HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում. որպես փոխհատուցում կվճարվի 6000 դոլար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց իր պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացնել 6000 դոլար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կրած պարտությունը փոխհատուցելու համար։ ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 14-ին: Գումարի վճարման վերջնաժամկետը մարտի 14-ն է:

«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործի նախապատմությունը

2006 թվականի ապրիլի 29-ին դիմումատուի զորամասի մոտ գտնվող անտառում հայտնաբերվել է նրա ծառայակցի՝ Ա.Հ.-ի դին։ Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել մահվան փաստի առթիվ:

Նույն օրը դիմումատուի և մեկ այլ ծառայակցի՝ Ռ.Հ.-ի նկատմամբ կիրառվել է տասնօրյա կալանքի ձևով կարգապահական տույժ՝ նախորդող ամսվա ընթացքում Ա.Հ.-ին ծեծի ենթարկելու համար։

Դիմումատուն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Հայաստանի պաշտպանության նախարարության (Ռազմական ոստիկանության վարչություն), որտեղ նրանք հարցաքննվել են որպես քրեական գործով վկաներ։ Հարցաքննության ժամանակ Ռ.Հ.-ն խոստովանել է, որ ինքը և դիմումատուն սպանել են Ա.Հ.-ին։ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման և ծանրացնող հանգամանքներում սպանության համար։ Սակայն դիմումատուն վիճարկել է գործի նյութերում արտացոլված փաստերը:

2006 թվականի հունիսի 21-ին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, դիմումատուն բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ Կապանի ռազմական ոստիկանության վարչությունում, այնուհետև Ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարանում ռազմական ոստիկանության աշխատակիցներն ու քննիչներն իրեն դաժան ծեծի են ենթարկել և Ռ.Հ.-ից խոստովանական ցուցմունք են կորզել։  

2006 թվականի սեպտեմբերի 21-ին հարցաքննվել են Օպերատիվ հետախուզության վարչության պետը, նրա տեղակալները և Ռազմական ոստիկանության ավագ սպան: Բոլորը հերքել են, որ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել, և քննիչը որոշել է քրեական գործով վարույթ չհարուցել։

2006 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան։ Դատական քննության ժամանակ դիմումատուն և Ռ.Հ.-ն պնդել են, որ նախնական քննության ընթացքում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել։ Սյունիքի մարզային դատարանը, դիմումատուի և Ռ.Հ.-ի պնդումները հիմք ընդունելով, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատարանը որոշել է գործի վարույթը կասեցնել և վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները Զինվորական դատախազության քննությանը հանձնել։

Արդեն 2007 թվականի հունիսի 15-ին կազմված բժշկական հետազոտության եզրակացության համաձայն՝ դիմումատուի մարմնի վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել ու քանի որ հետազոտությունն անցկացվել է բավականին ուշ (ենթադրյալ վատ վերաբերմունքին ենթարկվելուց մեկ տարի անց), և բժշկական որևէ փաստաթուղթ չի եղել, հնարավոր չի եղել ասել՝ արդյոք դիմումատուի վրա եղել է որևէ մարմնական վնասվածք, թե ոչ։

Զինվորական դատախազությունը հայտնել է Սյունիքի մարզային դատարանին, որ դիմումատուի և Ռ.Հ.-ի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ պնդումների ճշմարտացիությունը չի հաստատվել:

Սյունիքի մարզային դատարանը, Ա.Հ.-ի մահվան հետ կապված, դիմումատուին մեղավոր է ճանաչել առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն կատարելու համար, իսկ Ա.Հ.-ին ծեծի ենթարկելու հետ կապված՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտում կատարելու համար։ Դիմումատուն դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման։ Մարզային դատարանը եզրակացրել է, որ Ռ.Հ.-ի ցուցմունքները կարելի է համարել ընդունելի, քանի որ պարտադրված խոստովանության վերաբերյալ նրա պնդումները չեն հիմնավորվել։

Դիմումատուն մի քանի անգամ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, որոնք մերժվել են: 2010 թվականի հունվարի 20-ին ներկայացված վերջին վճռաբեկ բողոքով դիմումատուն պնդել է, որ ո՛չ քննչական մարմինները և ո՛չ էլ դատարանները հաշվի չեն առել այն փաստը, որ ինքը և Ռ.Հ.-ն ծեծի ու խոշտանգման են ենթարկվել ռազմական ոստիկանության կողմից։  Սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի այս բողոքը ևս։

Ինչ է եզրակացրել ՄԻԵԴ-ը

Այս գործով ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանությունները չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն: Դատարանը գտել է, որ թեև դիմումատուի կողմից Գլխավոր դատախազություն բողոք ներկայացվել է մեկ ամիս ուշացումով, սակայն այդ ուշացումն այնքան երկար էր, որ բողոքն այդ փաստի ուժով համարվեր անհիմն կամ չունենար հաջողության հասնելու հեռանկար: ՄԻԵԴ-ի եզրահանգմամբ՝ իշխանությունները դիմումատուի պնդումների մասով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն են ունեցել:

Անդրադառնալով դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումներին իշխանությունների արձագանքի արդյունավետությանը, Դատարանը նկատել է, որ 2006 թվականի հունիսի 21-ին Գլխավոր դատախազություն նրա կողմից ներկայացված բողոքն ուղարկվել է Զինվորական դատախազություն, որն էլ հենց զբաղվում էր նրա դեմ հարուցված քրեական գործի քննությամբ: Ավելին, նրա բողոքն ուղարկվել է նույն քրեական գործի քննության համար պատասխանատու քննիչ Ա.Կ.-ին, որն էլ ի վերջո որոշել է ռազմական ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել:

Դատարանը նշել է, որ կազմակերպական ենթակայության տեսանկյունից Ռազմական ոստիկանությունն առանձին մարմին է, որը ենթակա է Պաշտպանության նախարարությանը, այլ ոչ թե Զինվորական դատախազությանը, որը մտնում է հետապնդում իրականացնող մարմինների կազմի մեջ: Սակայն հաշվի առնելով այն, որ քննիչ Ա.Կ.-ն կոչված էր քննելու ռազմական ոստիկանության այն աշխատակիցների գործողությունները, որոնք ներգրավված էին եղել իրեն հանձնարարված քրեական գործի նախնական քննության մեջ, և որ դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումների քննության արդյունքը պարտադիր հետևանքներ կունենար այդ գործով ապացույցների ընդունելիության վրա, Դատարանը չի կարող այդպիսի քննությունը համարել անկախության պահանջը բավարարող:

Դատարանը նաև նշել է, որ քննիչ Ա.Կ.-ի ձեռնարկած միակ քննչական միջոցառումը եղել է դիմումատուի բողոքը ստանալուց երեք ամիս հետո ռազմական ոստիկանության այն աշխատակիցներին հարցաքննելը, որոնք ենթադրաբար վատ են վերաբերվել նրան: Այս համատեքստում Դատարանը գտել է, որ իշխանությունները դիմումատուի բողոքին չեն արձագանքել արագ և պատշաճ կերպով: Դատարանը նկատում է, որ քննիչը չի հարցաքննել դիմումատուին, առավել ևս՝ չի փորձել նշված աշխատակիցների հետ առերեսում իրականացնելու միջոցով պարզել դեպքերի մասին հակասող պնդումները: Բացի այդ, քննություն իրականացնող մարմինը դիմումատուի բողոքը ստանալուց անմիջապես հետո չի նշանակել բժշկական զննություն, որը հնարավոր է, որ հանգեցրել է կարևոր նշանակություն ունեցող ապացույցների կորստի: Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն բժշկական զննության է ենթարկվել ենթադրյալ վատ վերաբերմունքից միայն մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի դատարանի որոշումից հետո:

Այս ամենը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն, որի արդյունքում Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է և պարտավորվել վճարել 6000 դոլար։

Մեկնաբանություններ (1)

Արամ
Մեր երկրում դատարան գոյություն չունի, քանի որ դատարանը Կոնվենցիայի իմաստով սահմանվում է որպես խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ միջոց և այլ միջոցների երաշխավոր, իսկ մեզ մոտ նա հանդիսանում է պետության կամայականություններն իրականացնող և մարդկանց իրավունքները ոտնահարող միջոց: Եթե դրան էլ ավելացնենք որ Եվրադատարանում ներկայացուցիչն է նախկին դատախազ Գ. Կոստանյանը, որը շատ հեռու է իրավունքը հասկանալուց և ինքն է ժամանակին ոտնահարել մարդու իրավունքները, ապա պարզ կլինի ինչու է մեր ժողովուրդը այս վիճակում հայտնվել:Ափսոս որ Եվրադատարաննում գործերը ձգձգվում են, ինչից օգտվում է իշխանությունը, իր հանցավոր նպատակները իրագործելու համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter