HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու Արամ

Վանուհի Թովմասյան

                         « ...Երբ գիշերը գա, մտնեք ձեր   հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք,                                    արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք                                   այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին,                               ինչպես Արամը...»․ Նիկոլ Աղբալյան

Հաճախ եմ մտածել՝ արդյոք թերություններ ու թերիներ տեսանող, հավերժ ընդդիմադիր Լեռ Կամսարը որևէ դրվատելի անձ կամ արարք տեսե՞լ և արձանագրե՞լ է։ Դիցուկ թե, մասնագիտության բերումով երգիծաբանի աչքը միայն թերությունները պետք է նկատի, այնուհանդերձ, լինում են չէ՞ դեպքեր, որ մարդ իրենից անկախ հիանում և գովաբանում է մեկին։

Չզարմանաք՝ հազվադեպ, բայց կա՛ նման բան։ Հիմնականում դա արտահայտվում էր դրականի կողքով լուռ անցնելով։ Եթե չի անդրադարձել որևէ մեկին կամ որևէ բանի, փառք Աստծու, ուրեմն ժամանակի քննությունը վերջիններս հաղթահարել  էին ու կարող էին հանգիստ շունչ քաշել։

Հիշում եմ՝ մեկ անգամ Սիլվա Կապուտիկյանը օգնել էր Կամսարի դստերը մի կարևոր հարցում, և տիկին Սիլվային հաճոյանալու համար նա ասաց

-Չեք պատկերացնի Լեռ Կամսարն ինչպե՜ս էր ձեզ սիրում և մեծարում։

Բանաստեղծուհին քահ-քահ ծիծաղելով ասաց

-Սիրո՞ւմ, ինչ ես խոսո՜ւմ, Նորա ջան, երբ Կամսարի գլուխը տեսնում էինք գրողների միությունում, բոլորս թաքնվում, ծակուծուկ էինք մտնում, որ մեզ ո՛չ նկատի, ո՛չ էլ հիշի իր գրավոր մտորումներում։

(Փակագծում տեղեկացնեմ, որ  այս դիպվածն ասելիքիս հետ կապ չունի, բայց ամեն դեպքում հպանցիկ նշեմ, որ սիրելի տիկնանց տիկին բանաստեղծուհին այնքան էլ հաջող չէր թաքնվել ․․․):

Հա, ի՞նչ էի ասում․․․ Կամսարի մոտ կան նաև դրվատանքի խոսքեր որոշ գրողների, արվեստագետների հասցեին։ Բայց որ նա կարող էր անթաքույց իր սերն արտահայտել իր ժամանակի  որևէ իշխանավորի, քաղաքական գործչի հանդեպ՝ դա արդեն չափազանցություն էր։

Չեք հավատո՞ւմ՝ ահա փաստը

«Վասպուրականը սակայն, 20-րդ դարասկզբին կկազմեր ուրախալի բացառություն մը Տարոնի, Բարձր Հայքի և այլոց հետ համեմատած։ Սա չընկճվեցավ այս բոլորեն ու կներկայացներ շնչելի մթնոլորտ մը հայ թոքին համար, և այդ՝ շնորհիվ Արամ իշխանի։

Արամ իշխանը, որը ծագմամբ Սյունի էր, իր եռանդուն գործունեությամբ, իր պարզությամբ և իմաստությամբը գրավեց ոչ միայն հայերու, այլև թուրքերու սիրտը, որք «փաշա» տիտղոսը տվին իրեն։ Այս բանը շատ լավ կհասկնար ժամանակի ոստիկան Ջևտետ փաշան։ Նա գիտեր, որ քանի կենդանի է Արամ՝ իր իշխանությունը չի կարելի հաստատուն համարել։ Եվ օր մըն ալ, ապստամբության դրոշ բարձրացնելով կրնար անկախություն հայտարարել և դուրս վռնդել թուրք ոստիկանին Վասպուրականի սահմաններեն։

Վասպուրականի ոստիկան, խորամանկ Ջևտետն առիթը հարմար սեպելով, կպատրաստվի իր հաշիվը մաքրել Արամին հետ։ Ուստի հոտ կհանե իբրև թե Մոսկոֆներու վրա կռվի պիտի երթա, կսկսե տենդագին պատրաստություններ տեսնել։ Դեսպաններ կղրկե Արամին քով և խումբ մը հայագունդ զորք կխնդրե ի սատար օգնականության։ Արամը բոլորովին անտեղյակ չըլլալով մեկտեղ մահմեդական ոստիկանին խորամանկությանը, կհավանի գունդ մը քաջ կռվողներ ղրկել, որոնք Վասպուրականի Արճակ ավանի մեջ կմիանան մահմեդական զորաց։

Ջևտետն իր խառնիճաղանջ բանակը, ըստ երևույթին, դեպի Ատրպատականի սահմանները կխաղացնե։

Վասպուրականը պահ մը խաղաղ զգաց իրեն, բայց այս խաղաղությունը երկար չտևեց...

Անմիջապես արևելյան գավառներեն գուժկաններ հասան Արամի մոտ, թե՝ Ջևտետը իր ճամփան փոխած՝ Վասպուրականին վրա կքալե. քո պատրաստությունը տես, կըսեն, ո՛վ քաջ։ Գյուղերը, ավանները ասպատակելով, կոտորելով Վանա պարիսպներուն կմոտենա քեզի անպատրաստ վիճակի մեջ բռնելու համար։

Սակայն Հայաստանի ամեն կողմերեն եկած այս բոթերը չշփոթեցրին զԱրամ։ Անիկա իր վերջնագիրը հղելով առ թուրք ոստիկանին, գործի անցավ։ Լուր ղրկեց դաշնակցականց, ռամկավարաց, հնչակենից, լբանց, ճղբաց և այլն ազգաց և ազանց, որ վազվազակի գան հասնեն թիկունս օգնականության։ Հայ նախարարները հասկցան Հայաստանին սպառնացող վտանգի ամբողջ մեծությունը, և ամեն կողմե քաջ պատերազմիկ գունդեր շտապեցին իրենց սիրելի Արամ իշխանին քովը համախմբվիլ։

Մյուս կողմե Արամ սպարապետը նամակ մը կղրկե Ռուսիա և հիշեցնելով ռուսաց խոստումները՝ օգնություն կխնդրե։ Սպասված օգնությունը չուշանար, և Ջևտետ ոստիկանը հասկնալով իր վիճակին լրջությունը՝ քաղաքին մահմեդական բնակչությունն առած Բիթլի  ( Լեռ Կամսար,«Հայոց պատմություն», 1916թ.)։

Արամ Մանուկյանի գլխավորությամբ և Արամ Թովմաղյան Լեռ Կամսարի  մասնակցությամբ վանեցիները հերոսաբար կռվում են թուրք խուժանի դեմ և աննախադեպ հաղթանակ են տանում։

«Ժողովուրդն այս հաղթութունեն գինովցած, անմիջապես Եզնիկ Մոկացու նախագահությամբ ժողով մը գումարեց Վանի Մայր եկեղեցու մեջ և որոշեց Արամ իշխանը գահ բարձրացնելով՝ նահանգապետ հռչակել։

Արամ Մանուկյանը իր իշխանության ամբողջ ընթացքին ցույց տվավ, որ ոչ միայն քաջ կռվող մըն է պատերազմի դաշտին մեջ, այլև շինարար նահանգապետ մը խաղաղության ատեն։ Արամ Ա.-ի օրոք երկրագործությունը իր գագաթնակետին հասավ։ Ոսկին ու արծաթն առատացավ երկրին մեջ։

Արամ Մանուկյանը ամբողջ 70 օր հայրաբար խնամեց իր ժողովուրդը։ Ոչխար չունեցողին ոչխար տվավ, ծառ չունեցողին ծառ տվավ։ Ժամանակի վարժապետները իրենց իսկ բերանով խոստովանած են, որ Արամի իշխանության օրոք բնավ անոթություն զգացած չունեն»։ (Լեռ Կամսար, «Հայոց պատմություն», 1916թ․)։

Տեսե՛ք ի՞նչ արժանիքներ ու առաքինություններ է ունեցել Արամ Մանուկյանը, որքա՜ն մեծ ազգային գործիչ և իշխանավոր է եղել նա, որ Արամ Թովմաղյան երգիծաբանի «չարախինդ» լեզուն անգամ ի զորու չի եղել իր հիացմունքը չհայտնել։ Վանեցիները սիրում, հավատում և նվիրվում էին Արամ Մանուկյանին, որովհետև փոխադարձ էր դա։ Արամն իրեն չէր բարձրազատում ժողովրդից, նա բոլորի հետ էր  և բոլորից մեկը։ Իր հոգածության տակ էին Վանի և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային ու կրթական հարցերը։ Ամեն ոք աջակցություն կարող էր ակնկալել նրանից առանց բացառության։

Ահա ի՞նչ ենք կարդում Ամերիկա Վրացյանին ուղղած իր նամակներում

                                                 

1

Սիրելի Վրացեան,

Նամակաբերս՝ Տոքտ Րէյնոլդս գալիս է Ամերիկա Վանի մէջ Ամերիկեան Կոլէճ մը բանալու համար հանգանակութիւն անելու։

Վերջերս սրանց հետ կրթական հարցերու շուրջը համերաշխած լինելով՝ մենք ուրախ կը լինենք, որ սրանք յաջողին կանոնաւոր կոլէճ մը ունենալ հոս։

Ուստի կը խնդրենք՝ ես եւ ընկերներ, որ թերթի եւ այլ միջոցներով ամեն կարգի աջակցութիւն ցոյց տաս։

Ուրիշ խնդիրներու մասին չեմ գրում ոտի վրայ եմ գաւառ կը մեկնիմ։

                                               Համբոյրներով՝  քո ԱՐԱՄ

                                                1913, Սեպտ6, Վան

 

                                                                  2․

 

Սիրելի Սիմոն,

Նախորդ երկար նամակս յուսամ ստացել ես եվ խնդրածներս մինտար ալթի չես անի։ Գրաբերս խաս վանեցի է եւ ինձ շատ մօտիկ։ Գալիս է այդտեղ միլիոններ վաստակելու։ Նայիր, որ շուտ վաստակէ եւ վերադառնալով՝ մեզ էլ բաժին հանէ։ Յանձնում եմ քո հոգատարութեան։

Ուրախ եմ, որ հոգ ես տանում, որ «Հայրենիք»-ում Վանից շատ թղթակցութիւններ երեւան։ Քո յիշած տղաների մասի կասեմ, որ բոլորն էլ լաւ են, բացի Հրանտից, որ զաւզակին մէկն է։ Առանձնապէս յանձնարարում եմ Հմայեակին, որ ապագայ ունեցող տղայ  է, թէեւ քիչ մը դժուարամարս։ Թովմաղեանն էլ կարող է լաւ գրող դառնալ (Լեռ Կամսար), եթէ վրան աշխատիս, դժուար տաշելիք քար է։ Հումոր ունեցող տղայ է եւ կարող է լաւ երգիծաբան դառնալ։

Խնդրեմ լուրջ ուշադրութիւն դարձրու Վանին հիանալի երիտասարդութիւն ունինք։ Ես շատ եմ ոգեւորուած։ Զուր ես ծաղրում իմ «ղարաբաղցիական վանեցիութիւնը»։ Իրաւունք ունիս, ես աւելի վանեցի եմ զգում ինձ, քան թէ ղարաբաղցի։ Եւ ի՞նչ ես կարծում Վանի վերջալոյսը տեսնողը ուրիշ տեղացի կուզէ՞ լինել։ Վանայ քաղաք․․․

                                                          Համբոյրներով՝ ԱՐԱՄ

                                                                   (անթուկիր)

Նամակներիի այս փոքրիկ պատառիկներն անգամ աներկբա բացահայտում են Արամ Մանուկյան հզոր պետական այրի կերպարը, ով դարերով պետականություն չունեցող հայոց ծվենների վրա սատարեց կերտելու  Վանի առաջին հանրապետության ծնունդը և փրկեց վանեցիներին կոտորածից։

Բայց դեռ գալու էր է՛ն ամենակարևորը․․․

Այնուհետև, թերթելով մեր պատմության տխուր էջերը  երկու Արամներին մենք արդեն հանդիպում ենք Երևանում, ուր հասել էին նրանք Վանի «Նահանջ բյուրացից» հետո։ Ուր 1918թ-ին հայ ժողովրդի, փառապանծ հերոսների գերմարդկային ջանքերով և Արամ Մանուկյանի ղեկավարությամբ կերտվեց մեր անկախությունը և ստեղծվեց Առաջին Հայկական Հանրապետությունը՝ մեր պատմության ամենափառահեղ հաղթանակը։

Արամ Մանուկյանի խստագույն պահանջով Թիֆլիսից Հայաստան ժամանեցին հեռվից կառավարող պետական այրերը, և կազմավորվեց առաջին հայկական կառավարությունը, որտեղ նա նշանակվեց նորաստեղծ պետության Ներքին գործերի նախարար։

Եվս մի մեջբերում՝ տեսնելու համար պետական այր Արամի տեսակը, ում մշտական հոգածության տակ եղավ Հայրենիքը և այնտեղ ապրող քաղաքացին։

«Հիշողութիւն չորրորդ

1918 Յուլիս-օգոստոս:

Երեւանի պզտիկ հանրապետությունը կապրեր իր սովի ամենատխուր օրերը, ամեն օր կմեռնեին ոչ պակաս 600 անձ, միայն Երեւան քաղաքին մեջ:

Պաթումի դաշնագրով նորածտեղծ հանրապետութեան սահմանը Երեւանեն հինգ քիլոմեթրի վրայ կը վերջանար: Հինգ քիլոմեթրեն այն կողմ հասած ցորենի արտերը կը մնային անքաղ: Վասպուրականի լեռնցիները որոշեցին մահվան գնով երթալ այդ արտերեն ցորեն հավաքել: Թուրք զինվորները նախապես սպանեցին մի քանի գյուղացիներ և ապա Վեհիպ փաշայի արտօնութեամբ իրաւունք տրուեցաւ ցորենի հասկեր հաւաքել ու թուրք զինւորներու հսկողութեն տակ վերադառնալ Երեւան:

Այս անպաշտօն արտօնութիւնը մեզ քաջալերեց ամէն օր կազմակերպել կանանց և երեխաներու խմբեր ցորենի հաւաքման համար:

Ահա այս օրերէն մէկ առաւօտ արեւածագին փողոցը իջած այս գործին կը նայեի, տեսայ, որ դերասան Գարագաշը՝ օգնական դերասան պարետ Արշօ Շահխաթունուն, մօտ յոթանասուն տարեկան մոկացի ծերունիի մը օձիքեն բռնած, թե՝ «զինվորացու ես՝ բանակ պիտի երթաս»: Մօտեցա Երեւանի օգնական պարետին, թե՝ պրն. Գարագաշ ո՞ւր կը տանէք այս խեղճ ծերուկը, ձգեցեք, որ հաց հավաքելու երթայ: Մեր դերասան պարէտը սոսկալի բարկացավ ըսելով, թե՝ ո՞վ եք դուք, որ կը համարձակեք իմ գործին խառնուելու: Պատասխանեցի՝ ես ան եմ, որ մեր գավառացիներու գործին կը խառնուեմ ու ձեզի կըսեմ, որ դուք իրաւունք չունիք նեղութիւն տալու այս խեղճ ծերուկին:

Այն ատեն դերասան-պարետը զայրացած մտրակը ձեռք իր ձին իմ կողմը քշեց հրամայելով, թե՝ «լաւ, եթէ ան ծեր է, հո դուք երիտասարդ էք, հայդե զօրանոցը»: Շատ բարի, ըսի, երթանք, ու սկսայ զինւորական քայլուածքով անոր ձիու կողքեն առաջանալ փողոցի կեդրոնով: Մեր դիմացը կուգար միստեր Արրոլը, երկու ամերիկացիներեն մէկը (միւսը միստեր Էլտըր), որ զիս տեսնելով կանչեց.

-Հըլլօ, ի՞նչ զինւորութիւն կը խաղաս,- և առանց սպասելու պատասխանին գլխարկը հակառակ կողմը դարձուց և ինծի ընկերանալով սկսաւ իրեն յատուկ կօմիկ ձեւերով քալել: Ու տակաւին Պեյպութեան փողոցին ծայրը չը հասած, Լեռ Կամսարը երեւցաւ, որ իրեն յատուկ «լրջութեամբ» եկաւ ու մեր խումբին միացաւ: Հազիւ հասած էինք Աստաֆեան կեդրոնական փողոցը (ապա Ազատութեան՝ իմմա Աբովյան), երբ մեկ-երկու զինւորական սպաներ մեզ տեսան՝ օգնական պարետ Գարագաշին վրայ յարձակվեցին ու զինք նախատելով ըսին.

-Մինչեւ ե՞րբ պիտի շարունակեք ձեր այս խայտառակ դերասանութիւնը...

Երբ իհարկե դերասան-պարետը իր ձիովը փախուստ տուաւ, մեր խումբը սակայն շարունակեց իր ճամբան մինչեւ Ներքին գործոց նախարարութիւնը, ուր հոն հասնելով խնդիրը պարզեցի Արամ Մանուկեանին (փաշա):

Ներքին գործոց նախարար Արամը իսկույն հեռախօսը վերցուց ու քաղաքին պարետ Շահխաթունին իր մօտ հրավիրեց:

Անշուշտ խայտառակութեան լուրը հասած ըլլալով Շահխաթունուն, հեռախոսով յայտնեց, թե.

-Լսեցի Գարագաշի խայտառակութեան մասին, ներեցեք մեզի ու ներեցեք, որ չը կրնամ գալ:

Ապա երբ անդրադարձաւ Լեռ Կամսարի ներկայութեանը, հարցուց.

-Արա՛մ, դու ի՞նչ գործ ունիս հոս:

Ե՞ս, - լրջութեամբ ըսավ Արամը, ե՛ս, փաշա, տեսնելով, որ դերասան Գարագաշը փողոցներ ինկած դերասաններ կը հաւաքեր, եկայ որպեսզի դեր մըն ալ ինծի համար ապահովեմ....»։ (Հատված  Ն(շան)  Յովհաննիսյանի «Հուշերից», Ապրիլ 15,1959թ.։  Ձեռագիրը գտնվում է Երեւանի  Ե. Չարենցի անվան գրականության թանգարանում):

Ինչպես նկատեցիք նա նորից իր հայ ժովրդրդի հետ էր, հոգ  էր տանում իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու մասին, անթիկնապահ ու առանց զրահապատ մեքենայի հասանելի էր իր կարիքն ունեցողներին․․․

Արամ Մանուկյանը մեր պետականության խորհրդանիշն է․․․

Նրա հավատամքը՝ Երկրին ծառայելը․․․

Հավերժ փառք ու մեծարում նրան․․․

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter