HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մեքենաներում տեղադրվող գազաբալոնների պահանջները կսահմանի Կառավարությունը․ ԱԻՆ-ի առաջարկը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է կառավարությանն օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեությունները իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները:

Այս մասին օրենսդրական նախաձեռնությունը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ E-draft.am կայքում։

Ըստ առաջարկության՝ կսահմանվեն վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին, ընդ որում՝ չճնշափորձարկված գազաբալոններով ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար առաջարկվում է պատասխանատվություն կիրառել օրենքն ուժի մեջ մտնելու պահից, որը նախատեսված է հրապարակումից 12 ամիս հետո, իսկ ոչ ուղևորափոխադրումներ իրականացնող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար հրապարակվելուց հետո 36 ամիս հետո: Առաջարկվում է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ վիճակագրական տվյալների վերլուծության՝ վերջին վեց տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները, գազաբալոնների կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաև գազաբալոնների՝ սահմանված չափաբաժնից ավել լիցքավորելը, որի արդյունքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառված  էական վնասը:

Փաթեթում ներառված են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքները և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը։ Առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում ավելացնել հետևյալ հոդվածները

.Գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը։

․Գազաբալոնների վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:

․Գազաբալոնների պարբերական վկայագրում` շահագործման մեջ գտնվող գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող վկայագրում։

․Հավաստման նշան` գազաբալոնների վկայագրումը հավաստող նշան։

․Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում շուկայահանված գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին:

Գազաբալոնային սարքավորումների տեղադրում, գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ձևով և կարգով հավաստման նշանում լրացնում է գազաբալոնների պարբերական վկայագրման հաջորդ ժամկետը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է գազաբալոնների և ավտոտրանսպորտային միջոցների տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգ, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազալցավորում իրականացնելիս ԱԳԼՃԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի և դրա գազաբալոնի վերաբերյալ տվյալները մուտքագրել տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգում, որի վարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման:

Գազաբալոնների լիցքավորումն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման և վկայագրման հաջորդ ժամկետի նշման արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների:

Գազաբալոնների պարբերական վկայագրման հավաստման նշանը տվյալ գործունեություն իրականացնող անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` գանձելով օրենքով սահմանված չափով պետական տուրք:

Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է.

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման իրականացման կարգը, գազաբալոնների վկայագրման պարբերականությունը, տեխնիկական արատորոշման մեթոդաբանությունը և խոտանման կարգը.

գազաբալոնների և ավտոտրանսպորտային միջոցների տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգը և դրա վարման կարգը,

գազաբալոնների վկայագրման հավաստման նշանի պատկերը և տրամադրման կարգը.

ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնակատերերին ներկայացվող պահանջները»։

Նախագծում նշվում է նաև, որ իրավախախտման հատկանիշների պարզման փուլը բաղկացած է պարզման նախնական և պարզման հաստատման ենթափուլերից: Պարզման նախնական ենթափուլում իրավախախտումը կատարած համարելու հիմնավոր կասկած է դիտվում տվյալների հսկողության էլեկտրոնային շտեմարանից ստացված տեղեկությունը` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնի պարբերական վկայագրման բացակայության մասին և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին: Իրավախախտումը կատարած համարելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցն օրենքով սահմանված կարգով կանգնեցվելուց հետո իրականացվում է պարզման հաստատման ենթափուլը, որտեղ իրավախախտումը հիմնավորող ապացույցը տվյալների հսկողության էլեկտրոնային շտեմարանից ստացված վերոնշյալ տեղեկության հիման վրա տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման հայտնաբերումն է` առանց պարբերական վկայագրումը հաստատող փաստաթղթի, հավաստման նշանի կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման, որի հիման վրա ընդունվում է իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter