HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վերջին հինգ տարիներին արգելված որսի միջոցով պետությանը հասցվել է 28 միլիոն դրամի վնաս

2012-2017 թվականների ընթացքում արգելված որսի միջոցով պետությանը հասցվել է մոտ 28 միլիոն դրամի վնաս։ Վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է 7 բեզոարյան այծի, 4 կովկասյան գորշ արջի, 7 այծյամի և 1 սպիտակագլուխ անգղի արգելված որս: «Հետք» էլեկտրոնային պարբերականը Ոստիկանությանն ուղարկած գրավոր հարցման միջոցով ստացել է արգելված որսի դեպքերով հարուցված քրեական գործերն ու դրանց ընթացքի մասին տեղեկություն։

Բեզոարյան այծը Կարմիր գրքի չափորոշիչներով՝ գնահատվում է որպես խոցելի տեսակ: Հայաստանում հանդիպում է Սևանի լեռնաշղթայում, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերում, Գառնիի, Ուրծի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներում և Նորավանքի կիրճում: Ներկայումս բեզոարյան այծի թվաքանակը 1000-1500 առանձնյակ է: Վտանգման գործոններից առաջինը որսագողությունն է։ Ներկայացնենք բեզոարյան այծի արգելված որսի յոթ դեպքը։

Ամուսիններ Նորիկ Սարգսյանը և Մարինե Գրիգորյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՕԱԿ-ի Կաքավաբերդ կոչվող տարածքում 2012 թվականին ապօրինի կատարել են բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի և ճագարի որս՝ պետությանը պատճառելով 9 միլիոն 600.000 դրամի խոշոր վնաս: Ըստ մեղադրական եզրակացության`  Նորիկ Սարգսյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և 500 հազար դրամ տուգանք է նշանակվել։ Պետությանը հասցված 9 միլիոն 600 հազար դրամ վնասը փոխհատուցվել է։

Բեզոարյան այծի արգելված որսի հաջորդ դեպքը եղել է Եղեգնաձորում, չնայած ըստ մեղադրական եզրակացության տվյալների՝ գործում նշվում են նաև գործող ու նախկին պաշտոնյաների անուններ, ինչպես Վայքի նախկին փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը, որն այժմ Վայոց Ձորի մարզպետի խորհրդականն է, 12 տարի Եղեգնաձոր համայնքը ղեկավարած Սիրեկան Բաբայանը, սակայն քրեական գործ հարուցվել է միայն գործով մասնակից Վաչագան Ղարախանյանի դեմ։ Ըստ վերջինիս ինքնախոստովանական ցուցմունքի՝ ինքն է կրակել կենդանուն։ Ղարախանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա որսացել է 1 բեզոարյան այծ՝ պետությանը պատճառելով 3 միլիոն դրամի վնաս։ Պետությանը հասցված նյութական վնասը փոխհատուցվել է:

Բեզոարյան այծի մյուս արգելված որսը գրանցվել է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղի «Արծաթ աղբյուր» կոչվող տարածքում։ Արգելված որս կատարած Մխիթար Պետրոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքի ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (մեկ տարվա փորձաշրջան է սահմանվել), իսկ որպես բնությանը հասցված վնասի փոխհատուցում է սահմանվել 2 միլիոն 300 հազար դրամի բռնագանձումը, ինչպես նաև Պետրոսյանին պատկանող «սայգա» տեսակի ակոսափող որսորդական հրացանի բռնագրավումը։

Բեզոարյան այծի արգելված հաջորդ որսը Մեղրիում է։ Արտյոմ Մարգարյանը որսացել է երկու բեզոարյան այծ, ինչի հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է 6 միլիոն դրամի վնաս: Դատարանը որոշել է հօգուտ պետության Մարգարյանից բռնագանձել 6 միլիոն դրամ:

Բեզոարյան այծի որսի մյուս դեպքերով մեղավորները չեն պատժվել․ մի վարույթով գործը կասեցվել է՝ «գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ»։ Քանի որ մեղադրվողն այդպես էլ չի հայտնաբերվել, բնությանը հասցված վնասն այդպես էլ չի փոխհատուցվել։ Մյուս դեպքով մերժվել է քրեական գործ հարուցելու վարույթը՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարելուց հետո հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելով, Սևակ Բաբայանի անձը (գործով մեղադրվողը) դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Այս մասին «Հետք»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Կարմիրգրքային հաջորդ կենդանին, որի արգելված որսը որոշ հայաստանցիներ կատարել են, կովկասյան գորշ արջն է։ Գորշ արջը Կարմիր գրքի խոցելի դասակարգումը ստացած կենդանիների շարքում է, հանդիպում է Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Թվաքանակը հայտնի չէ, վտանգման գործոններից առաջինը որսագողությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում սպանվել է 4 արջ, բնությանը հասցվել է շուրջ 4 միլիոն դրամի վնաս։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Հրաչյա Ավետիսյանը Ջրաշեն գյուղի տարածքից որսացել է անդրկովկասյան գորշ արջ՝ պետությանը պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։ Որպես բնությանը պատճառված վնասի փոխհատուցում՝ Հրաչյա Ավետիսյանից 500 հազար դրամ է գանձվել պետական բյուջե և նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի 4 հարյուրապատիկի չափով։

Գորշ արջի մյուս որսերի դեպքերով հարուցված մեկ գործը կարճվել է, մյուսը՝ կասեցվել։ Գորշ արջի արգելված որսի դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: Մեկ այլ որսի գործով քրեական գործը կասեցվել է գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

Սպիտակագլուխ անգղը Կարմիր գրքի վտանգված տեսակներից է, հանդիպում է Հայաստանի ամբողջ տարածքում` բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից: Թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը՝ գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել է սպիտակագլուխ անգղի որսի մեկ դեպք՝ պետությանը պատճառելով 250 հազար դրամի վնաս։ Քրեական գործ չի հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, պետությանը հասցված վնասն էլ չի փոխհատուցվել։ Նախորդ տարվա հոկտեմբերին սոցիալական ցանցերում ի հայտ եկան Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանի լուսանկարները՝ ձեռքերին՝ սպանված սպիտակագլուխ անգղեր։ Մկրտչյանը հերքել էր, որ արգելված որս է իրականացրել՝ հայտնելով, որ ճանապարհի վրա ընկած էր տեսել կենդանիներին և որոշել լուսանկարվել որպես հուշ։ Այս դեպքերով պետությանը հասցված առնվազն 500 հազար դրամ վնասն այդպես էլ չփոխհատուցվեց, որևէ մեկն էլ պատասխանատվության չենթարկվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Դեպքը տեղի էր ունեցել 2007 թվականին, սակայն հասարակական հնչեղություն էր ստացել որսի՝ սոցցանցերում հայտնված լուսանկարների հայտնվելուց հետո։

Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել է այծյամի արգելված որսի յոթ դեպք․ պետությանը հասցված շուրջ 4 միլիոն վնասից փոխհատուցվել է երեք միլիոնը։

Օրենսդրության փոփոխությունը

«Որսի և որսորդական տնտեսության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք: Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով  պետական տուրք վճարած քաղաքացիներին: Որս կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ որսորդական զենք կրելու վկայականը, կենդանիների որսի թույլտվությունը, որսորդական վկայականը:

Ինչպես «Հետք»-ին հայտնեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, նախարարությունը «Որսի և որսորդական տնտեսության մասին» օրենքի նոր նախագիծ է մշակում։

«Կարգավորումները և պատասխանատվությունը լինելու են խիստ, չեմ ուզում հրապարակային ներկայացնել բոլոր հնարավոր լուծումները, որովհետև վերջնական ձևակերպումը դեռ չունենք, բայց կարծում եմ օրենսդրությունը հիմնարար է փոխվելու, որպեսզի ունենանք կառավարելի, վերահսկելի և հասցեական պատասխանատվության համակարգ»,- ասաց նախարարը։

Մինասյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու են որսահանդակ (որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ, որոնք  օգտագործվում են որպես որս իրականացնելու վայր) հասկացությունն այնքան հստակեցնել, որ սահմանված որսի կանոնները լինեն կիրառելի և վերահսկելի։

«Իսկ այսօր այդպես չէ․ Հայաստանը բաժանված է որոշ որսահանդակների, որտեղ որսի թույլտվությունն ազատ է, այսինքն մարդը կարող է այս տարածքում որսալ այն կենդանատեսակները, որոնք նախապես հայտարարվում են, մինչդեռ չկա արդյունավետ վերահսկողական համակարգ` գործող կարգավորման քաղաքականության մեջ։ Մենք ուզում ենք առաջադրել, որ բացառապես որսորդական տնտեսության կարգավիճակ ունեցող տարածքները լինեն որսի համար միջավայր, իրենց մեջ չներառեն Կարմիր գրքի կենդանիներ։ Պետք է արգելել նաև առանձին որսագործիքների կիրառումը, որովհետև դրանք  ոչ թե որսի, այլ ոչնչացման զենք են»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը։

Լուսանկարը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter