Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կարգազանց հետիոտները կտուգանվեն. Ոստիկանությունն անցել է խիստ ռեժիմի



Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: Երեք հազար դրամի տուգանք  է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ հինգ հազար դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Այս խստացման պատճառը, ինչպես «Հետքին» հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը:

Ըստ ՃՈ վիճակագրության՝ 2017թ. Հայաստանում գրանցվել է 3535 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 28,6%-ը կամ 1010 դեպքը եղել են հետիոտնի վրաերթերը: Դրանց հետևանքով 85 մարդ զոհվել է, 1028-ը՝ վիրավորվել:

1010 ՃՏՊ-ից 696-ի դեպքով հետիոտնի կողմից չեն պահպանվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 25-րդ հոդվածի պահանջները, որով սահմանվում են հետիոտների պարտականությունները, մասնավորապես՝ երթևեկելի գոտիները հատելու կանոնները:

Սրանցից ոչ բոլորն են ՃՏՊ-ի առաջացման պատճառ եղել, սակայն հանդիսացել են նպաստող պայմաններ:

Ճանապարհային երթևեկության անվտանգության պայմանները խախտելու հետևանքով զոհվել է 58 մարդ, վիրավորվել` 636-ը: Անչափահասների մասնակցությամբ վրաերթերի թիվը կազմել է 217, որի հետևանքով գրանցվել է 6 զոհ և 215 վիրավոր:

Ճանապարհային ոստիկանությունը երեկվանից՝ փետրվարի 15-ից, սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտնի նկատմամբ: Նշենք, որ եթե խախտում կատարած քաղաքացին իր հետ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ճանապարհային ոստիկանի կողմից հրավիրվում է ոստիկանության մոտակա բաժին, որտեղ ճշտվում է անձի ինքնությունը, և կազմվում է արձանագրություն։

Ոստիկանությունը «Հետքին» առաջարկել է հանրային իրազեկման նպատակներով մասնակցել և նկարահանել ձեռնարկվող միջոցառումը:

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ