HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արմեն Սարգսյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվել «Դիլիջան» ազգային պարկի հատուկ ջոկատի աշխատակից Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում էր Հաղարծին գյուղի բնակչից 140 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ։

Դատախազությունը Սարգսյանին եւ Կամո Պողոսյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք վերցնելը)` դատարանից պահանջելով յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն իր վճռում վերաորակել է Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը 311-րդ հոդվածի 2-րդ մասից՝ 1-ինի (միանձնյա կաշառք վերցնելը, որի համար նախատեսված է 3 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում), քանի որ դատարանում այդպես էլ չի ապացուցվել երկու ամբաստանյալների միջեւ նախնական համաձայնության փաստը։

Սարգսյանը դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման՝ ճիշտ այնքան, որքան ժամանակ գտնվում է կալանքի մեջ։ Դատարանը համարել է, որ նրա կրած ազատազրկումը բավարար է գործած հանցանքի համար։ Իսկ Կամո Պողոսյանի նկատմամբ, որը նույնպես 9 ամսվա կալանքի մեջ էր, դատավոր Մելքոնյանը կայացրել է արդարացման դատավճիռ։

Կամո Պողոսյանի փաստաբան Կարեն Քամալյանը «Հետք»-ի հարցին, թե իր պաշտպանյալը բարոյական վնասի փոխհատուցում պահանջելու՞ է, պատասխանեց․ «Վճիռը կստանանք, ձեր նշած հարցը կքննարկենք»։ Արմեն Սարգսյանի փաստաբան Կարեն Բատիկյանն էլ ասաց, որ կնախընտրեր բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ Սարգսյանի հանցանքը դատական ողջ գործընթացում այդպես էլ չի ապացուցվել, սակայն այդ հարցի վերջնական որոշումը պետք է կայացնի հենց Արմենը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter