերտ, 1-ը՝ երկրորդ դասարանում, 1-ը՝ ութերորդ դասարանում: Հնարավոր չէ դպրոցում կազմակերպել ուսումնական պրոցեսը, կոմպլեկտավորման ոչ մի հնարավորություն չկա: Այդ պատճառով առաջարկը ձևավորվել է մարզից՝ նախարարություն, և մենք դպրոցը լուծարում ենք»,- դպրոցի լուծարման հարցը զեկուցելիս հայտնեց նախարար Դավիթ Լոքյանը:

Դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը դեմ են դպրոցի լուծարմանը

Ֆատո Քալաշյանը արդեն 25 տարվա ուսուցիչ է Մեծաձորի հիմնական դպրոցում: Դպրոցում ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդում:

Ասում է՝ գյուղը բարձր լեռնային է, դպրոցը համայնքի միակ հույսն էր, սակայն պետությունը ուզում է դա էլ կտրի: «Ջրերը կտրեցին, հողերը լրիվ զավթեցին կողմնակի մարդիկ, չգիտեմ ովքեր են, հիմա մնում է միակ հույսը՝ դպրոցը գոյատևելու, երեխայի հայացողությունը զարգացնելու համար, դա էլ են փակում: Փոխանակ մի բանով օգնեն, որ ժողովուրդը չփախնի, ստիպում են, որ փախնի: Էս դպրոցի հույսին 6-7 ընտանիք գոյատևում է: 13 միլիոնը պետության դրվածքով ի՞նչ է իրենից ներկայացնում, որ պարոն Լոքյանը ընկել է այդ 13 միլիոնի հետևից, խնայողություն անի: Էլ չի ասում՝ 7-8 ընտանիք գոյատևում են այդ 13 միլիոնի հաշվին, չի կորում, մարդիկ ապրում են»,- ասում է Քալաշյանը:

Ուսուցչի փոխանցմամբ՝ դպրոցում ունեն ուսուցիչներ, ովքեր 18-20 կիլոմետր ճանապարհ են գալիս, որպեսզի 20 հազար դրամ աշխատավարձ ստանան: Քալաշյանը և որոշ ուսուցիչներ դպրոցը չլուծարելու համար դիմել են Արագածոտնի մարզպետին, մարզպետարանի կրթության վարչության պետին, սակայն անարդյունք: Մանկավարժի գնահատմամբ՝ պետական մարմինները «մուկ ու կատու» են խաղում: Բարկանում է, որ մարդիկ ձգտում են աշխատատեղ ստեղծեն, որ մեկի տունը շենացնեն, պետությունը ասում է՝ աշակերտ չկա, պետք է փակենք: Ուսուցիչը դպրոցի փակման համար նաև մեղադրում է համայնքապետին: Ասում է՝ նա իր երեք երեխաներին միտումնավոր հանել է դպրոցից, որպեսզի այն փակվի: Մեկնաբանել է, որ Ռուսաստանի Դաշնություն պետք է մեկնեն, բայց արդեն հինգ ամիս է՝ գյուղում են, որևէ երկիր չեն մեկնում:

«Այդ երկու հոգին երբեք այլ դպրոց չեն գնալու: Մի երեխա կա երկրորդ դասարան է, բոյը 40 սանտիմետր է: Մեր մոտ ձյունը մետրուկես է գալիս, էդի կխրվի ձների մեջ, կմնա, հետք էլ չեն գտնի»,- ասաց եզդիաբնակ գյուղի ուսուցիչ Ֆ. Քալաշյանը:

Մեծաձորի դպրոցի տնօրեն Լևոն Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ միայն այս տարի է, որ աշակերտների թիվը հասել է 2-ի, 2016-ին ունեցել են 10, իսկ 2015-ին՝ 10-12 աշակերտ։ Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցը կգործի մինչ այս ուսումնական տարեվերջ, հետագայում վստահ չէ, որ այն կտեղափոխվի Վերին Բազմաբերդի դպրոց. «Տասը աշակերտ ունեինք։ Բարձր լեռնային, ծայրամասային եզդիական գյուղ, թողեցին 2017 թվականին համարյա լրիվ գյուղը լքել են, մնացել է 5 տնտեսություն ընդամենը»:

Աբրահամյանի խոսքով՝ դպրոցի լուծարումից հետո հնարավոր է մինչ սեպտեմբեր գյուղում մարդ չմնա։ Իսկ եթե մնա էլ, աշակերտների համար Վերին Բազմաբերդ հասնելը դժվար է լինելու, քանի որ ձմռան ամիսներին ճանապարհները երկու-երեք օրով փակվում են: «Բոլորն էլ դեմ են, ասում են՝ ինչու՞ պետք է փակվի դպրոցը։ Ասում են՝ եթե մի աշակերտ էլ մնա, պետք է գործի դպրոցը։ Մենք ազգային փոքրամասնություն ենք, դուք լավ էլ գիտեք էլի»,- նշում է տնօրենը։

««Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտում է աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Նախարարությունը որոշել է, որ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում, եթե աշակետներն այլ դպրոց հաճախելու նախասիրություն չունենան, քանի որ այդ դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը որոշել է, որ դպրոցին պատկանող ուսումնական մասնաշենքը, օժանդակ շինությունը, հողատարածքը կամրացվի պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ մնացած գույքը կտրամադրվի Արագածոտնի մարզպետարանին, որն էլ այն կամրացնի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ