HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

19-ամյա երիտասարդը Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 մարդ է սպանել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Բրոուարդ շրջանի Պարկլենդի դպրոցում: Զոհվածների թվի մասին տեղեկությունը հայտնել է շրջանի շերիֆ Սքոթ Իսրաելը: 

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ զինված անձը սկզբում միացրել է տագնապի ազդանշանը, ինչը խուճապ է առաջացրել աշակերտների շրջանում, որից հետո սկսել է կրակոցներ արձակել: Շերիֆի խոսքերով՝ դպրոցի վրա հարձակված անձը զինված է եղել ինքնաձիգով և ունեցել է «անթիվ քանակությամբ պահեստատուփեր»: Զոհվածների թվում կան և՛ աշակերտներ, և՛ մեծահասակներ: Կան նաև տասնյակ վիրավորներ:

Բրոուարդի շերիֆի հաղորդմամբ՝ հրաձիգը 19-ամյա Նիկոլաս Կրուզն է, ով եղել է դպրոցի նախկին աշակերտը և հեռացվել է այնտեղից կարգապահական խախտումների համար: Կրակոցներից հետո նա թաքնվել է դպրոցի տարածքում, սակայն քիչ անց ոստիկաններին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել նրան և ձերբակալել:

Պարկլենդի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ջիմ Գարդը Miami Herald-ին պատմել է, որ դպրոցի աշխատակազմը նախկինում զգուշացրել է ուսուցիչներին, որ Նիկոլաս Կրուզը բազմիցս սպառնացել է աշակերտներին:

Միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին:

Լուսանկարը՝ Mike Stocker / Zuma / Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter