Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Ջրամբարները լցվել են 30 տոկոսով



Ընթացիկ տարվա ձմռան մեղմ կլիման մինչ օրս որևէ բացասական ազդեցություն չի թողել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքների, խաղողի և պտղատու այգիների վրա։ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բարձրադիր գոտիներում առկա է ձյան ծածկույթ, որը դրական ազդեցություն կունենա աշնանացան մշակաբույսերի ձմեռացման փուլի վրա: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Հատկապես Արարատյան հարթավայրի գյուղացիներն արդեն մտավախություն ունեն, որ տեղումների սակավությունը լուրջ դժվարություններ է հարուցելու ամառվա ամիսներին: Ջրամբարներում բավարար ջուր չի հավաքվի, և ոռոգման ջուր չեն ունենա:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում գործում է շուրջ 80 ջրամբար՝ 1,2 մլրդ խորանարդ մետր ծավալով: Համեմատաբար խոշոր ջրամբարները 11-ն են: Այս տարվա փետրվարի 13-ի դրությամբ 11 ջրամբարների լցվածությունը կազմել է 229,97 մլն խմ, կամ՝ 30%:

Ըստ Վոլոդյա Նարիմանյանի՝ ոռոգման շրջանում նշված ջրամբարների ամբողջական լցվածության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, դրանց «սպասարկման» տակ ընկած հողատարածքներում հիմնականում ոռոգման ջրի սուր պակաս չի զգացվում՝ պայմանավորված ոռոգման համապատասխան համակարգերի առկայությամբ: Անբարենպաստ, չոր եղանակային պայմանների դեպքում սակավաջրության ռիսկերը հնարավոր է մեղմել նաև խորքային հողերի շահագործմամբ կամ վերագործարկմամբ՝ այդ թվում նորերի հորատմամբ:

Իսկ գյուղնախարարի տեղակալի հաշվարկներով՝ եթե հանրապետությունում առկա 446 հազար հա վարելահողերն ամբողջովին գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկվեն, հաշվի առնելով նաև 56 հազար հա բազմամյա տնկարկների առկայությունը, նույնիսկ ջրամբարների լիարժեք լցվածության դեպքում ջրային ռեսուրսների դեֆիցիտի հիմնախնդիրն ամբողջովին լուծել հնարավոր չէ։

Հանրապետության տարածքում առաջացող հոսքերն ամբարելու նպատակով կառուցվում և ընթացքում կառուցվելու են Վեդու (29 մլն մ3), Կապսի (25 մլն մ3) և Սելավ Մաստարայի (10,2 մլն մ3) ջրամբարները: Ներկայումս ուսումնասիրվում է առաջնահերթ համարվող 10 փոքր ջրամբարներից երկուսի՝ Արգիճիի (6,5 մլն մ3) և Աստղաձորի (1,25 մլն մ3) կառուցման նպատակահարմարության հարցը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի փոխանցմամբ՝ Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրն արժե 90 մլն եվրո, որից շուրջ 75 մլն եվրոն վարկ է: Կապսի առաջին փուլով 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցման արժեքը 60 մլն եվրո է, որից 50 մլն եվրոն վարկ է: Իսկ Սելավ Մաստարայի կառուցման արժեքը 670 հազար դոլար է:

Աշոտ Հարությունյանը նշում է, որ ոռոգման ջրի կարգավորման համար առաջնահերթ խնդիր է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Ներկայումս մայր, միջտնտեսային ջրանցքների, ներտնտեսային ջրատարների ու ցանցերի ոչ բարվոք վիճակով, ինչպես նաև մակերեսային (ակոսային) եղանակով ոռոգմամբ պայմանավորված՝ ջրառի կետերում վերցված ջուրը մշակաբույսին է հասնում առնվազն 45% կորուստներով։ Իրավիճակը բարելավելու նպատակով, ըստ նախարարի տեղակալի, ձեռնարկվում են միջոցառումներ: Մասնավորապես` իրականացվում է լայնամասշտաբ լուսաբանում, գովազդում, խորհրդատվություն` կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման առավելությունների, իսկ ջրի խնայողության առումով նաև կենսական անհրաժեշտության մասին: Ներգրավված վարկային միջոցների հաշվին իրականացվում են ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման և արդիականացման ծրագրեր:

Աշոտ Հարությունյանի խոսքերով՝ հանրապետությունում հազարավոր հեկտար ոռոգման հնարավորություն ունեցող հողատարածքներ տարբեր պատճառներով չեն մշակվում: Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրականացվում են գյուղատնտեսության աջակցության մի շարք ծրագրեր: Օրինակ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու համար տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ և այլն։

Նշենք, որ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել և կառավարության 2017թ. դեկտեմբերի 21-ի արձանագրային որոշմամբ՝ հավանության է արժանացել նաև կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման նպատակով մինչև 3 տարի մարման ժամկետով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվելու են այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն առավելագույնը 2%-ով:

Նախատեսվում է 2018-2022թթ. յուրաքանչյուր տարի կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրել 1600-1700 հա հողատարածքներում, որի համար տարեկան կպահանջվի շուրջ 2,0 մլրդ դրամ, տոկոսադրույքների սուբսիդավորման համար՝ ընդամենը 2,275 մլրդ դրամ, որից 2018թ.` մոտ 114 մլն դրամ:

Գյուղատնտեսության նախարարությունում ծրագրի իրականացումից ակնկալում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում: Ինչպես նաև ակնկալվում է պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման և ոռոգման համակարգի արդիականացման խթանում, ոռոգման շրջանում լարվածության նվազում, հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում, ջրօգտագործողի ֆինանսական և սոցիալական վիճակի բարելավում և այլն:

Վոլոդյա Նարիմանյանն էլ տեղեկացնում է, որ ներկայումս ոռոգվող հողատարածքների ջրապահովվածությունը մեծացնելու և նոր հողատարածքներ ոռոգելի դարձնելու նպատակով Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման վարկային ծրագիրը, որի արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, որից 40 մլն դոլարը վարկ է:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից նախաձեռնվել է առաջնահերթ կառուցման ենթակա շուրջ 43մլն խմ ծավալով 11 փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագիրը: Վերջինիս ներդրումային ծախսը կազմում է 34 մլրդ դրամ: Վոլոդյա Նարիմանյանը նշում է, որ նշված ծրագիրը նախնական ուսումնասիրության փուլում է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Nelson07:12 - 17 փետրվարի, 2018
Թող ձկնաբուծարաններից Արաքս աղ գնացող ջրերը հավաքեն և պոմպերով մղեն դաշտերը ոռոգելու համար ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ