Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Իրանում ինքնաթիռ է կործանվել. բոլոր 60 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են



Իրանական Aseman Airlines ավիանընկերությանը պատկանող ATR-72 ուղևորատար ինքնաթիռը վայր է ընկել Սպահանի նահանգի Սեմիր քաղաքի մերձակայքում՝ լեռնային գոտիներում: Թեհրանից Յասուջ թռչող օդանավում գտնվող բոլոր 60 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են: Այս մասին BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը հայտնել է Aseman Airlines-ի ներկայացուցիչ Մոհամադ Թաբաթաբաին:

Դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ և որոնողափրկարարական խմբեր: Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակ Մոջթաբա Խալեդին Press TV-ին հայտնել է, որ տեղանքի անհարմարությունների պատճառով ուղղաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել, ինչն էլ ավելի է բարդացնում փրկարարական աշխատանքները: Փրկարարներին խոչընդոտում են նաև եղանակային անբարենպաստ պայմանները:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին թվիթերյան իր էջում գրառել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Դեռևս տեղեկություններ չկան ATR-72 օդանավի կործանման վարկածների մասին: Միայն նշվում է, որ օդանավը թռիչքից 50 րոպե անց անհետացել է ռադարներից: Flightradar24 ծառայությունը ընդգծում է, որ կործանված ինքնաթիռը շահագործվում էր 24 տարի: Օդանավը վերջին ազդանշանը տվել էր տեղական ժամանակով 8:25-ին և այդ պահին գտնվել է մոտավորապես 5.2 կիլոմետր բարձրության վրա:

ATR-72 ուղևորատար օդանավի կործանման կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Լուսանկարը՝ planespotters.net / Jan Seba


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ