Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հրայր Թովմասյանը կկասեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին



ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2012 թվականին ՀՀԿ-ի շարքերը համալրած Հրայր Թովմասյանն առաջիկայում կհրաժարվի հարազատ կուսակցությունից՝ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու համար: Ըստ Սահմանադրության՝ ՍԴ անդամը չի կարող որևէ կուսակցության անդամակցել: Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը: Իսկ երեկ Հրայր Թովմասյանը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։

«Հետք»-ի հարցերին պատասխանել է Հրայր Թովմասյանը:

Պարոն Թովմասյան, Դուք ՍԴ անդամ եք նշանակվելու, որ հետագայում դառնաք ՍԴ նախագահ, դա՞ է նպատակը:

Պաշտոններ զբաղեցնելու հետ կապված երբեք որևէ նպատակ չեմ ունեցել: Ինձ առաջարկվել է դառնալ ՍԴ անդամ, և ես տվել եմ իմ համաձայնությունը:

ՀՀԿ մամուլի խոսնակը երեկ մեզ հետ զրույցում արդեն հայտնել է, որ երբ ժամանակը գա, կկասեցնեք Ձեր անդամակցությունը ՀՀԿ-ին, դա այդպե՞ս է:

Այո, Սահմանադրությունը պահանջում է, որ ՍԴ անդամը չի կարող լինել կուսակցության անդամ:

Ստացվում է՝ հանուն պաշտոնի Ձեր կուսակցությունից հրաժարվում եք, բա գաղափա՞րը:

Գաղափարն ու կուսակցության անդամ լինելը տարբեր բաներ են, ոչ ոք ձեզ չի կարող արգելել որոշակի գաղափարախոսություն ունենալ, հավատալ դրան: Սահմանադրությունն արգելում է որևէ կուսակցության անդամ լինել, այսինքն` կուսակցությունն  իր անդամի համար չի կարող որոշում կայացնել, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող մտնել այդ անձի գլխի մեջ և հարցնել՝ Դուք հավատացյա՞լ եք, թե՞ աթեիստ, ո՞ւմ եք հավատում, ո՞ր գաղափախոսությանն եք կողմակից և այլն:

Այսինքն` նժդեհականությունը կմնա՞ Ձեր հոգում:

Այդ հարցն ինչի՞ եք տալիս:

Պարոն Թովմասյան, Դուք հանուն պաշտոնի հրաժարվում եք կուսակցությունից, որին անդամակցել եք երկար տարիներ:

Ի՞նչ է նշանակում հանուն պաշտոնի կուսակցությունից հրաժարվել, ինձ առաջարկվել է պաշտոն, որը բացառում է կուսակցության աշխատանքի հետ համատեղում, և ես համաձայնել եմ:

Այսինքն` Դուք Հայաստանի նորանկախ պատմության մեջ կլինեք առաջին պաշտոնյան, ում համար ՀՀԿ-ական լինելը խանգարում է առաջխաղացման համար:

Ոչ, մենք նման պրակտիկա էլի ենք ունեցել, ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ՀՅԴ անդամ էր, ՍԴ անդամ նշանակվելուց առաջ հրաժարվել է կամ կասեցրել է իր կուսակցական անդամակցությունը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Սիմոն18:35 - 16 փետրվարի, 2018
Սեդան հիմիկվանից մարդուն նեղն ա գցել իր դաժան հարցով - «հիմա փաստորեն հոգիդ ու հավատդ փոխել ես աթոռի համար?» Խեղճ մարդն ինչ ասի որ սիրուն ըլի - «հա» ասի թե «չէ»? Ոչ էս ա մի բան, ոչ էն, ճիշտն էլ հեչ ասելու բան չի - «երեսանց միայն, իրականում ոնց կարելի ա?» Էս երկիրը քանդողը լրագրողներն են աչքիս:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ