HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանական մուրճը Հայաստանի գլխին Ռուսաստանի ու Թուրքիայի հայտնի զենքն է»

«Հետքի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

-Տիկին Սեդրակյան, Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ելույթում հայտարել է, որ Երևանն իրենց պատմական հողն է, և որ իրենք՝ ադրբեջանցիները, պետք է վերադառնան այդ հողերը: Սա, ըստ Ալիևի, իրենց քաղաքական ու ռազմավարական նպատակն է: Չնայած Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ նման կերպ արտահայտվում, այդուհանդերձ, կարո՞ղ ենք փաստել, որ սա ոչ թե ներքին լսարանին «կերակրելու» համար է, այլ պաշտոնական Բաքվի որդեգրած հստակ ուղեգիծ:

-Մենք պետք է մի բան հասկանանք. դեռևս չի եղել մի ժամանակահատված, մի տասնամյակ, որ նման հայտարարություններ չհնչեն: Ե՛վ Էլչիբեյն է խոսել դրա մասին, և՛ Մութալիբովն է խոսել, այսինքն՝ Հայաստանը իբրև Ադրբեջանի հող դիտարկելն ուղղակի ի ցույց է դնում ադրբեջանցիների մշտարթուն կոմպլեքսը Հայաստանի պատմության հանդեպ: Այսպես ասած, քաղաքակրթական շուկայում իրենք հասկանում են, որ անհույս, անդառնալիորեն և առանց կոմպենսացիայի զիջում են Հայաստանին: Բայց ուրիշ բան է, որ պատմական հաղթաթուղթը ներկայիս իրավիճակում Հայաստանին որևէ ձևով չի կարող օգնել: Ինչո՞ւ: Որովհետև հաջող պետականության համար և Ադրբեջանի հռետորաբանությունը լռեցնելու համար պետությունը պիտի լինի կայացած միջազգային շուկայում:

Մենք պետք է հասկանանք, որ նմանատիպ ռազմատենչ հայտարարությունները Ռուսաստանին խիստ ձեռնտու են, և նա որևէ ջանք չի գործադրելու, որպեսզի նմանատիպ հայտարարությունները լռեցնի, սահմանափակի կամ ինչ-որ ձևով հակադարձի դրանց: Ճիշտ հակառակը՝ ադրբեջանական մուրճը Հայաստանի գլխին Ռուսաստանի, և ոչ միայն Ռուսաստանի, Թուրքիայի հայտնի զենքն է: Իսկ եթե հաջողությամբ այս պետությունը կործանեն, ինչին որ ձգտում են բոլորը՝ ներառյալ արտաքին և ներքին ուժերը, այդ մուրճը կպահվի նաև սփյուռքահայ համայնքի գլխին: Դա այն մութ մուրճն է, որ անվերջ կիրառվում է:

Ի՞նչ պետք է անել, որ հակադարձվի: Հակադարձել հնարավոր է միայն մի ձևով՝ միջազգային հանրության մաս դառնալով: Ուրիշ տարբերակ չկա: Որպես նախադեպ կարող եմ բերել այն հռետորաբանությունը, որ բանեցնում էին Սիրիայի դեմ, ու սիրիացիներն ապավինում էին ռուսական միջամտությանը, ինչն էլ ավարտվեց նրանով, որ այս պահին Սիրիայում գնում է հերթական սպանդը: Պետք է հասկանանք, որ ներկա պահին հակակշիռ չունենք: Մեր միակ հակակշիռը միջազգային հակազդեցության լծակներն են: Բայց մեր երկրում այդ լծակները չեն գործում, որովհետև Հայաստանն ամբողջովին՝ արտաքին և ռազմական քաղաքականությամբ, գտնվում է Ռուսաստանի տիրույթում:

-Ի պատասխան Ալիևի այդ հայտարարության՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչևէ Ադրբեջանում չհրաժարվեն, շարունակեն մնալ անուրջների գրկում, զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել: Ըստ Ձեզ՝ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը անկեղծորեն կարծում են, թե հնարավո՞ր է խնդրի լուծումը բանակցային ճանապարհով:

-Կգերադասեի, որ ի հակառակ Ալիևի, այսպես ասած, գյուղական հռետորաբանության, մեր պետական այրերից հնչեին շատ ավելի կոնստրուկտիվ, շատ ավելի քաղաքակիրթ մեսիջներ. ոչ թե խոսվեր պետական զառանցանքների, երազների մասին, այլ դրվեր միջազգային դիվանագիտական բառապաշարի տիրույթում, որը և՛ լսելի կլիներ միջազգային հանրությանը, և՛ միևնույն ժամանակ կբարձրացվեր Հայաստանի միջազգային վարկանիշը:

Շատ ցանկալի էր, որ այդ նույն հակադարձող մեսիջը ձևակերպված լիներ, որ այդ ամենն ընկալվում է որպես վերբալ ագրեսիա Հայաստանի տարածքային և պետական ամբողջականության դեմ: Այդ լեզուն պետականորեն, 21-րդ դարի տեսանկյունից, նաև միջազգային հանրության տեսանկյունից ավելի ընկալելի է ու ավելի է բարձրացնում Հայաստանի վարկանիշը: Թե չէ մենք կանգնում ենք նույն նժարի վրա՝ մեկը խոսում է պատմական հողերի մասին, մենք հակադարձում ենք ինչ-որ զառանցանքների մասին: Ինձ թվում է՝ մենք պետք է մի աստիճան բարձր լինենք ամեն ինչում՝ ներառյալ մեր հռետորաբանության մեջ:

-Ամեն դեպքում  պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը անկեղծորեն կարծում են, թե հնարավո՞ր է խնդրի լուծումը բանակցային ճանապարհով:

-Գիտեք, բանակցային ճանապարհով խնդրի լուծումը հնարավոր է միայն մի պարագայում, եթե դու ունես հզոր պաշտպանական երաշխիքներ: Ներկա պահին դրանք չունենք, համենայն դեպս, չենք կարող ասել, որ մեր սահմանների անընդհատությունը խախտելու դեպքում որևէ բանակ, դա կլինի ռուսական թե ՆԱՏՕ-ի, կմտնի մեզ պաշտպանելու: Դեռ ավելին ասեմ՝ Սիրիայի պարագայում ռուսական բանակն իր ամբողջ ռազմական պոտենցիալով ներգրավված էր պաշտպանության մեջ: Եվ թե ինչով դա ավարտվեց, տեսանք բոլորս:

-Տեսակետ կա, որ Ալիևը նախագահական ընտրությունները տեղափոխել է ապրիլ, որպեսզի հետո պատրաստվի նոր ռազմավարական գործողությունների: Համամի՞տ եք:

-Կարծում եմ, որ ապրիլ տեղափոխելն իսկապես ներքին խնդիր է, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ալիևը ներքին հույս էր կապում Հայաստանի գործող իշխանության փոփոխության հետ: Չգիտեմ, թե ում էր ակնկալում, կամ ում էին իրեն խոստացել որպես Հայաստանի ապագա ղեկավար, բայց և՛ այս հռետորաբանության թեժացումից, և՛ մնացած բոլոր նշաններից ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանը խիստ հիասթափված է: Ինձ թվում է՝ Մոսկվայից ուրիշ խոստում էին ստացել ու հիմա թեժացնում են իրենց ներքին օջախը, որպեսզի Հայաստանը համապատասխանաբար արձագանքի կամ ընկնի պրովոկացիայի գիրկը:

Կարծում եմ, որ այդ ընտրությունները կապված են Հայաստանում անցկացվելիք ընտրությունների հետ, և նա փորձում է զբաղված չլինել Հայաստանի հետընտրական ժամանակահատվածում, աչալուրջ ուզում է վերահսկել իրադրությունը:

Թե արդյոք դա պլանավորում է որպես հարձակում, թե ուրիշ բան, չեմ կարող ասել, որովհետև դրանով պիտի զբաղվեն ոչ թե քաղաքական վերլուծաբանները, որովհետև Ալիևի հոնքերի շարժից չի երևում դա, այլ իսկապես ռազմական ստրատեգները և այն մարդիկ, ովքեր տեղյակ են Ադրբեջանի զորքի տեղաշարժից: Չէ՞ որ ապրիլյան պատերազմից առաջ դրա մասին գիտեին հաշված թվով մարդիկ, բայց չէր հանրայնացվում, չէր բարձրացվում: Ու դա վերջացավ ողբերգությամբ: Դրա համար էլ ինձ թվում է, որ եթե այդպիսի հարձակում նախապատրաստվում է, հանրությունը նախօրոք տեղեկացված պիտի լինի:

Լուսանկարը՝ Ա. Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Ընտրություններից առաջ «Արցախը ՀՀ անբաժանելի մաս է», իսկ ընտրություններից հետո՝ «անկախ պետություն»: Հայաստանը «Արցախը համարում է անկախ», բայց չի ճանաչում վերջինիս անկախությունը: 1994-ից սկսած՝ ՀՀ իշխանություններն Արցախը դարձրել են «գլորվող շարիկ», դրա համար էլ աշխարհն Արցախին այլևս այդքան լուրջ չի ընդունում:..................... Եթե Ռուսաստանն իրականու՛մ Արցախի խնդրի լուծում ցանկանար, ԱՅԴՔԱՆ հարձակողակա՛ն զենք չէր վաճառի Ադրբեջանին: Մինսկի խմբի համանախագահ միակ երկիրը, որ հակամարտող կողմերին հարձակողական զենքեր է տալիս:................. ԵՏՄ մտնելիս ՀՀ իշխանությունները պաշտոնապե՛ս հայտարարեցին, որ ԼՂՀ-ն «դե յուրե ՀՀ մաս չէ»: Ուրեմն թողեք,որ Արցախն ի՛ր հարցերը լուծի Ադրբեջանի հետ,իսկ Հայաստանը թող աջակցի Արցախին, բայց ոչ Արցա՛խի անունից գործի:
Մինաս
Հարգելի Անուշ, թույլ տվեք միայն ավելացնել, որ եթե գլուխը խելոք չի լինում ապա մուրճ միշտ էլ ճարվում է: Իսկ մեր պարագայում շատ խելոք գլուխ էր պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter