HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Matt»-ի թռչող փղիկն ու ճամփորդել սիրող գունավոր զարդերը

«Իմ անունը Ուակոկ է: Ես թռչող փիղ եմ՝ ստեղծված Մաթի կողմից: Ես ուրախ եմ, որ նա իմ ընկերներին էլ է ստեղծել: Սկզբում մենք ապրում էինք Մաթի երևակայության մեջ, հետո նա որոշեց մեզ մեկ ուրիշ աշխարհ էլ ցույց տալ՝ ձեր աշխարհը: Նա մեզ նկարեց թղթին, բայց մենք ուզեցինք ճանապարհորդել և ավելին տեսնել»,- այս պատմությամբ էլ ներկայանում է «Matt» բրենդն իր գունավոր զարդերով:

«Matt»-երը վզնոցներ և բրոշներ են, որոնց կերպարները ստեղծվել են ութ տարեկան տղայի՝ Մատթէօսի մտքում, որը նախընտրում է արտահայտվել նկարելով: Մաթի նկարներից վերցված կերպարներ թռչող փիղ Ուակոկն ու նրա ընկերները մի օր վերածվում են զարդերի։

Առաջին փորձը ընտանիքի անդամների համար էր։ «Ծնողներիս ամուսնության 30-ամյակն էր լինելու, մտածեցինք, որ եթե նրանց նվիրենք թոռնիկի նկարների հիման վրա պատրաստված զարդ, լավ նվեր կլինի»,- հիշում է Մաթի հայրը` «Matt» զարդերի համահիմնադիր Ալեքսանդր Գրիգորյանը։

Այդպես էլ սկսվեց ամեն ինչ. առաջին օրինակները նկարի ուրվագծերով մետաղից կտրած կախազարդեր էին, իսկ հետո մոտ մեկ տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվեցին գունավոր զարդերը։

«Մենք փորձում ենք էսքիզներին հնարավորինս մոտ զարդեր ստանալ, կարևոր է, որ լինեն գունավոր, ինչպես որ գունավոր են Մաթի նկարների կերպարներըԳույները ստացանք էմալի միջոցով: Քանի որ նկարներն անփայլ են (матовый, matte), ստացանք անփայլ էմալ»,- ասում է Ալեքսանդրը:

Իր ստեղծած կերպարների մասին Մատթէօսն ասում է. «Ես պատկերացրի, որ փերիներն ու փղիկներն ընկերներ են, խաղալիս իրար բախվեցին, ու փիղը սկսեց թռչել»։

Ուակոկը, նրա ընկերուհի փիղն ու նրանց մյուս երկու ընկերներ ծիտն ու շունը բրենդի առաջին հավաքածուի կերպարներն են: Բոլոր չորս կերպարներով պատրաստվում է և ՛ կախազարդ, և՛ բրոշ, նույն զարդը պատրաստվում է և՛ արծաթից և ՛ արույրից, մի քանի գունային տարբերակներով:

«Մենք նոր ենք այս ոլորտում և, երբ արդեն ունեինք մեր արտադրանքը, սկսեցինք ուսումնասիրել զարդագործության բնագավառն ու գտանք արտ-զարդագործություն ուղղությունը, որն այլ կերպ կոչում են նաև ժամանակակից զարդագործություն: Այս ուղղության նպատակն, ի տարբերություն ավանդական ոսկերչության, ոչ թե թանկարժեք նյութերից զարդ պատրաստելն է, որը ցույց կտա կրողի ֆինանսական կարողությունները, այլ զարդերի միջոցով արվեստի տարածումը։ Արտ-զարդագործության մեջ արտադրանքի արժեքը գաղափարն է, ոչ թե օգտագործված նյութերը: Ծանոթանալով այդ ոլորտին' հասկացանք, որ այս ճյուղն է մեզ ամենամոտը զարդագործության մեջ»,- ասում է Մատթէօսի մայրը' «Matt»-ի համահիմնադիր Սոնա Քյուրքչյանը:

Սոնան նշում է, որ զարդագործության այս ուղղության մեջ չկան տղամարդկանց, կանանց կամ երեխաների համար նախատեսված զարդեր, այսպես է նաեւ «Matt»-ում` զարդերից յուրաքանչյուրը բոլորի համար է։

«Matt» կախազարդերը կախվում են գունավոր կաշվե թելերից, իսկ փականների համար օգտագործվում են Սևանա լճի ափի բնական, անմշակ քարերը։ 

«Երկար ժամանակ չգիտեինք` ինչից կախենք մեր կախազարդերը, որպեսզի դառնան վզնոցներ: Չէինք ուզում շղթաներից կախել, ոչ էլ օգտագործել սովորական, ավանդական փականներ: Քարերի միտքը շատ պատահական ծնվեց. նստած էինք Սևանի ափին, Սոնան փոքր քարերը վերցրեց ու ասաց` տես ինչ սիրուն են»,- ժպիտով հիշում է Ալեքսանդրը:

Զարդերն ամբողջովին պատրաստված են ձեռքով: Բրենդի հիմնադիրներն ասում են, որ իրենց համար կարևոր է ամեն մի դետալ` սկսած ամրակներից, մինչև փափուկ կտորից պատրաստված եւ զարդերը պահպանող եւ հեշտությամբ տեղափոխող փաթեթավորում:

«Մեր նպատակն է «Matt»-երի միջոցով մարդկանց կյանքում գույներ ավելացնել: «Matt»-ի կերպարները կարող են թե´ կրողի, թե´ նրա շրջապատի համար ամենօրյա ուրախ, գունավոր և տրամադրություն բարձրացնող ուղեկիցներ լինել»,- ասում են հիմնադիրները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter