HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովը «խմբագրում» է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հայտարարագրերը

Օրեր առաջ թվով 6 հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել Արմեն Սարգսյանի թեկնածության Սահմանադրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Նշել էին, որ նախագահի թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը:

Որպես հիմնավորում նշված էր նաև այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է  եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է ՀԿ-ների հայտարարությանը: Իր պաշտոնական կայքէջում Հանձնաժողովը պարզաբանել է, թե «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը): Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով): Դրա վերաբերյալ առկա է նաև պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում:

Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովը շրջանցել է ՀԿ-ների կողմից բարձրացված հարցը: Այն է՝ Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր: Այսօր էլ 2013թ. տարեկան հայտարարագիրը ներկայացված չէ, իսկ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և տարեկան հայտարարագրերը տարբեր են և չեն կարող նույնական լինել:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների 2013թ. հայտարարագիրը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտումով, մի քանի տարի անց՝ 2017թ. ապրիլի 20-ին:

«Հետքը» դեռևս 2016թ. սեպտեմբերին անդրադարձել էր, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ոչ էլ՝ տարեկան: Մեր հրապարակումներից հետո է նա ներկայացրել հայտարարագրերը: Այդ ժամանակ Էթիկայի հանձնաժողովն ի պատասխան մեր գրության, հաստատել էր, որ պաշտոնյան չի ներկայացրել հայտարարագրեր: Հանձնաժողովի պարզաբանումից ստացվում է, որ Արմեն Սարգսյանը օրենքը չի ոտնահարել և չի ցուցաբերել վարքագծի նորմերի խախտում:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի չհայտարարագրած աշխատավարձին, ապա նշենք, որ այդ մասին անդրադարձել ենք դեռևս 2017թ. օգոստոսի 28-ի հրապարակումով: Այդ ժամանակ Էթիկայի հանձնաժողովը որևէ պարզաբանում չի տվել, որ դեսպանն անվճար է աշխատում: Չի նշել, որ «Դրա վերաբերյալ առկա է նաև պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում»: Մինչդեռ հայտարարագրի նշումներ բաժինն առանց հայտարարատու անձի համաձայնության հրապարակման ենթակա չէ, և քաղաքացին չի կարող տեսնել այդ նշումը:

Հիշեցնենք, որ հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

Էթիկայի հանձնաժողովը չի արձագանքել նաև բիզնես կապերին: Եթե Արմեն Սարգսյանը 0-ական եկամուտ է ներկայացրել, ստացվում է, որ թաքցրել է նաև բիզնեսից ստացած եկամուտները: Վերջին տարիներին մամուլը բազմիցս գրել է, որ նա բիզնես հետաքրքրություններ ունի տարբեր երկրներում:

Նա է «Highbury Group», «Knightsbridge Group» ընկերությունների հիմնադիրը: Վերջինիս խմբի մեջ մտնում են մեկ տասնյակից ավելի ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում և տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում և այլն:

Իսկ «Highbury Grօup»-ը «Ленинград» կոորպորացիան, որի գործունեության մի մասն էլ էներգետիկ ոլորտն է: Մեր տեղեկություններով այլ բիզնես ընկերություններ ևս ունի, որտեղ դեսպանը «թաքնվել» է այլ անձանց անվան տակ: Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ևս հայտարարագրերը ներկայացրել է տարիներ անց՝ 2017թ. ապրիլի 20-ին:

Մեկնաբանություններ (1)

mm
The black sometime becomes a white and vice versa, in depend when and to whom it becomes necessary. So, here nothing strange.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter