HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ թռչող գույք է ստանալու ապագա վարչապետը Սերժ Սարգսյանից

Ինչպես հայտնի է, կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ: Դրանում ներկայացված են, մասնավորապես, ապագա նախագահի եւ վարչապետի սպասարկումն ամրագրող մի շարք դրույթներ:

Ընդ որում՝ եթե վարչապետի մասով օրենսդրությունը նոր է, ապա նախագահի վերաբերյալ այժմ էլ գոյություն ունի «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենք, որն ընդունվել է դեռեւս 1996-ին: Սակայն այս նոր նախագիծն ընդունելուց հետո նշված օրենքն ուժը կորցնելու է: Այսուհետ նախագահի, ինչպես նաեւ մի շարք այլ պետական պաշտոնյաների վարձատրության, սպասարկման եւ անվտանգության հարցերը կարգավորվելու են 3 տարբեր օրենքներով:

1996-ին ընդունված եւ դեռեւս գործող օրենքը սահմանում է, որ երկրի նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում է հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Նոր օրենսդրությամբ՝ դրանք փոխանցվելու են վարչապետին: Նոր դրույթներն ուժի մեջ են մտնելու ապագա նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանից ինչ «ժառանգություն» է ստանալու նոր վարչապետը, եթե, իհարկե, կարելի է այդպես ասել:

Ինքնաթիռը

Այս պահին նախագահին սպասարկում է 1998 թ. արտադրության «Airbus A319-132» ինքնաթիռը, որը կորպորատիվ դասի կամ VIP օդանավ է: Արտադրվել է գերմանական Համբուրգում, aerotransport.org կայքի տվյալներով, օդանավը, հաշվի առնելով տեխնիկական պարամետրերը, իր տեսակի մեջ եզակի է: Այս պահին այն ավելի քան 19 տարեկան է, ինչը պատշաճ տարիք է:

Ինքնաթիռի առաջին շահագործողը եղել է բրիտանական «Twinjet»-ը, որն այն տարբեր ժամանակահատվածներում օգտագործել է Քուվեյթում եւ արաբական աշխարհում հայտնի Ալ Խարաֆի գործարար ընտանիքի ընկերությունների, բրիտանական «Abercrombie & Kent» ճամփորդական ընկերության եւ նույնիսկ բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսի կարիքների համար (այն ժամանակ օդանավը կրում էր G-OMAK գրանցման համարը): Այնուհետ ինքնաթիռը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի «NasJet» ընկերությանը, սակայն վերջինս չի շահագործել, այլ փոխանցել է իրեն փոխկապակցված մեկ այլ տեղական ընկերության՝ «Al Khayala»-ին (HZ-NAS):

2007-ի նոյեմբերին VIP ինքնաթիռը տեղափոխվել է Հայաստան եւ կցվել նախագահի աշխատակազմին (օդանավը ՀՀ սեփականությունն է): Ռոբերտ Քոչարյանին մի կարճ ժամանակահատված սպասարկելուց հետո այն փոխանցվել է Սերժ Սարգսյանին: 2007-2014 թթ. ՀՀ նախագահական բորտը կրում էր EK-RA01 գրանցումը, ապա՝ Հայաստան 701:     

Ս. Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան (25.12.2017)

Ինքնաթիռն այսօր ծառայում է ոչ միայն երկրի ղեկավարին, այլեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, մասնավորապես՝ վարչապետին: Ըստ էության, նոր նախագահի ու վարչապետի օրոք էլ այս պրակտիկան կշարունակվի, քանի որ սա միակ պետական ինքնաթիռն է:

Ստորեւ ներկայացված հղումով կարող եք ծանոթանալ ՀՀ նախագահներին սպասարկած ինքնաթիռներին:   

ՀՀ նախագահների ինքնաթիռները

Ուղղաթիռը

Մինչեւ ապագա վարչապետին փոխանցվելիք ուղղաթիռին անդրադառնալը մի փոքր պատմենք անցյալի մասին: 

Անկախացումից հետո Հայաստանում ուղղաթիռ շահագործել են գլխավորապես «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերությունը եւ պաշտպանության նախարարությունը: «ՀԱՈւ»-ի հիմքի վրա 1990-ականների սկզբին ստեղծվեց «Արարատ Ավիա» նույնպես պետական ընկերությունը, որը շահագործում էր «ՀԱՈւ»-ի՝ «Էրեբունի» օդանավակայանում գտնվող ինքնաթիռներն ու ուղղաթիռները: 1999-ին կառավարությունը որոշեց այս ընկերությունը վերակազմակերպել ու միացնել «Հայկական ավիաուղիներին», իսկ «Էրեբունիում» գտնվող օդանավերը, բացի ուղղաթիռային էսկադրիլիայից, տեղափոխել «Զվարթնոց»: Երբ պետական ավիաընկերությունը բռնեց սնանկացման ուղին եւ դատարանի որոշմամբ 2004-ին սնանկ ճանաչվեց, նրա գույքը պարտքերի դիմաց սկսեցին մաս-մաս անել:

2003-ի դեկտեմբերին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշեց բյուջետային վարկի պարտքի դիմաց «ՀԱՈւ»-ից գույք վերցնել՝ 3 հատ «Մի-8» ուղղաթիռ, պահեստամասեր, «Մի-8» ուղղաթիռի վարժասարք, շարժիչներ, վառելիքաքսանյութեր եւ այլն: Ուղղաթիռներից 2-ը տրամադրվեցին ՊՆ-ին: Դրանք էին 1991 թ. արտադրության EK-25480 (2003-ին գնահատվել էր շուրջ 67 մլն դրամ) եւ EK-25467 (11 մլն դրամ) համարներով «Մի-8ՄՏՎ» տեսակի ուղղաթիռները:     

Արդեն ռազմական 25480 գրանցումով «Մի-8ՄՏՎ» ուղղաթիռը.
ՊՆ «Արմ-Աէրո» ընկերություն
(«Էրեբունի» օդանավակայան, 11.03.2012) 

Երրորդ ուղղաթիռը՝ EK-24638-ը («Մի-8ՊՍ»), նախորդներից ավելի հին էր՝ արտադրված 1985-ին (գնահատվել էր մոտ 13 մլն դրամ), սակայն, այսպես ասած, VIP ուղղաթիռ էր եւ ի սկզբանե շահագործվել էր խորհրդային 235-րդ առանձին կառավարական ավիացիոն ջոկատի կողմից, իսկ 1990-ին (կամ ավելի շուտ) փոխանցվել քաղավիացիայի հայկական վարչությանը, հետագայում սրանից էլ՝ «ՀԱՈւ»-ին: «Մի-8ՊՍ» տեսակի սրահն առանձնանում է իր հարմարավետությամբ. որպես կանոն՝ ունի բազմոց, երկու մեծ բազկաթոռ, սեղան, հեռախոս, բուֆետ, պահարան, զուգարան, ուղղանկյուն լուսամուտները սովորականից ավելի մեծ են, բացված դուռն էլ ծառայում է որպես սանդուղք:

Դեռեւս քաղաքացիական EK-24638 գրանցումով «Մի-8ՊՍ» ուղղաթիռը՝ «Էրեբունիում»

2003-ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այս ուղղաթիռը կցել նախագահի աշխատակազմին, այն պիտի սպասարկեր միայն նախագահին, տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն արդեն 2004-ի սեպտեմբերին գործադիրը փոփոխություն կատարեց որոշման մեջ եւ կառավարական ուղղաթիռը նույնպես հանձնեց ՊՆ-ին:

Նախկին քաղաքացիական ուղղաթիռները մտցվեցին ռազմական օդանավերի ռեգիստր (խոսքը զուտ դրանց գրանցման մասին է, իսկ ընդհանրապես բնույթով «Մի-8ՄՏՎ»-ն բազմապրոֆիլ է, «Մի-8ՊՍ»-ն՝ միայն ուղեւորատար), «ՀԱՈւ»-ի ուղղաթիռների շահագործման ծառայության աշխատողներն էլ փոխադրվեցին ՊՆ անձնակազմ: Պատահական չէ, որ հենց 2004-ին ՊՆ-ի ենթակայությամբ հիմնադրվեց «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն, որը մասնագիտացած է ուղղաթիռների շահագործման մեջ: Այսօր ՊՆ-ն մեր երկրում միակն է, ով ուղղաթիռներ է օգտագործում:   

Ինչ վերաբերում է նախագահական ուղղաթիռին, ապա ներկայում երկրի ղեկավարին սպասարկում է 17101 ռազմական գրանցումով «Մի-8ԱՄՏ» ուղղաթիռը (ավելի կոնկրետ նախագահին փոխադրողը նշվածի արտահանվող տարբերակն է՝ «Մի-171Ե»): Վերջինս, ըստ ավիացիոն տեղեկատուների, արտադրվել է 1994-ին Ուլան-Ուդեի ավիացիոն գործարանում: Մինչեւ ռազմական բորտ դառնալն ունեցել է EK-17101 քաղաքացիական գրանցում:

Դեռեւս քաղաքացիական EK-17101 գրանցումով «Մի-171Ե» ուղղաթիռը՝ «Էրեբունիում»

«Մի-8ԱՄՏ» տիպի ուղղաթիռն իրենից ներկայացնում է «Մի-8ՄՏՎ»-ի մոդիֆիկացիան եւ նույնպես բազմապրոֆիլ օդանավ է՝ կարող է լինել ուղեւորատար, տրանսպորտային, որոնողափրկարարական եւ այլն: Արտադրված օդանավերի մի մասն էլ կահավորված է որպես VIP բորտ: Այդպիսին է նաեւ 17101-ը: 

Ս. Սարգսյանը ժամանել է Արցախ (18.04.2016)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter