HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքրուհիներն ասում են, որ աշխատանքից ազատվել են տնօրենի խոտը չհավաքելու պատճառով

Հունվարի 29-ին Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատել է դպրոցի մաքրուհիներ Գոհար Թաթոյանին և Արև Թաթոյանին: Գոհարը դպրոցում աշխատում է 1988թ.-ից, Արևը՝ 1994թ.-ից:

Արևի և Գոհարի ասելով` տնօրենի հետ նրա պաշտոնավարման մոտ 3 տարին նորմալ են աշխատել: Սակայն Գոհարի ու Արևի համար հարց է մնում, թե ինչպես եղավ, որ Կիմիկ Պետրոսյանը որոշեց  դպրոցի 6 մաքրուհիներից հենց իրենց ազատել աշխատանքից:

Նրանց պատմելով` մի օր տնօրենը գնում է մարզպետարան, գալիս ու ժողով է անում, թե ով համաձայն է կես դրույքով աշխատել, նա կշարունակի աշխատել, ով համաձայն չէ` չի աշխատի: «Տնօրենը գիտեր, որ ես և Արևը համաձայն չենք կես դրույքով աշխատելու, որովհետև 3 տարի առաջ, երբ մեր դրույքը  0,75  դարձրեց, ասել էր, որ հունվարին կամ սեպտեմբերին նորից մեկ դրույք կդարձնի: Այդպես ասելով` 3 տարի պահել էր: Էն ժամանակվանից կրճատում կա ասելով` տնտեսվար ընդունեց կնոջ հորեղբոր տղային: Ես իրեն ընդամենը հարցրել եմ. «Ընկեր Պետրոսյան, բա որ կրճատում կար, էդ ոնց քո հորեղբոր տղային ու նրա  կնոջը՝ հավաքարար Մարիետային ընդունեցիք աշխատանքի, մեր  դրույքն էլ դարձրիք 0,75»,- պատմեց Գոհարը:

Մաքրուհիներից  2-ը թոշակի են գնալու, Արևը և Գոհարը տնօրենին խնդրել են մինչև նրանց թոշակի գնալը կես դրույքով աշխատել, հետո իրենց դրույքը նորից դարձնել 0,75: Կիմիկ Պետրոսյանը մերժել է։

Արևը վահանաձև գեղձի խնդիրներ ունի։ Ասում է այդ մասին տեղեկացրել է տնօրենին․ «Ասացի` էդ սոցփաթեթներից էլ ենք ընկնում, երբ իջեցնում եք մեր աշխատավարձը: Գոնե տարվա մեջ մի անգամ սոնոգրաֆիա ենք ընկնում, եթե հնարավորություն կա, մեզ օգնենք»։ Տնօրենն անդրդվելի է մնացել: Արևի ասելով` Կիմիկ Պետրոսյանը միշտ էլ հավաքարարներին նվաստացրել է: Ասում է` մի անգամ էլ պահանջել է. «Ընկեր Պետրոսյան,  խնդրում եմ  մի նվաստացրեք մեզ,  ճիշտ է, ավելն է մեր ձեռքին,  բայց մենք անգրագետ մարդիկ չենք»: 

Կիմիկ Պետրոսյանը արդեն 3 տարի է` ղեկավարում է Աքորու միջնակարգ  դպրոցը: Այդ տարիներին նա դպրոցի տեխնիկական աշխատողների  հաստիքներով  աշխատանքի է ընդունել հիմնականում իր և կնոջ ազգականներին ու հարազատներին: Դպրոցի տնտեսվար է նշանակել կնոջ հորեղբոր տղային ՝ Հրաչիկ Վարդևանյանին: Վերջինիս եղբորը՝  Զավեն Վարդևանյանին ընդունել է վառարաններ վառող: «Վարդևանյան  Զավենից առաջ մենք էինք դպրոցի վառարանները վառում, մեզ մեկ դասարանի վառարան վառելու համար վճարում էր ամսական 500 դրամ, 4 վառարան վառելու դեպքում 2 հազար դրամ էր տալիս: Երբ այդ նույն գործում ընդունեց կնոջ հորեղբոր տղային՝ Զավեն Վարդևանյանին, սկսեց վճարել մեկ դրույք աշխատավարձ»,- պատմեց Գոհարը:

Դպրոցի 4 պահակներից մեկը` Նինա Վարդևանյանը տնտեսվար Հրաչիկ Վարդևանյանի կինն է: Մաքրուհի Անիչկա Պետրոսյանը տնօրեն Կիմիկ Պետրոսյանի  հորեղբոր հարսն է: Տնօրենն իր հորեղբոր տղային՝ Սեյրան Պետրոսյանին դպրոցում աշխատանքի է ընդունել որպես բանվոր: Սեյրան Պետրոսյանի կնոջը՝ Մարիետային, ընդունել է որպես հավաքարար: «Այդ ժամանակ  նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 5 հազար դրամով, մենք այդ 5 հազար դրամը երբեք չստացանք»,-ասում են Գոհարն ու Արևը:

Վերջիններս 40 հազար դրամ իրենց աշխատավարձը չկորցնելու վախից ըմբռնումով են վերաբերել տնօրենի մոտեցումներին, սակայն մի տեղ «սխալ» են թույլ տվել:  Արևի և Գոհարի ասելով` ամռանը Կիմիկ Պետրոսյանն իր տավարը արոտի է հանում դպրոցի այգու տարածքում: Նախորդ տարվա ամռանը  դպրոցի այգու խոտը հնձել են՝ տնօրենի անասունների համար:  Չորս  մաքրուհիները հավաքել են տնօրենի խոտը.  «Ես ու Գոհարը չենք հավաքել: Գոհարը բարձր ճնշում է ունենում, իմ վահանաձև գեղձն ա հիվանդ: Չէինք կարող հավաքել: Ես մտածում եմ, որ տնօրենի նկատմամբ մեր մեղքը միայն էդ է»,- պատմեց Արևը:

«Ես անընդհատ զգում էի, որ էդ խոտի դեպքից հետո Կիմիկ Պետրոսյանն ինձ աչքի տակ է առել: Պահ եղել է, որ երեխաները դասերից փախել են, եկել է ինձ ասել՝ քո կորպուսովն են գնացել: Ասում եմ` ես չեմ տեսել, ես կամ դասարան, կամ զուգարան մաքրելիս եմ եղել: Հո մի տեղ անընդհատ չենք կանգնում: Երեխաներին հսկում ենք, որ իրար հետ չկռվեն: Ինձ ասում է՝ չէ, դու դիտավորյալ երեխաներին թողնում ես դեսը փախչեն»,- պատմեց  Գոհարը:

Կիմիկ Պետրոսյանի հետ` մաքրուհիների աշխատանքից ազատման մասին խոսելուց առաջ խնդրեցի հայտնել իր կարծիքը նրանց աշխատանքի մասին. «Իրենց հետ աշխատել եմ երկար տարիներ, մինչև դպրոցի տնօրեն նշանակվելը՝ դպրոցում աշխատել եմ ուսուցիչ: Իրենք աշխատել են կամայական ձևով, երբ դիտողություն էլ արվում է, իրենք անընդհատ ընդդիմանում են: Երբ իրենցից պահանջում էի  բացատրագիր գրել, հրաժարվում էին: Էնպես որ, իրենք բազմաթիվ անգամ ունեցել են խնդիրներ` և´ բանավոր, և´ գրավոր: Սա է եղել իրենց  մոտեցումը աշխատանքի նկատմամբ»,- բացատրեց նա:  

«Բայց  հավաքարարի իմ գործը եղել է դպրոցի` ինձ հանձնարարված տեղամասի մաքրելը: Դպրոցի 5 դասարան եմ ես մաքրել, դուք գիտեք մեր դպրոցի տարածքը՝ մեկ էլ երկար միջանցքը: Ու այն ուսուցիչները, ովքեր իմ մաքրած դասարաններում դաս են պարապել, նրանք  որևէ բողոք իմ աշխատանքի նկատմամբ չեն ունեցել: Այս 32 տարում իմ նկատմամբ որևէ բողոք չի եղել»,- պնդում է Գոհարը:

Կիմիկ Պետրոսյանը Գոհար Թաթոյանին գրավոր մեկ նկատողություն է տվել. «Ես ամեն օր դասարանների դարակները օրվա վերջում մաքրում եմ, նոր հատակն եմ մաքրում: Մի օր առավոտը եկավ, երկրորդ ժամն էր, ինձ կանչեց, տարավ մի դասարան և վերջին նստարանի դարակում մի կես բուլկի ցույց տվեց: Ասաց, եթե էս բուլկիի կտորը այստեղ է, ես դրա համար քեզ պետք է նկատողություն գրեմ: Ես էլ հարցրի, բա բուլկիի կտորի համար նկատողությու՞ն են գրում: Երեխա է, կարող է հենց 1-ին ժամին է էդտեղ թողել: Ես անցած օրը դասերից հետո դասարանը մաքրել եմ, բուլկիի կտոր չի եղել: Ինքը գնաց նկատողությունը գրելու»,- պատմեց Գոհարը:  

«Ինձ նկատողություն նախորդ տարվա հունիսին, թե հուլիսին է տվել»,- հիշեց Արևը: Արևը աշակերտների ամառային արձակուրդի օրերին երկրորդ դասարանում սովորող թոռնիկին տարել է Երևան` բժշկի մոտ: Պատմում է, որ գնալուց առաջ նրան չի հաջողվել հանդիպել  տնօրենին: Երեկոյան զանգահարել է նրան, բայց նա չի պատասխանել: «Առավոտը գնացել եմ, նույն օրը` երեկոյան, եկել: Երբ հաջորդ օրը գնացի աշխատանքի, նա դպրոցի բակում տնտեսվարի հետ նստած էր: Բարևեցի և ասացի՝ ընկեր Պետրոսյան կներեք, անցած օրը զանգեցի Ձեզ, որ թույլտվություն ստանամ, երեխային տարել եմ բժշկի»,- ասում է Արևը:

Տնօրենն ասել է` չես զանգել: Արևը հեռախոսը մեկնել է տնօրենին, որ տեսնի զանգը. «Վերջապես իրենից տարիքով մեծ կին եմ, ինձ այնպես վիրավորեց, գնացել եմ շախմատի սենյակում  լացել»,- ասում է Արևը:

Հաջորդ օրը Կիմիկ Պետրոսյանը դպրոցի տեխնիկական աշխատողներինժողովի է հրավիրել և կարդացել Արևին տված իր նկատողությունը:  

«Մեկ օրով բացակայությունից գործը չի տուժել։ Երեխաների ամառային արձակուրդներին էր, կարելի է ասել, գնում ենք պարապ նստում, տուն գալիս։  Այնպիսի հավաքարարներ կան, ովքեր դասարանները չեն մաքրում, բայց նրանց պահել է, որովհետև իրեն համար խաբար են տանում, իրա տանը գործ են անում, խոտն էլ հնձել ու հավաքել են: Դպրոցի այգու բերքը տնօրենն է տանում իր տուն: Ինքը այնպիսի պայմաններ է ստեղծում, որ աշխատողները ամեն ինչով իրեն քծնում են»,- ասում է Գոհարը:   

Արև և Գոհար Թաթոյաններն իրենց` աշխատանքից ազատելու համար գրավոր բողոք են ներկայացրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը  հանձնաժողով է ուղարկել  դպրոց` երկու մաքրուհիներին աշխատանքից ազատելու հանգամանքերը պարզելու համար:

Տնօրեն Կիմիկ Պետրոսյանը մաքրուհիներ Գոհար և Արև Թաթոյանների դժգոհությունները շանտաժ համարեց: Մաքրուհիներին 2017թ.-ին իր տված նկատողությունների հետ  ներկայացրեց նաև 26 տարի առաջ Աքորու միջնակարգ դպրոցի նախկին տնօրեններ Գարեգին Վարդևանյանի (Կիմիկ Պետրոսյանի աները) եւ Ասյա Թոմոյանի կողմից  Գոհար Թաթոյանին տրված մեկական նկատողությունները: Ասաց նաև, որ մաքրուհիներին աշխատանքից կրճատել է  2017թ.-ի դեկտեմբերի 2-ին կրթության ու գիտության և  ֆինանսների նախարարի համատեղ հրամանագրի շնորհիվ՝ աշակերտների ֆինանսավորման բանաձևում հաստիքների հետ կապված փոփոխության պատճառով:

«Հրամանագրով 101-301 աշակերտ ունեցող  դպրոցների հաստիքներում եղան փոփոխություններ: Այս պահի դրությամբ մենք ունենք 248 աշակերտ: Վերջին տարիներին աշակերտների թվի նվազումը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցրել մեզ: Մենք 6 մաքրուհիներ ունեինք աշխատող:  Տնտեսվար, բանվոր և այլ հաստիքներով. մենք ոչինչ չէինք կարող անել, որովհետև դպրոցը մեծ է: Ուստի գնացինք մաքրուհիներից 2-ին կրճատելուն: Ոչ բարեխիղճ աշխատող անձանց մենք կրճատեցինք»,- հայտնեց Կիմիկ Պետրոսյանը:  

Վերադառնալով իր և կնոջ հարազատներին աշխատանքի ընդունելուն` Կիմիկ Պետրոսյանն ասաց. «Էդ պահով  նախ ուզում եմ հարցին հարցով պատասխանել: Ազատված երկու հավաքարարներն էլ Թաթոյան են: Արդյոք նրանք բարեկամներ չեն»:  

Տնօրենն ասաց, որ աշխատանքի ընդունվածներն իրենց բարեկամները չեն։

«Ոնց չեն բարեկամները, ամբողջ գյուղը կվկայի, որ Սեյրան Պետրոսյանը տնօրենի հորեղբոր տղան է, իսկ  Հրաչիկ և Զավեն Վարդևանյանները տնօրենի կնոջ՝ Գայանե Վարդևանյանի հորեղբոր տղաներն են»,- պնդեց Գոհարը Թաթոյանը:  

«Գոհարը և Արևն ասում են, որ դպրոցի այգում ձեր խոտհունձին չօգնելու համար եք իրենց ազատել աշխատանքից»,- հարցրի տնօրենին:

Կիմիկ Պետրոսյանը սկսեց կարդալ  26 տարի առաջ  նախկին  տնօրեն Գարեգին Վարդևանյանի տված նկատողությունը: Գոհար և Արև Թաթոյանները  սպասում են մարզպետ Արթուր Նալբանդյանին գրած իրենց դիմումի պատասխանին: «Մերժվելու դեպքում` մեր աշխատանքում վերականգնվելու  համար դիմելու ենք դատարան և Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասում են նրանք:

Մեկնաբանություններ (2)

Artem
Խոտի բիզնեսնել տնօրենի ձեռնա, օլիգարխիա .....DDD
լոռեցի
Տնօրեն - անօրեն, քեռի - հրողպեր, հացի կռիվ, մեղք ու անեծք, թշվառ մի ազգ, շշկլված երկիր! - Իսկ ինչու՜ միացյալ նոր համայնքապետին չեն դիմել, այլ հենց մարզպետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter