HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուշ-Սասուն-Բիթլիս (Բաղէշ) - Պանդխտութիւն, արտագաղթ, հայրենադարձութիւն

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան

- Ո՞րտեղից ես։ 
- Մշեցի։ 
- Հասկացայ… Եկել ես փարա՜յ վաստակելու… Անունդ ի՞նչ է։ 
- Օհան։ 
- Մշու սուլթան սուրբ Օհանէսը քեզ պահապան, - բացականչեց համալը և մի առանձին կարօտով գրկեց իւր հայրենակցին։
Բարեսիրտ ծերունին այլ ևս երկար հարցուփորձի պէտք չունէր։ Բաւական էր, որ իմացաւ, թէ պատանին հայ է և մշեցի, իսկ մնացածը՝ նա արդէն կարող էր հասկանալ… Նա գիտէր, թէ մշեցին ի՛նչ նպատակով է թողնում հայրենի երկիրը, գիտէր, թէ ինչո՛ւ է դուրս գալիս դէպի պանդխտութիւն և Ստամբօլի խառնաշփոթ աղմուկի մէջ ի՛նչ է որոնում… Այդ բոլորը գիտէր նա…, որովհետև ինքն ևս մշեցի էր, ինքն ևս նոյն ճակատագրական դա՜ռն պահանջների պատճառով թողել էր հայրենիքը…        
     
Րաֆֆի «Ղարիբ մշեցին» վիպակից:

Բիթլիսի նահանգի հայերի պանդխտութեան և արտագաղթի երևոյթը

Տարօնից և Օսմանեան Հայաստանի (օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի և կից հայաբնակ այլ շրջանների՝ Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ տարածքի հաւաքական անուանում) այլ վայրերից հայերի պանդխտութիւնն ու արտագաղթը դարերից եկող երևոյթ էր, սակայն 1877-78 թթ. ռուս–թուրքական պատերազմից յետոյ այն նոր թափ ստացաւ։ Դա հետևանք էր հայերի նկատմամբ ինչպէս օսմանեան իշխանութիւնների և տեղի քրտական ցեղերի հետզհետէ ուժգնացող հալածանքների` կոտորածների, երկակի` օրինական և ոչ օրինական հարկահանութեան, հողազրկման և ունեզրկման, այնպէս էլ երկրամասի գնալով խորացող ընդհանուր սոցիալ–տնտեսական թերզարգացուածութեան, դրանից բխող՝ հողագործութեան ու անասնապահութեան ցածր եկամտաբերութեան։

Յայտնի գրող և հրապարակախօս Րաֆֆին դեռևս 1875 թ. հետևեալ կերպ էր նկարագրում երևոյթը. «Գաղթականութեան հարցը ամենագլխաւոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մէջ։ Ամեն տարի հազարաւոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղէշից, Կարինից և այլ գաւառներից դիմում են դէպի Կ. Պօլիս իրենց ընտանիքի համար ապրուստ շահելու։ Այդ հոսանքը գնալով աւելի ընդարձակ քանակութիւն է ստանում, քանի նոյն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժուարանում են»։

Ըստ դէպքերին ժամանակակից ծնունդով մշեցի Սարգիս Բդէեանի՝ Տարօնից պանդխտութեան պատճառները հետևեալն էին. «Շատեր որեւէ պատճառով մը կը կորսնցնէին իրենց ունեցածը, կամ սալաֆի պատճառով, կամ տոկոսով պարտքի տակ կ՚իյնային, կամ երկրագործութենէ անպակաս փորձանքներու կ՚ենթարկուէին. ինչպէս` մարախ, տաւարի ցաւ, երաշտ, և այլն, և յուսահատ վիճակի մը մէջ կը ստիպուէին դիմելու պանդխտութեան։ Իսկ 1890էն յետոյ, գաղթականութիւնը ընդհանուր երեւոյթ դարձաւ, ամենամեծ մասով` երկրէն հեռանալու, փախչելու դիտաւորութեամբ, հարստահարութենէ ազատելու, իր կեանքը փրկելու համար»։

Պանդխտութեան պատճառների մէջ, յատկապէս նախքան համիտեան հակահայկական հալածանքների շրջանը, իրենց դերն էին խաղում նաև սուբյեկտիվ գործոններ` արագ և գիւղատնտեսութեան զբաղմունքի համեմատ` աւելի հեշտ եկամուտ ստանալու ձգտումը։ «Գիւղացին ամբողջ տարին կ՚աշխատէր  և հազիւ կրնար հագուստի մը գինը ճարել և իր ընտանիքի անդամներուն մերկութիւնը ծածկել, մինչդեռ տեսաւ, որ ոմանք Պոլիս կ՚երթան, անկից Աթենա, կամ ուրիշ տեղ մը և օրական 10-20 ղրուշ կը շահին։ ...Ան հաշիւ չ՚ընէր թէ մարդը կրնայ գործ չգտնել, կրնայ հիւանդանալ, կրնայ որեւէ դժուարութեան հանդիպիլ...», - նշում է Սարգիս Բդէեանը։

1890-ական թթ. Հայկական բարձրաւանդակ այցելած անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը արձանագրում էր, որ Բիթլիսի նահանգից հայերի պանդխտութիւնն ու արտագաղթի թափը փոփոխական է իր ուժգնութեամբ` կախուած` բերքը լաւ է, թէ աղետալի, իսկ քիւրտերը քաջալերուած են, թէ զսպուած։ Նա նշում էր, որ նահանգում իր մնալու ժամանակ բազմաթիւ շրջանների հայ գիւղացիներ ջանքեր էին գործադրում իրենց պարտքերը մարելու և երկրից հեռանալու թոյլտւութիւն ստանալու ուղղութեամբ։ Շատերը տեղափոխւում են ռուսական սահմանին մօտ` քիւրտերից ապաստան փնտռելու նպատակով։ 

Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան գլխաւոր զբաղմունքը գիւղատնտեսութիւնն էր։ Հողագործութեամբ և անասնապահութեամբ զբաղուող հայերի մեծ մասը գտնւում էր ծանր պարտքերի բեռի տակ, և պանդխտութիւնը դիտւում էր այդ բեռը թօթափելու հիմնական միջոցներից մէկը։  «Տարօնցի հայք ամենն ալ գրեթէ պարտուց տակ ընկճուած են, ստակի տէր մարդ դժուարին է գտնել մէջերնին, իրենց պարտք ընդհանրապէս տաճիկներու և քրդերու է ծանր տոկոսով», – նշւում է 1890-ական թթ. վերաբերող մի վկայութեան մէջ։ Որպէս պարտքի կուտակման պատճառ առանձնացւում էին «երկրագործութեան անյաջողութիւնները և հարստահարութիւնները»։ Հայը դիմում էր պանդխտութեան «պարտքէն ազատելու և ապրելու ճար մը գտնելու յուսով, ուր կամ ...կը մեռնի կամ քանի մը տարիէն կը վերադառնայ քիչ ստակով և կամ ձեռնունայն, և պանդխտութիւնը, որուն արդէն վարժուած կ՚ըլլայ, երկրագործութենէն լաւ համարելով` նորէն շուտով կը վերադառնայ, մինչև որ պանդխտութեան զոհ ըլլայ»։

Բիթլիսի նահանգից պանդխտութեան հիմնական ուղղութիւններն էին Կովկասը` այնտեղ էին գնում նահանգի արևելեան շրջաններից հայերը, Պոլիսն ու Զմիւռնիան` նահանգի արևմտեան շրջանների հայերի նախընտրելի ուղղութիւնը, Կիլիկիան և Հալէպը` այդ ուղղութիւններով մեծ էր Սասունի և Սասունից հարաւ ընկած այլ շրջանների հայութեան հոսքը։

Մշեցի և սասունցի պանդուխտները, չլինելով որևէ արհեստի տէր մարդիկ, որպէս ոչ որակեալ աշխատուժ, իրենց պանդխտութեան վայրերում ներգրաւուած էին ամենածանր աշխատանքների մէջ` հիմնականում ծառայելով որպէս բեռնակիրներ (համալներ) մայրաքաղաքի և այլ ծովեզրեայ առևտրային քաղաքների նաւահանգիստներում, օրավարձու բանուորներ՝ փռերում և ջրաղացներում (Հալէպ), երկաթգծերի շինարարութեան մէջ (Կիլիկիա) և այլն։

Մուշի տարբեր բնակավայրերից պանդխտութեան աշխարհագրութեան մասին պատկերացում է տալիս Սարգիս Բդէեանի յուշերից հետևեալ հատուածը. «Այդ շրջանին զանազան կեդրոններու մէջ, բեռնակրութեան որոշ դիրքեր Մշեցւոց ձեռքը մնացած էին։  ․․․Պոլսոյ մաքսատան բանուորներուն մէջ մեծ թիւ մը կը կազմէին Մշեցի ջրհանկիրները և անուն հանած էին իրենց կռուազանութեամբ։ ․․․Շատ մը վաճառատուներու պահապաններն էին Մշեցիները։ Իզմիրի մէջ, կարգ մը հայ վաճառականներու քով` նորէն Մշեցիներ տեղաւորուած էին իբրեւ բեռնակիր և պահապան։ Սպարթալիի, Սիվրիսարեանի, Պաքըրճեանի, եւ այլն, խաներուն մէջ բաւական թիւով Խասգիւղցիներ, Արաղցիներ կ՚աշխատէին։ Էտիրնէ, քանի մը շոգեշարժ ջրաղացներու մէջ կ՚աշխատէին Արտօնքցիներ, Խարսեցիներ, Վարդենիսցիներ։ Տէտէաղաճ, իբրեւ նաւահանգիստ, բաւական թիւով գիւղացիներ կ՚աշխատէին։  Հոս աւելի յարմար գետին մը գտան` ընտանիքով հաստատուելու համար։ ...Շատերը ցրուած են Պուլկարիոյ զանազան քաղաքները և կայարանները, ուր որ կրցած են գործ գտնել։ ...Նոյնպէս մեծ թիւով Մշեցիներ կը գտնուէին Ռումանիոյ Կալաց, Իպրայիլ և Ճորճովա քաղաքներուն մէջ»։

Պանդուխտները որպէս կանոն իրենց կեանքն անցկացնում էին ծայրայեղ թշուառութեան մէջ` կենցաղային տարրական պայմաններից զուրկ նկուղային կացարաններում, յաճախ իրենց տալով գինեմոլութեանը, ծխամոլութեանն ու խաղամոլութեանը։ Նման ապրելակերպը անշուշտ յանգեցնում էր պանդուխտների բարձր մահացութեան մակարդակին։ Այսպէս, 1900-ական սկզբներին Հալէպում սասունցի պանդուխտների կեանքը նկարագրող մի վկայութիւնում նշւում է. «Սասունցիք փուռերու վատառողջ մթնոլորտին տակ կեղտոտ ու անխնամ կեանք մը վարող դժբախդ արարածներէ կազմուած են, որոնք հակառակ իրենց զօրաւոր հսկայ կազմին, հետզհետէ կը ծիւրին... եւ անհամար զոհեր կու տան, իսկ նիւթապէս ալ իրարու դէմ մրցելով իրարու կը վնասեն եւ շահածնին եւս վաշխառուներու քսակը կը լեցնեն... այս խեղճերը իրենց տգիտութեան հետ խաղամոլ, ծխամոլ ու գինեմոլ ալ են»։

Հալէպ պանդխտութեան մեկնած սասունցիները «գետնափոր նկուղներու տամուկ անկիւնները կեանք վարելով, տարաժամ կը զառամին ու կը կորսնցնեն իրենց առողջութիւնը»։ Որպէս հետևանք` պանդուխտ սասունցիների մահուան տարիքի միջին  թիւը 27–ից չէր անցնում։

Պանդխտութիւնը բազմաթիւ դժուարութիւններով ուղեկցուող զբաղմունք էր։ Պանդուխտի վաղուայ օրուայ անորոշութեանն ու մտահոգութեանը գումարւում էր անվտանգութեան ի սպառ բացակայութիւնը։ Պանդուխտներից շատերը ճանապարհին յարձակման էին ենթարկւում, ձերբակալւում, սպանւում, վիրավորւում։ Մանաւանդ վտանգաւոր էր ռուս–թուրքական սահմանն անցնելը, ինչը շատերին չէր յաջողւում, և ամիսներ շարունակ նրանք մուրացկանի վիճակում թափառում էին սահմանամերձ շրջաններում։ Պանդխտութիւնից վերադարձողներին սպառնում էր ճանապարհին ոչ միայն կողոպտուելու, իրենց վաստակած փողից զրկուելու, այլ յաճախ նաև կեանքից զրկուելու վտանգը։

Շատ պանդուխտներ այդպէս էլ չէին կարողանում կամ չէին ուզում վերադառնալ` համալրելով նահանգից ընդմիշտ հեռացած հայերի թիւը։ Ինչպէս օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների, այնպէս էլ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան մշտական արտագաղթի հիմնական ուղղութիւններն էին Ամերիկայի Միացեալ Նահանգները և Ռուսական կայսրութիւնը։ Բիթլիսի նահանգից հայերի` դէպի ԱՄՆ արտագաղթին նպաստեցին 19-րդ դարի կէսերին Մուշ և Բիթլիս քաղաքներում աւետարանական համայնքների ստեղծումը, ամերիկեան բողոքական միսիոներների կրթական գործունէութիւնը։

Նշուած տարիներին Բիթլիս քաղաքում գործում էին աւետարանական համայնքին պատկանող երկու գիշերօթիկ վարժարաններ` նախատեսուած առանձին աղջիկների և տղաների համար, ինչպէս նաև ամերիկեան որբանոց։ Բիթլիսում հաստատուած ամերիկեան միսիոներներից մէկը 1887 թ. թուագրուած իր զեկուցագրում նշում էր, որ այդ ուսումնական հաստատութիւնների հայ ուսանողներից և ուսուցիչներից շատերը մեկնում են ԱՄՆ` Կալիֆոռնիայում այդ ժամանակ նկատուող մեծ տնտեսական աշխուժացման պայմաններում փող վաստակելու ակնկալիքով. «Այստեղի խեղճ, ծեծուած մարդկանց կարծիքով գնացողները մեծ  կարողութեան տէր են դառնում կամ աներևակայելի մեծ աշխատավարձ են ստանում։ Երևակայութիւնը գրգռող վառ պատմութիւնները քաջալերում են երիտասարդների մէջ արտագաղթը, ինչին նպաստում է նաև նրանց անգլերէնը սովորեցնելը»։

Աբդուլ Համիդի վարչակարգը ձգտում էր խոչընդոտել հայերի` յատկապէս դէպի ԱՄՆ արտահոսքը, երկիւղ կրելով, որ նրանցից ոմանք հետագայում` ԱՄՆ քաղաքացիութիւն ձեռք բերելուց յետոյ, կարող են վերադառնալ Օսմանեան կայսրութեան տարածք և այնտեղ յեղափոխական գործունէութիւն ծաւալել` որպէս ԱՄՆ քաղաքացիներ օժտուած լինելով համապատասխան անձեռնմխելիութեամբ։ Հայերի արտագաղթը սահմանափակելու քայլերից էր 1892 թ. կէսերին հայերին դէպի Օսմանեան կայսրութեան նաւահանգիստներ ներքին ճանապարհորդական թոյլտւութիւնների`թեսքերէների (պաշտօնաթուղթ) տրամադրելու կարգի խստացումը։ Մշտական արտագաղթը աճի միտումներ դրսևորեց յատկապէս 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ, երբ վերացուեցին երկրից դուրս մեկնելու` աբդուլհամիդեան վարչակարգի կողմից մտցուած սահմանափակումները։ Դրա հետ մէկտեղ պէտք է արձանագրել, որ երկրում սահմանադրական կարգերի հաստատման, աբդուլհամիդեան ճնշումների մթնոլորտի թուլացման և արևմտահայ հասարակական–քաղաքական կեանքի աշխուժացման պայմաններում, 1908-1914 թթ. նկատուեցին յատկապէս ռուսական Կովկաս արտագաղթած հայերի` դէպի Վանի, Բիթլիսի և Էրզրումի նահանգներ հայրենադարձութեան միտումներ:

Բիթլիսի նահանգից հազարաւոր հայերի համար պանդուխտութեան հիմնական ուղղութիւններից էր Կ.Պոլիսը։ Հայագէտ Հրաչեայ Աճառեանի տուեալներով՝ Սկիւտարի թաղամասի հայ բնակչութիւնն ի սկզբանէ կազմուած էր Մուշից գաղթած հայերից։

XIX դարի 90–ական թթ. Պոլսի մէջ կար 60,000 հայ գաղթական, որոնք ըստ իրենց նախկին բնակութեան վայրերի մասնագիտացած էին առանձին զբաղմունքների մէջ։ Այսպէս, ակնեցի հայերի հիմնական զբաղմունքն էր սեղանագործութիւնը, վանեցիների` բեռնակրութիւնն ու խոհարարութիւնը, մշեցիների` բեռնակրութիւնը, կեսարացիների` որմնադրութիւնը և ներկարարութիւնը, սեբաստացիների` բաղնեպանութիւնը, երզնկացիների`սուրճի վաճառքը։

Ինչպէս և այլուր, Պոլսում մշեցի պանդուխտներից շատերը ծայրայեղ թշուառ կեանք էին վարում, սովի, զրկուածութեան և հիւանդութիւնների զոհ էին դառնում մայրաքաղաքի քարավանսարաների, բաղնիքների և սրճարանների նկուղների «մութ և գաղջ պատերի մէջ»։

Հայ համալները` որպէս Կ. Պոլսի հայ բնակչութեան առաւել անպաշտպան և խոցելի խումբ, Բանկ Օտոմանի գրաւման գործողութիւնից յետոյ 1896 թ. օգոստոսի 26-29-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ջարդերի հիմնական թիրախներից էին` տալով մեծ թիւով զոհեր։ Դէպքերին ժամանակակից գերմանացի լրագրող Մազդա Նէօյմաննը գրում է. «Համալները` Բիթլիսի, Վանի, Խարբերդի վիլայեթների հողագործ բնակչութեան թարմ ուժերն էին, որոնք քրդերի ճնշումների և թուրք պաշտօնեաների կեղեքումների հետևանքով կտրուել են իրենց սնող հողից։ Ամեն տարի հազարներով նրանք ձգտել են Կոստանդնուպոլիս, Զմիւռնիա և եւրոպական ու ասիական Թուրքիայի այլ ծովեզերեայ քաղաքներ` ծանր ֆիզիկական աշխատանքով վարձատրուելու նպատակով.... 1896 թ., Կոստանդնուպոլսում համալների կոտորածից յետոյ, թուրքերը ստիպուած էին նրանց (առժամանակ – Ռ.Թ.) փոխարինել քրդերով»։

շարունակութիւնը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter