HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդանյան եղբայրներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Վիգեն Պողոսյանը Հյուսիսային պողոտայի 4 շենքի վերգետնյա հատվածամասին կից վերելակի տեղադրման համար դեռևս 2013-ին Երևանի քաղաքապետարանից թույլտվություն է ստացել: Վերելակը պետք է կապեր վերգետնյա հատվածը` Վիգեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ստորգետնյա հատվածին, որը, վարձակալությամբ, Վ.Պողոսյանը տրամադրել է SacVoyage պայուսակների մասնագիտացված խանութին:

Դեպի այդ տարածք ստորգետնյա միակ մուտքը և ելքը «Տաշիր»-ին պատկանող հատվածից է ապահովվում, որի համար տարածքի սեփականատերը «Տաշիր»-ից այդ միջանցքը մշտապես պետք է վարձակալի, այլապես դեպի իր տարածք մուտք չի ունենա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է վերելակի ճարտարապետական առաջադրանքը և շինթույլտվություն տրամադրել: «Վերելակով լուծվում է բնակչության և հաշմանդամություն ունեցող սակավաշարժ խմբերի համար տեղաշարժման անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը»,- նշված է քաղաքապետարանի տրամադրած թույլտվության մեջ:

Վերելակի կառուցման ողջ ծախսերն իր վրա է վերցրել Վիգեն Պողոսյանը:

«Հյուսիսային-4» համատիրությունը 2014-ին դիմել է Վարչական դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, իսկ երրորդ անձ է ընդգրկել Վիգեն Պողոսյանին: Համատիրությունը խնդրել է անվավեր ճանաչել քաղաքապետարանի տրամադրած վերելակի շինարարության թույլտվությունը:

Համատիրությունը հիմնավորել է, որ վերելակի կառուցման շինաշխատանքները կատարվում են Հյուսիսային պողոտա 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող նույն հասցեում գտնվող շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վրա` առանց շենքի, շինությունների սեփականատերերի համաձայնության: Ավելին, հայցվորը նշել է, որ կառուցման աշխատանքներն իրականացվում են անմիջապես շենքի արտաքին պատին կից, նույնիսկ 1 մետր հեռավորություն պահպանված չէ, ուստի շինաշխատանքները լուրջ վտանգ են ներկայացնում շենքի հիմքերի ամրության տեսանկյունից, և այդ առումով ևս խախտում են սեփականատերերի սեփականության իրավունքը:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Արծրուն Միրզոյանի, զննել է վիճահարույց տարածքը և եզրակացրել, որ Հյուսիսային պողոտա 4 շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող արտաքին ճակատային պատի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականատերերի իրավունքները չեն խախտվել` այդպիսով մերժելով նաև հայցը: Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյանում: Վարչական վերաքննիչն էլ գտել է, որ հայցվոր համատիրությունն ակնհայտորեն չի ունեցել և չունի հայցը ներկայացնելու իրավունք: Վերաքննիչը գտել է, որ այս հիմքով վճիռը ենթակա է բեկանման` կարճելով գործի վարույթը: Վճռաբեկն էլ 2016 թվականի հունիսին մերժել է բողոքը վարույթ ընդունել:

«Գրանդ հոլդինգ» կորպորացիայի հիմնադիր Հրանտ Վարդանյանի որդիները` Կարեն և Միքայել Վարդանյանները 2015 թվականի դեկտեմբերին ձեռք են բերել Հյուսիսային պողոտայի 4 շենքի 1/2 հասցեն, այսինքն` դարձել են ներկայիս գործող «Բիլայն»-ի գրասենյակի սեփականատերեր («Բիլայն»-ը վարձակալում է տարածքը Վարդանյաններից, օգտագործում է որպես սպասարկման կենտրոն): Հետևաբար, դարձել են ընդհանուր բաժնային տարածքի սեփականատերեր:

Վարդանյանները տեղեկացել են վերելակի շինարարության և դրա համար տրամադրված թույլտվությունների մասին և, չնայած հայցային վաղեմության ժամկետն անցել է, դիմել են դատարան` խնդրելով բաց թողնված ժամկետը հարգելի համարել, ինչը և դատարանը բավարարել է:

Վարդանյաններն իրենց հայցում հիմնավորել են, որ վերելակը չէր կարող կառուցվել նշված հասցեում, քանի որ այն բազմաբնակարան շենքի սպասարկման համար նախատեսված տարածք է, իսկ ընդհանուր տարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունեցող բնակիչները, ինչպես նաև իրենք, չեն տվել իրենց համաձայնությունը:

Դատարանում քննարկվել է հարցը` արդյոք այդ տարածքը շենքի համար նախատեսված սպասարկման տարածք է, թե՞ Հյուսիսային պողոտայի մաս: Ի վերջո, տեղազննությամբ այս անգամ էլ պարզվել է, որ տարածքը բաժնային սեփականություն է, և այն որևէ տեսքով շահագործելու համար անհրաժեշտ է սեփականատերերի համաձայնությունը, ինչը չի եղել:

2017 թվականի հոկտեմբերի 2-ին Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է Վարդանյան եղբայրների հայցը բավարարել և Տարոն Մարգարյանի ստորագրած` վերելակի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչել:

Վիգեն Պողոսյանը բողոքարկել է այս վճիռը Վարչական վերաքննիչ դատարանում: Նրա դիրքորոշումն այն է, որ արդեն իսկ այս գործով եղել է դատական ակտ, վերադաս ատյաններով բողոքարկվել է, և վճիռն օրինական ուժի մեջ է մտել, իսկ դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը չէր կարող նույն գործը երկրորդ անգամ վարույթ ընդունել: Ավելին, վերելակի կառուցման համար շուրջ 50 հազար դոլար է ծախսել, այն արդեն պատրաստ է տեղադրման ու շահագործման համար:

Այս գործով նշանակված դատաքննությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter