HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուքմեյքերական ընկերությունները շրջանառության 35% աճ են գրանցել. ծառայությունների ոլորտը 2017-ին

2017 թվականին Հայաստանում տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն ունեցավ ծառայությունների ոլորտը։  Թեև տնտեսական աճի տարեկան արդյունքները դեռևս հրապարակված չեն, սակայն տարվա առաջին երեք եռամսյակների տվյալները վկայում են, որ ՀՆԱ-ի աճին ամենից շատ նպաստել են  առևտուրն և ծառայությունները։

Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) նախորդ տարվանից հրապարակում է բավականին մանրամասն տվյալներ, թե ծառայությունների ենթաոլորտները ինչ վարքագիծ են դրսևորել տվյալ ժամանակահատվածում։

2017  թվականին (հունվար-դեկտեմբեր)  ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 453  մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 14.4%-ով։

Ծառայությունների ոլորտում շրջանառության ծավալներով առաջատարն են ֆինանսական ոլորտը (այդ թվում՝ ապահովագրությունը), մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը, որտեղ մեծ կշիռ ունի բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը, տեղեկատվության և կապի ոլորտը, ինչպես նաև տրանսպորտը։

Ֆինանսական և ապահովագրական ոլորտում նախորդ տարի 20.6% աճ է գրանցվել։ Ընդ որում՝ այն ապահովվել է բանկային գործունեության արդյունքում։ Իսկ ապահովագրության ոլորտում անկում է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտն ապահովել է ծառայությունների ընդհանուր ծավալը 20.8%-ը։

Հաջորդը, ինչպես նշեցինք, մշակույթ, զվարճությունների և հանգիստ ոլորտն է։  Այն արդեն մի քանի տարի է «հետաքրքրիր» ցուցանիշներ է արձանագրում։ Այս ոլորտի շրջանառությունը 2017 թվականին կազմել է մոտ 285 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ աճել է 22.3%-ով։ ծավալները հիմնականում ապահովվում է շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը։ Խոսքը խաղատների ու բուքմեյքերական ընկերությունների մասին է։

Մասնավորապես, նշված 285 մլրդ դրամից մոտ 276 մլրդ դրամն ապահովել են խաղատներն ու բուքմեյքերականները, որոնց հասույթը 2017 թվականին աճել է 22.5%-ով։ Ընդ որում՝ բուքմեյքերական ընկերությունները շրջանառությամբ էականերոն գերազանցում են խաղատներին։ 2017 թվականին խաղատնային գործունեության ծավալը կազմել է  66  մլրդ դրամ, ընդ որում ՝ այն նվազել է 4.9%-ով։ Նույն ընթացքում բուքմեյքերական ընկերությունները վիճակախաղերի (տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում) շնորհիվ ապահովել են մոտ 209 մլրդ դրամի ծավալը, որը 2016-ի համեմատ աճել է 34.9%-ով։

Ստացվում է, որ բուքմեյքերական ընկերությունների հասույթն աճել է «կատաղի» տեմպերով, ինչև, բնականաբար, զգալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ամբողջ ոլորտի աճի վրա։  Բուքմեյքերական ընկերություններին առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ։

Տեղեկատվության և կապի ոլորտի ծավալը 2017 թվականին կազմել է մոտ 244 մլրդ դրամ, աճը՝ 5.3%:  Ընդ որում ՝ այստեղ կարևոր է նշել, որ ոլորտի աճը գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաներ ենթաոլորտի շնորհիվ, որի ծավալները  աճել են 29.6%-ով ու հասել գրեթե 76  մլրդ դրամի։ Իսկ հեռահաղորդակցության ոլորտում անկումը շարունակվել է և տարվա կտրվածքով կազմել 4.9%:

Առհասարակ, ծառայությունների բոլոր խոշորացված ոլորտներում նախորդ տարի ծավալների աճ է գրանցվել։

Մարզերում ծառայությունների պահանջարկը փոքր է

Հետաքրիր է, որ ծառայությունների ծավալի (1 տրլն 453  մլրդ դրամ) 80.6%-ն ապահովել է Երևանը, իսկ մարզերի բաժին է հասել ընդհամենը 19.4%-ը։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսական գործընթացները Հայաստանում կենտրոնացված են մայրաքաղաքում, իսկ մարզերում տխուր  պատկեր է։  Ընդ որում՝ 2016 թվականին ևս նշված բաշխվածությունը նույնն է եղել։

Մարզերում քիչ թե շատ զարգացած է ֆինանսական և ապահովագրական ոլորտը, այն էլ՝ հիմնականում բանկերի ու վարկային կազմակերպությունների գործունեությունն է։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ  ոլորտը ևս մարզերում համեմատաբար տեսանելի է։ Սա նաև առանց պաշտոնական վիճակագրության է տեսանելի, քանի որ մարզերում ևս օրեցօր ավելանում են բուքմեյքերական գրասենյակները, ինչպես նաև՝ խաղատները ևս գտնվում են մարզերում։

Տրանսպորտը ևս քիչ թե շատ աշխույժ է մարզերում։

Ծառայությունների ծավալով մարզերից ամենամեծ կշիռը բաժին է ընկնում Կոտայքին։

Այս մարզում են գտնվում խոշոր խաղատները։ Չի բացառվում, որ ծառայությունների ծավալի գերակշիռ մասը Կոտայքում ապահովում են հենց խաղատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter