Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Քոլեջի տնօրենը մեղադրվում է 100-ից ավել քաղաքացիներից կաշառք ստանալու և կեղծ վկայականներ տալու համար



Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գաբրիել Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու (Քրեական օրենսգիրք, 311-րդ հոդվածի 1-ին մաս) համար:

Ըստ մեղադրանքի՝ Գաբրիել Ավետիսյանը 2013թ. ընթացքում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ` եղբայրներ Արման և Մամիկոն Հովհաննիսյաններից անձամբ պահանջել և ստացել է 100.000 դրամ կաշառք եւ առանց տրակտորիստ-մեքենավարի առաջին կարգի ծրագրով դասընթացներին և ավարտական քննություններին մասնակցելու տրամադրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող՝ կեղծ տեղեկություններ պարունակող վկայական:

Նույն տարում քոլեջի տնօրենը Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ Սամվել Միրզոյանից մաս-մաս պահանջել և ստացել է 35.000 դրամ, Ամասիա գյուղի բնակիչ Մուշեղ Այվազյանից՝ 15-17.000 դրամ, Մրգաշատ գյուղի բնակիչ Հակոբ Գևորգյանից՝ 25.000 դրամ, մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանից՝ 10-15.000 դրամ, Արտիմետ գյուղի բնակիչ Արտավազդ Բաղդասարյանից պահանջել և ստացել է 20.000 դրամ կաշառք՝ դարձյալ առանց տրակտորիստ-մեքենավարի առաջին կարգի ծրագրով դասընթացներին և ավարտական քննություններին մասնակցելու տրամադրելով դասընթացներին մասնակցությունը հավաստող՝ կեղծ տեղեկություններ պարունակող վկայական:

Ըստ մեղադրանքի՝ 2014թ. ընթացքում Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ Հաբեթ Մկրտիչյանից պահանջել և ստացել է 80.000 դրամ, Դալարիկ գյուղի բնակիչ Կարեն Սարոյանից՝ 33.000 դրամ, Խանջյան գյուղի բնակիչ Հովհաննես Անտոնյանից՝ 20.000 դրամ ՝ նույն իրավունքը վերապահող վկայական տալու համար:

Ուշագրավն այն է, որ դասընթացներին մասնակցելու ժամանակահատվածում Արման և Մամիկոն Հովհաննիսյանները, Սամվել Միրզոյանը և Հաբեթ Մկրտչյանը Հայաստանում չեն գտնվել:

Իսկ 2015թ. ընթացքում Գ. Ավետիսյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Հայկ Սիրունյանից քննությամբ չպարզված միջնորդի միջոցով պահանջել և ստացել է 60.000 դրամ, նույն գյուղի բնակիչ  Ժորա Բալյանից անձամբ պահանջել և ստացել է 20.000 դրամ կաշառք և այլն: Դրվագները շատ են, իսկ նախաքննական մարմնի կողմից կաշառք որակված գումարների չափը գրեթե նույնն է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գաբրիել Ավետիսյանը շահադիտական նպատակով տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին մասնակցելու հանգամանքը հավաստող վկայականներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դիտավորությամբ 2012թ. ընթացքում թվով 16,  2013թ.՝  53, 2014թ. ընթացքում թվով 23, 2015թ. 34 քաղաքացիների կողմից տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին փաստացի չմասնակցելու և քննություն չհանձնելու պայմաններում լրացրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ, որոնցում ստորագրելով ուսումնական հաստատության ղեկավարի և քննական հանձնաժողովի նախագահի հատվածներում` դրանք հանձնել է հիշյալ քաղաքացիներին: Վերջիններս վկայականները ներկայացրել են գյուղատնտեսության նախարարության Արմավիրի մարզի գյուղտեխնիկայի պետական տեսուչ Պետրոս Մնացականյանին և, հանձնելով համապատասխան քննություն, ստացել են տրակտորիստի վկայական:

Կեղծ վկայական՝ արտերկիր մեկնելու համար

Կեղծ վկայականներ տալու մեղադրանքով քրեական գործերի հարուցումը Արագածոտնի մարզում նորություն չէ:

Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Մնացականյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նախաքննության ավարտից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տնօրենի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական կեղծիք: Որպես խափանման միջոց ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին»:

Տնօրեն Մնացականյանը մեղադրվում է այն բանի համար, որ 14.02.2014 թվականից զբաղեցնելով տնօրենի պաշտոնը` նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ս. Քյալաշյանի կողմից 2017թ. փետրվարին երկրից բացակայելու համար տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ավարտական վկայական:

Ինչպես պարզել է նախաքննական մարմինը, Քալաշյանը փաստացի կրթություն չի ստացել և չի հանձնել ավարտական քննություններ: Տաթևիկ Մնացականյանը նույն դպրոցի մի խումբ ուսուցիչների օժանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանի դասամատյաններում: 

Լուսանկարը՝ perepel-krym.ru-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ