HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք որ աղքատ ենք, սաղին կհասկնանք, բայց հարուստները մեզի չեն հասկնա»,- ասում է 10-ամյա գյումրեցին

«Մենք որ աղքատ ենք, սաղին կհասկնանք, որ մեզ բանըմ կըսեն, բայց հարուստները մեզի չեն հասկնա»,- ասում է Հասմիկը, հետո հայացքը թեքում: Ես սառում եմ այս խոսքերից, չնայած դրսում արև է: Խոսելը դժվար է: Հասմիկի փոքր քույրը՝ 2 տարեկան Անին, նստել է ստվարաթղթերի վրա: Դրանք հավաքել են վառարանի համար: Դատարկ վանդակների դիմաց շղթայակապ շունը՝ Գրաֆը, երկար հաչելուց հետո փռվել է առջևի թաթերին, աչքերը փակել: Հեռվում Համլետի ու Սպարտակի ձայներն են լսվում:

Անին

Այս ամենը մի քանի անկնթարթում ես հասցնում տեսնել: Հասմիկը 10 տարեկան է: Սովորում է 5-րդ դասարանում: Ու գիտի, թե 1070 դրամ գտնելն ինչքան բարդ է եղել ծնողների համար: Այդ գումարն անհրաժեշտ էր «Կենգուրու» մրցույթին մասնակցելու համար: Ասում է՝ 1000 դրամը մի կերպ գտան, հետո պարզվեց՝ 70 դրամ էլ էր պետք: Մայրը՝ Ջեմմա Թովմասյանը, նշում է, որ Հասմիկը մաթեմատիկայից շատ ուժեղ է:

6 երեխաները ծնողների հետ ապրում են երկու փոքր սենյակում՝ առանց խոհանոցի: Երեխաներն անչափահաս են՝ 12 տարեկան Գյուլնարան է, 10 տարեկան Հասմիկը, 8 տարեկան Վարդուշիկը, 6 տարեկան Համլետը, 3 տարեկան Սպարտակն ու 2 տարեկան Անին: Նրանք բնակվում են Գյումրիում:

Ջեմման 31 տարեկան է: Ասում է՝ հայրական տանն էլ դժվարություններ շատ է տեսել: 5 երեխաներ էին, մայրը դաշտերում էր աշխատում: Երբեմն գնում էր նրան օգնելու:

Վառարանի ծխատար խողովակը վնասվել է, ամբողջ տունը ծխի մեջ է: Տան գույքը կարելի է հաշվել մատների վրա: Դաշնամուրը Գյուլնարայի համար է: Երաժշտական դպրոց է գնում, այնտեղ արդեն 2-րդ դասարան է: Ջեմման ասում է, որ գերազանց է սովորում: Դպրոցում էլ 3 դուստրերը լավ են սովորում, միայն օտար լեզուներից են թույլ:

Ջեմման, Գյուլնարան ու Հասմիկը

Մեր զրույցի ժամանակ տուն է մտնում Ջեմմայի ամուսինը: Դժվարությամբ է ոտքի վրա կանգնում: Ջեմման ասում է, որ հունվարին ամուսնու մայրը, որ իրենց հետ էր ապրում, հանկարծամահ է եղել: Դրանից հետո ամուսինը վատացել էր, վերակենդանացման բաժանմունքում էր: Բժիշկներն ասել են, որ ալկոհոլ խմելն արգելվում է: Ջեմման էլ ասում է, թե եղբոր, իսկ հետո էլ մոր մահերը ամուսնուն «խմիչքի են տվել»:

Լուսամուտի մոտ դրված է կարի մեքենան: Երեկոները Ջեմման ու ամուսինը ձեռնոց են կարում. ամուսինը ձևում է ձեռնոցները, Ջեմման՝ կարում: Դրանք հիմնականում հացի արտադրամասեր են հանձնում՝ 1 զույգը 100 դրամով: Ամսական մոտ 100 զույգ ձեռնոց են կարում և 10.000 դրամ են ստանում: Ընտանեկան նպաստը 62 հազար դրամ է:

10-ամյա Հասմիկն ասում է, որ շատ է ուզում գրասեղան ունենալ: Հյուրասենյակում դրված փոքր լրագրային սեղանին դժվար է գրելը, հետո փոքրերի աղմուկն է խանգարում իրեն: Երազում է տուն ունենալ, իր սենյակն ունենալ, որ հանգիստ գրի ու կարդա: «Սաղս իրար կողք կքնինք, ըդպես շատ անհարմար է»,- շարունակում է աղջնակը:

Մայրն ասում է, թե դժվար կհասկանանք իրենց, քանի որ այդ պայմաններում չենք ապրում, հազար ու մի նրբություն կա:

Հասմիկը

Հասմիկն ու Գյուլնարան լսում են, Հասմիկը համարձակ է, Ջեմմայի խոսքից հետո ասում է. «Մենք որ շոր չենք ունենում... մեկ-մեկ զիբիլնոցի մոտ դրած շորեր կէղնին, մամաս կբերե, նորմալ կէղնի, հանգնինք գը, նորմալ չէղնին՝ վառինք գը»: Ես լռում եմ, Հասմիկը շարունակում է, ասում է՝ տանը ամառ-ձմեռ վառարան են վառում, ինչ պատահում է, վառում են, որ տաքանան, ճաշ պատրաստեն: Տունը խոնավ է, հագուստը, անկողինը խոնավանում են: Հասմիկի ասելով՝ շորերը բորբոսնում են:

Համլետը, Սպարտակն ու Վարդուշիկը

«Մեր դասարանի էրեխեքը հարուստ էին, նախորդ դասարանում մի Միլենա կար, շատ հարուստ էր, մեծ խանութ ունեին, ամեն ինչ ինքն ուներ ու էնպես կուզեր անել, որ մեր դասարանի էրեխեքը հետս չխաղային, հետո որ ինքը դուրս ելավ, ամեն ինչ կարգավորվավ»,- շարունակում է 10-ամյա աղջիկը: Երբ նա խոսում է աղքատությունից, որևէ զգայական թրթիռ հնարավոր չէ որսալ: Հասկանում ես, թե ինչքան խիզախություն է պետք դրա համար:

Գյուլնարան էլ ասում է, որ նախորդ դպրոցում իրենց դասարանում հարուստ երեխաները չէին ուզում խաղալ աղքատների հետ: Իր համար դժվար էր, հետո դպրոցը փոխել են, հիմա խաղում են իր հետ:

«Գյուլնարայենց դասարանի էրեխեքը տարբերություն կդնեն: Սաղ էլ դնեն գը տարբերություն: Մենք որ հարվածային ենք, իրանք գերազանցիկ են, դասատուն էդ էրեխեքին հումորային սիրե գը, իրանց հետ հանգիստ խոսալով բացատրե գը, իսկ մե քանի էրեխա կա, որ իրանց հետ նորմալ չի խոսի»,- քրոջը նայելով՝ նշում է Հասմիկը:

«Օրինակ, ո՞նց է խոսում»,- հարցնում եմ:

«Ճվալու նման, բայց իրանց հետ՝ խնդալով, ըդպես կխոսա»,- պատասխանում է Հասմիկը:

Մայրն ասում է, որ գումար շատ քիչ են ունենում, բայց երբ փողոցում մարդ են տեսնում, որ գումար է խնդրում, եղած կոպեկները տալիս են: Երեխաներն էլ իրենից են օրինակ վերցրել: Գյուլնարան Հասմիկին ասում է՝ պատմի, թե ոնց էիր ուզում 50 դրամն էն պապիկին տալ: Քույրը պատմում է, որ մի օր խանութ էին գնացել հաց առնելու, փողոցում աղբի արկղերը քրքրող մի պապիկի են տեսել, մտածել են, որ ուտելիք է փնտրում: Հացն առնելուց հետո 50 դրամն ավելացել էր, բուլկի էին առել, որ տան պապին: Բայց երբ խանութից դուրս էին եկել, նա արդեն գնացել էր:

Գյուլնարան, Հասմիկն ու Վարդուշիկը երազանքներ շատ ունեն: Մարմնամարզության են ուզում գնալ, բայց դրա համար ամսական 5000 դրամ է հարկավոր: Ջեմման ասում է, որ այդ գումարը դեռ չունեն: Հասմիկը շարունակում է, թե ինքն այնքա՜ն է սիրում գիմնաստիկան:

Հետո միասին կանգառ ենք գնում, մեզ ուղեկցում են բոլոր երեխաները՝ բացի Անիից: Ճանապարհին կրկին խոսում ենք երազանքներից, նպատակներից: Հասմիկին ասում եմ, որ «Կենգուրու» մրցույթին սպասում եմ իր հաղթանակին, ասում է՝ տեսնենք: Չգիտի, թե ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց մի բանում վստահ է՝ եթե հարստանա, տարբերություն չի դնելու հարուստների ու աղքատների միջև, օգնելու է բոլորին էլ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Հետք
Հարգելի ընթերցողներ, ընտանիքի մոր՝ Ջեմմայի թույլտվությամբ հրապարակում ենք նրա հեռախոսահամարը. 093 86-59-16

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter