HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հարսանքաբաղնիքի ավանդական ծես, որ իրագործվեց 1985 թ-ին՝ գյումրեցի Մկրտիչ Մանուկյանի նախաձեռնությամբ

Սեւ-սպիտակ լուսանկարները պատմությանը զուգընթաց գունավորվում են, կենդանանում ու անծանոթ մարդկանց կենսուրախ դեմքերը քիչ-քիչ ջերմանում են` դառնում հարազատ: Տղամարդու պինդ ձեռքերը չեն դողում լուսանկարներն ինձ փոխանցելիս, թեպետ կնոջ անունը տալիս դեմքին հայտնվող ժպիտը մի փոքր ծուռ է ստացվում, մի տեսակ խեղճացած, սակայն սիրով լի: 70-ամյա Մկրտիչ Մանուկյանին հարցերս հետ են տանում 32 տարով: Նկարների մեջ փնտրում ու չի գտնում հարսանիքի լուսանկարները: Հետո ալբոմներից մեկի միջից հայտնաբերում է փոքրիկ, գունավոր լուսանկարները, որոնք ոչ թե խունացել, այլ ընդհակառակը՝ տարիների ընթացքում դրանց գույներն ավելի են մգացել:

Մկրտիչ Մանուկյանը

Ո՞վ կպատկերացներ, որ 1985թ-ի աշնանային այդ օրը պիտի հիշարժան դառնար ոչ միայն Մանուկյանների գերդաստանի, այլեւ Կումայրի-արգելոց թանգարանի աշխատակիցների, Լենինականում հրատարակվող «Բանվոր» թերթի լուսանկարիչ Համիկ Պիճիկյանի ու լրագրող Թ. Հովհաննիսյանի համար: Այդ օրը ալեքպոլցի մեծահարուստ Գեւոր աղին պատկանող բաղնիքում՝ կառուցված 1880թ-ին, որ խորհրդային տարիներին վերածվել էր թիվ 4 բաղնիքային տնտեսության, պիտի մոտ 100 մարդ մասնակցեր ավանդական մի ծեսի:

Բաղնիք գնալու ավանդույթը Ալեքպոլ- Գյումրիում

Հին գյումրվա ավանդույթներից էր…բաղնիք էրթալը: Բաղնիքները կեղնեին ի՜րեք տեսակ՝ օբչի (ընդհանուր), համարներով ու ժիվոյ օչերով (հերթ կանգնելով): Քաղքի ամենահայտնի բաղնիքներն էին՝ Ցենտրալնին, Գեւոր աղի, Մարտին աղի, հունական ու Ձիթողցյանների բաղնիքները: Հին գյումրվա ավանդույթներից էր հարսնաբաղնիքն ու փեսաբաղնիքը: Ըդիկ շատ հետաքրքիր ավանադույթ էր: Հարսնիքից մե օրմ առաջ երկու կողմի բարեկամները կհավաքվեին, ուտելիք-խմելիք կվերցնեին, բոխչա կկապեին ու հարսին, փեսին կտանեին բաղնիք՝ դհոլ-զուռնով, երգ ու պարով: Ըստեղ չմոռանանք ըսել, օր շատ վախտ հարսնատեսն էլ բաղնիքից կսկսվեր՝ աղջիկ նայել-հավնելու ամենահարմար տեղն էր: Ալեքսանդրապոլ-Գյումրիում բաղնիք էրթալու օրերը շաբաթ-կիրակի էր: էդ օրը մե 5-6 ժամ կտրամադրեին լողնալուն, հետներն էլ անպայման ուտելիք կտանեին: Բաղնիքի բոխչի մեջ անպայման բդի դնեին սպիտակեղեն, լայն ցամքոց, գլխակապ, փայտից նախշած նալիկներ, փախրից դեղին եդակ (գուռից ջուր վերցնելու աման) եւ հատուկ բաղնիքի համար նախատեսված գործած փոքր գորգ:

Կրթությամբ իրավաբան Մկրտիչ Մանուկյանի ամուսնության պատմությունը հարազատները հիմա էլ են հիշում ու առիթի դեպքում հաճույքով պատմում: 37-ամյա երդվյալ ամուրու համար հարսնացու էին փնտրում հարազատները, բարեկամներն ու ընկերները: «Հորս օր թողնեիր, ամեն առավոտ մե 30 հոգանոց ցուցակ կուդար ձեռքս, թե գնա ընտրե,- ծիծաղելով պատմում է Մկրտիչը,- ես այդ ժամանակ ապրում էի Երեւանում, աշխատում էի Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում, ժամանակ չէի գտնում անձնական հարցերով հետաքրքրվելու: Երեւի էլի ձգձգվեր ամուսնությունս, եթե ընկերս, ում երեխայի կնունքի քավորն էի ուզում դառնալ, չպնդեր, որ անպայման քավորկին է պետք, այսինքն պիտի պարտադիր ամուսնանայի»:

Հերթական հարսնատեսը մտերիմներից մեկի տանն էր, սակայն Մկրտիչը հավանում է ոչ թե այն աղջկան, ում հետ ծանոթացրել էին, այլ նրա ընկերուհուն, ով օգնում էր տանեցիներին սեղանը սպասքադրել: «Հասմիկին տեսա, հարսնացուի թեկնածուին մոռացա»,- զրուցակիցս ծիծաղում է: Հետո արդեն պետք է ծագեին խնդիրներ՝ կապված Հասմիկի եւ Մկրտիչի միջեւ եղած տարիքային տարբերության հետ (Հասմիկը 20, իսկ Մկրտիչը 37 տարեկան էր-հեղ.): «Զոքանչս դեմ էր ու ամուսնությունից հետո էլ չէր հաշտվում՝ միշտ ասում էր՝ 3-4 երեխա էլ ունենա, աղջկաս հետ եմ տանելու: Դե որ դեմ էին, Հասմիկի հետ որոշեցինք փախնել: Իմ մեքենայով փախցրել եմ, հետո ընկերոջս մեքենայով հասել Երեւան, նոր էնտեղից բանակցություններ ենք վարել Հասմիկի ծնողների հետ»,- հիշում է Մկրտիչը:

Ասում է՝ ցանկացած պահի կարող էր հարսանիք անել, սակայն մեծ էր ցանկությունը, որ կնոջ հարազատները եւս մասնակցեին: Հաշտությունը կայացել է միայն երեք ամիս անց, հարսանիքի օրը նշանակվել է 1985թ-ի նոյեմբերի 30-ին: Հարսանիքը հարսանիք, սակայն Մկրտիչը սրտանց ցանկանում էր այնպիսի բան անել, որ հիշեին բոլորը: Զրույցի ժամանակ չի խոստովանում, սակայն ամենայն հավանականությամբ եղել է ցանկություն նաեւ զարմացնելու խնամիներին եւ փեսայի գոյության հետ չհաշտվող զոքանչին:

«Դե մենք բնիկ գյումրեցի ենք: Բաղնիք գնալու ավանդույթն անծանոթ բան չէր մեզի համար, մանավանդ որ էդ տարիներին քաղաքի մեծ մասը հասարակական բաղնիքներից կօգտվեր: Պապիս վախտ երկար ժամանակով կերթային՝ ուտել-խմելով, հետները նվագող կեղներ վախտ կար: Մի խոսքով, ուզեցի, որ բուն հարսանիքից առաջ, հարսնաբաղնիքի ավանդույթը վերականգնենք: Քեռուս կնոջն ասի, որ 40-50 հատ չամչուկ՝ գլխարկ, կարե կանանց համար, հետո էդ հին բաղնիքի եդակներից (մեծ բաժակ) ճարեցինք, բաղնիքի նալիկներ ճարեցինք էլի կանանց համար: Սաղ տեղը տեղին, բոխչեքը կապած գնացինք բաղնիք: Դե ես նախօրոք բաղնիքի վարիչին՝ Անժիկին Գասպարյան, իրա էդ օրվա սաղ հասույթի փողը տվել էի, որ ասենք խանգարող չլինի, ու հանգիստ մենք մեր գործն անենք»,- պատմում է Մկրտիչ Մանուկյանը:

Հարս ու փեսային բաղնիք տարել է ֆայտոնչի Գրիշը: Երաժիշտները հրավիրվել էին Երեւանից: Մկրտիչը պատմում է, որ տեղի հայտնի երաժիշտներից չախալ Ժոռա ու Մգըլը նեղացել էին, բայց տարբերակ չի ունեցել՝ քեռու տղան միջնորդել է, որ իր ընկեր երաժիշտները մասնակցեն հարսանիքի եռօրյա արարողություններին: Հարսին եւ փեսային բաղնիք ուղեկցելու, գովերգելու, լողացնելու, կերուխումի արարողությանը մասնակցել են նաեւ հարսի հարազատները: «Բայց դե շատ իներտ էին ու հիմնական քեֆ անողները մերոնք էին»,- հիշում է Մկրտիչը: Մանուկյանների գերդաստանից բաղնիք չէին տարել միայն 1894թ-ին ծնված Բալասան տատին: Վերջինս իրեն տանը թողնելու որոշման առթիվ այդ պահին ոչ մի դժգոհություն չի հայտնել: Երբ բոլորը գնացել են, 91-ամյա տատը պարզապես նստել է տաքսի ու ինքնուրույն հասել բաղնիք:

«Մեկ էլ տեսնինք տատս հայտնվավ տղամարդկանց բաժնում: Նախ մեզ շնորհավորեց, հետո գնաց կանանց բաժին: Հավասար հետներս ուրախացել է ու մի բառ չասեց իրեն տանը թողնելու վերաբերյալ»,- Մկրտիչը ծիծաղում է: Թե տղամարդկանց բաժնում հիմնականում կերուխումային հատվածն է գերիշխել, կանանց բաժնում՝ առավել ծիսական մասը: Մկրտիչի հորաքույրը լավ ձայն ուներ ու հիմնականում նա է երգել, «ծաղկեցրել արարողությունը»՝ «Հայոց աղջիկներ», «Վարդ է բացվել» եւ այլ հայկական ժողովրդական երգերով:

Թիվ 4 բաղնիքային տնտեսության տնօրեն Անժելա Գասպարյանի նախաձեռնությամբ արարողության մասին տեղեկանում են Լենինականում լույս տեսնող «Բանվոր» թերթի թղթակիցները եւ Կումայրի արգելոց-թանգարանի գիտական աշխատողները: Վերականգնված ավանդույթի մասին պատմող հոդվածը թերթում լույս է տեսնում 1985թ-ի դեկտեմբերի 7-ին: Հոդվածում թղթակիցն առավել կենտրոնացել էր արարողակարգի վրա՝ բաց թողնելով Մկրտիչի ու Հասմիկի սիրո հետաքրքիր պատմությունը: Շնորհիվ լրատվամիջոցի՝ հարսանքաբաղնքի պատմությունը տարածվում է ողջ քաղաքով եւ լայն արձագանք գտնում: Շատերն են ափսոսում, որ չեն իմացել ու չեն կարողացել մասնակցել, իսկ Մկրտիչի համար սեփական նախաձեռնությունը քիչ է մնացել ավարտվի գործազրկությամբ:

«Ընձի ներքին գործերի մինիստրի տեղակալը կանչեց, թե՝ էս ի՞նչ ես արել, ի՞նչ բաղնիք, ինչ բան: Ուզում էին աշխատանքից ազատեին: Ես էլ բացատրեցի, որ ընդամենը մեր պապերի ավանդույթն եմ վերականգնել, մե՞ղք եմ գործել: Վերջը էդ հարցը փակվեց, երեւի անկապ կլիներ էլի, որ հրամանի մեջ գրեին, թե աշխատանքից ազատում են, որովհետեւ հարսանիքից առաջ բաղնիք ենք գնացել»,- ժպտալով նկատում է զրուցակիցս:

Հաջորդ օրն արդեն հարսանիքի արարողությունն էր: Մոտ 400 հրավիրված հյուր է եղել: Միայն 7-8 հազար ռուբլու սնունդ ու խմիչք է բերել Մոսկվայից: «Էն ժամանակ բանկով պիվա (գարեջուր) չկար: Ուրեմն Մոսկվայից 400 բանկա պիվա ու 100 հատ «Մարլբորո» սիգարեթ եմ բերել տվել, ու դրած է եղել սեղանին: Բաքվից էլ 120 կգ թարմ ասետրինա եմ բերել, որ խոզի խորովածից հետո, ձկի խորոված քաշեին: Մինչեւ լույս է տեւել հարսանիքը՝ մեր ավանդույթների համաձայն: Առավոտ, արդեն լուսադեմին հերս բերեց նվագողներին, որ «Առավոտ լուսո»-ն երգեն»,- 70-ամյա զրուցակցիս ձայնի մեջ թախիծ եմ զգում: Այսպես կոչված «պատմական», քաղաքի «ասելիք-խոսելիքը» դարձած հարսանիքից հետո Հասմիկի ու Մկրտիչի երջանկությունը կարճ է տեւում: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժին 40-ամյա Մկրտիչը կորցնում է 23-ամյա կնոջն ու դստերը:

Անցած 30 տարիների ընթացքում Մկրտիչ Մանուկյանը երբեք չի մտածել կրկին ընտանիք կազմելու մասին: Ասում է, հավանաբար գեներով է՝ մենք միասեր ենք, հայրս էլ մորս մահից հետո չի ամուսնացել (մայրը մահացել է 1968թ-ին-հեղ.): Երեք եղբայր են՝ մեծը ինժեներ է ու մինչեւ հիմա էլ աշխատում է Գյումրու Ստրոմմաշինա գործարանում, միջնեկ եղբայրը Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանն է: Գյումրիում իրենք առավել հայտնի են որպես Մլլոյենք: Թե ինչու է տոհմն այդպես կոչվել, զրուցակիցս չգիտեր, ասում է՝ կարեւորը ավանդույթներ հարգող, գնահատող ենք մինչեւ հիմա: Նեղվում է ներկայիս հարսանեկան արարողություններից: Ասում է՝ մարդիկ օտարացել են: Իսկ ժամանակին ցանկացած ծես, ավանդույթ միտված էր մարդկանց մտերմությանը:

«Հիմիկվա հարսնիքներից դուրս գուկան, հաջորդ օրը փողոցն իրար տեսնին՝ չեն ճանչե: Օտար բաներ շատ բերեցին մտցրեցին մեր կյանք՝ հինը մոռացան: Հըմի կըսեն էս վերականգնենք, էն վերականգնենք: Հա, վերականգնեք, բայց կիրառեք նաեւ, որովհետեւ եթե մարդն իր մայրենի լեզվով էլ երկար ժամանակ չխոսաց՝ կմոռանա, էլ ուր մնաց ավանդական ծեսերը, որ ներկայիս սերունդը համ չիդե, համ չի լսե, համ էլ արդեն երեւի պատմող էլ չի մնացել»,-նեղսրտում է Մկրտիչը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել այցի ու անցած-գնացած հրաշալի տարիները կրկին վերհիշելու համար:

Հոդվածում օգտագործված սեւ-սպիտակ լուսանկարները՝ Մկրտիչ Մանուկյանի անձնական արխիվից

Մեկնաբանություններ (5)

Ռուզան
Շատ լավ պատմություն էր: Սիրուն ու տխուր: Հաճույքով կարդացի:
ali
I loved reading this article. Thanks for giving credit to beautiful old traditions. I think that the bathing ceremonies are a reagional tradition, as I had heard of this tradition from my late grandpa back in Iran.
Անի
հուզիչ, կոլորիտով, սիրով... պահպանենք մեր արժեքները
GB
Dear Hetq I am so glad there were no Indians and Arabs wedding, but and pure Armenian wedding!!
Անդրանիկ
Գողտրիկ պատմություն:Հրաշալի խոսք ու մարգարտախոս հայերեն հեղինակի կողմից!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter