HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Դեբետցիները ահազանգում են. գայլերի հարձակումները գյուղում շատանում են

Մի քանի ամիս է, ինչ Լոռու մարզի Դեբետ համայնքում պարբերաբար գրանցվում են գայլերի կողմից անասունների վրա հարձակման ու հոշոտման դեպքեր: Գյուղացիների խոսքով՝ եթե նախկինում տարվա ընթացքում գայլերի մի քանի հարձակում էր լինում, այն էլ հիմնականում՝ սարերում ու հեռավոր արոտավայրերում, ապա այժմ դեպքերը հաճախացել են, գայլերն էլ կենդանիներին հոշոտում են հենց գյուղի տարածքում:

Այս գիշեր գայլերը տան բակում հոշոտել են Արսեն Պետրոսյանի ձիու քուռակին: Մի քանի ամիս առաջ էլ Արսենի երկու ձին էին հոշոտել:

«Իմ հայաթում ձին քուռակի հետ կապել էի: Հայաթում էի կապել, որ իբր գայլերից պահեի, էլի: Գիշերը ժամը երկուսի կողմերը կլիներ, շները սկսեցին հաչել: Դուրս եկա, տեսնեմ՝ երեք հատ գայլ: Մինչև դուրս եկա, հարևանների հետ գայլերի հետևից գնացինք, չգտանք ոչ գայլերին, ոչ քուռակը: Առավոտն արդեն տնից մի 50 մետր հեռու, առվի մոտ գտանք կերած քուռակի մնացորդները»,- մեզ հետ զրույցի ժամանակ պատմեց Արսենը:

Գյուղամիջում, տների բակում գայլերի հայտնվելը գյուղացիները վտանգավոր են համարում: Ասում են՝ նախկինում նման նախադեպեր չեն եղել:

«Սա առաջին դեպքը չի: Արդեն սկսել են մտնել տների հայաթները, ինչը շատ վտանգավոր ա: Անցած տարվա դեկտեմբերից սկսել են ակտիվ հարձակումները, ու շաբաթ չկա, որ մի քանի անասունի վնաս չտան»,- ասում Արսենը:

Արսենի գնահատմամբ՝ միայն քուռակի արժեքը կազմում է մոտ 150.000 դրամ: «Ձմեռը պահում ենք, որ աշունը մի բանի պետք գա, էն էլ գայլերը տանում են»,- ասում է նա:

Երեք ձի կորցրած Արսենը սրտնեղում է՝ հարկերը տեղը տեղին հավաքում են, բայց որ վնաս ենք կրում, ոչ մեկը չի փոխհատուցում: Դեբետի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանի խոսքով՝ համայնքապետի ու պատկան մարմինների կողմից մինչ օրս տուժած բնակիչներին ոչ միայն փոխհատուցում չի տրվել,  նույնիսկ չեն հետաքրքրվել:

«Եթե ո´չ աջակցություն է լինում, ո´չ հետաքրքրվածություն` էլ դիմելու, տեղեկացնելու իմաստը ո՞րն է; Պետք է ավելի վերևներում զբաղվեն այս հարցով: Մեխանիզմ ստեղծեն, որ կամ հովանավորեն որսորդներին, կամ այլ միջոցներով գայլերի դեմն առնեն, կամ փոխհատուցեն տուժած բնակիչներին»,- ասում է Աշոտը: 

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանից տեղեկացանք, որ գայլերի հարձակումներից տուժած որևէ բնակչի մինչ այժմ պետական աջակցություն կամ փոխհատուցում չի տրամադրվել:

Վարչության պետը ասում է, որ գյուղացիներն էլ  մեղքի բաժին ունեն, նրանք կարող են հրացան գնել ու որս անել:

«Իրանց մեղավորությունը այդտեղ ավելի շատ է, քան ուրիշներինը: Իրանք չեն նայում, ժամանակին գոմերը չեն անում, չեն կապում: Դրա համար էլ նման բաներ են լինում»,- ասում է նա:

Համայնքապետ Արարատ Քոչարյանն այսօր գրանցված դեպքի մասին տեղեկացավ մեզնից: «Տուժած բնակիչը նախ մեզ՝ գյուղապետարանին, պետք է տեղեկացներ, նոր լրագրողներիդ»,- նշեց համայնքապետը:

Վերջինս տեղեկացրեց, որ գայլերի դեմ պայքարելու մասին երեկ բարձրաձայնել է ոստիկանության Գուգարքի բաժնում անցկացված խորհրդակցության ժամանակ:

«Եկանք համաձայնության, որ գրություն գրեմ, որպեսզի ոստիկանությունը թույլ տա` մեկ ամիս որսորդները աշխատեն գյուղի տարածքում»,- նշեց համայնքապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter