HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց հաշմանդամության կարգի տրամադրման փորձաքննությունը որակապես փոխել

Կառավարության փետրվարի 15-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունի բժշկական, սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը։ Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցառումների՝ ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են», - ասաց Կարապետյանը՝ հավելելով, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ։

Վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարներին մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ՝ հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերին։

«Նախնական քննարկել ենք սոցապ և առողջապահության նախարարների հետ, այն ուրվագիծը, որ նրանք առաջարկել են, որակապես փոխելու է այդ ոլորտը։ Այնպես որ համոզված եմ, մեկ ամսվա ժամկետում նոր խաղի կանոններ կստանանք», - նկատեց Կարեն Կարապետյանը։

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - հայտարարեց Կարապետյանը։ Վերջինս հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեններին երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը։

Մյուս հանձնարարականը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիտորինգին։ Վարչապետի խոսքով՝ Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված եռամսակային հաշվետվության կտրվածքով տրամադրվել են շրջակա միջավայրի մոնիտորինգի մասին հետազոտություններ, սակայն հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիտորինգի արդունքում արձանագրված խնդիրների վերլուծությունն ու դրանց իրականացումը, նաև գործիքակազմ մշակել։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ` համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավմանն ուղղված:

«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է, չգիտեմ` ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպեք»,-ասաց Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter