Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քննարկվող նախագծով՝ ՄԻՊ-ը կառավարության նիստերին ներկա կգտնվի միայն վարչապետի հրավերով



Արդարադատության նախարարությունը շարունակում է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Կառավարությունը կարծես որոշել է նոր մոդելի պետության գործունեությունը իրականացնել՝ սահմանափակելով հրապարակային աշխատելոճը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, այժմ քննարկման է դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։  Այժմ գործող օրենքով  պաշտպանն իրավունք ունի ներկա գտնվել կառավարության նիստերին և ելույթ ունենալ կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև մասնակցել և ելույթ ունենալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցերը։

Սակայն Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու կառավարության նիստերին: Այդ անձանց ցանկում մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ։ Սակայն առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք, որոնց մեջ է մտնում նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Այսինքն՝ օրենքի ընդունման պարագայում մարդու իրավունքների պաշտպանը ներկա կգտնվի կառավարության այն նիստերին, որոնց կհրավիրի վարչապետը։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին կառավարությունը որոշեց, որ նորընտիր վարչապետի պաշտոնավարման ժամանակ վարչապետը անձամբ կորոշի՝  կառավարության նիստը լինի դռնփակ, թե դռնբաց։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ