HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական հակաժողովրդական հեքիաթներ. Երեք խնձոր

Գրիգոր Բաբայան

Երկնքից ընկավ երեք խնձոր, մեկն` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ` ականջ դնողին: Բայց ինչո՞ւ են երեք հատկապես խնձորները երկնային շնորհներ խորհրդանշում, եւ ոչ, ասենք, նուռը կամ ծիրանը, որոնք, այն էլ հայկական հողից աճած, իրենց համ ու հոտով եւ գեղեցկությամբ պակաս հեքիաթային մրգեր չեն: Որովհետեւ այն այգում, որտեղ հոգին շրջում է մինչ այս հողին իջնելն ու դեղձ եւ տանձ ճաշակելը, մրգի արխետիպը խնձորն է, ինչպես որ Արեւելքում արխետիպային ծաղիկը լոտոսն է, Արեւմուտքում` վարդը (եւ ահա թե ինչու էին, օրինակ, հայերն ու պարսիկներն արեւմտյան ժողովուրդներ, իսկ աշխարհագրությամբ ավելի արեւմուտք ընկած եգիպտացիք` արեւելյան, բայց ինչ հեշտ է այս անծայրածիր դաշտում անմիջապես շեղվելն ընտրած որեւէ ուղղությունից): 

Ծննդոց գրքում ասվում է` պտուղ. ոչ մի ակնարկ չկա, թե Եւայի կերածն ու Ադամին տվածը խնձոր էր, այսինքն թե` իմացության ծառը խնձորենի էր, եւ Չարն ու Բարին տարբերելով ճանաչելու մեղսագործությամբ Ադամն ու Եւան ոչ թե նարինջ կամ բալ կերան, այլ խնձոր: Որովհետեւ խնձորն է պտղի անունը, էյդոսը, նշանը, արխետիպը` նայած թե ինչ ճաշակով ենք հոտոտում ու համտեսում: 

Վիշապն արքայական այգուց ոսկեփայլ խնձորներ է գողանում, եւ զառամած թագավորի երեք որդիներն էլ անմահական խնձորներ ճարելու են ճանապարհվում: Որեւէ հեքիաթում, որտեղ դեւեր ու գեղեցկուհիներ, հավքեր ու գազաններ են հիշատակվում, կարող է խոսք անգամ չհնչել խնձորի կամ մի այլ մրգի մասին, եւ վերջում էլ ճարպիկներն ու հաջողակները կամ ազնիվներն ու գեղեցիկները կարող են ընդամենը հարսանիք անել եւ իրենց մուրազին հասնելով` ապրել մինչեւ խոր ծերություն, բայց հրաշապատում բոլոր հեքիաթների գործողությունը կատարվում է տարածական եւ ժամանակային այն հարթության վրա, այն աշխարհում, այն երկրում, որի կենտրոնում` որպես տիեզերքի առանցք, ծաղկում է եւ պտղաբերում իմացության կամ կենաց խնձորենին:

Այսինքն` դրախտում է ընթանում հեքիաթի գործողությունը: Կամ` եւ ավելի հաճախ ու հիմնականում` դրախտի մատույցներում է ծավալվում, եւ հեքիաթային երկրի շեների ու քաղաքների, լեռների եւ անտառների, քարանձավների եւ կղզիների, աղբյուրների եւ ծովերի, ճամփեքի ու ճամփաբաժանների քարտեզը գծելիս միշտ պետք է աչքի առաջ ունենալ, որ զրո միջօրեականն անպայման հատում է սրբազան կենտրոնի խնձորենու ստվերը: Եւ գործողության բնույթն էլ, որպես կանոն, պայմանավորվում է այդ կենտրոնից հերոսների հեռավորությամբ, իսկ հեռավորությունն, իհարկե, աշխարհիկ մղոններով չէ, որ հաշվվում է, այլ որոշվում է, ինչպես կասեր սուրբ Դիոնիսիոսը, ոչ չափավ, այլ կարգիվ: 

Ինքնըստինքյան հասկանալի է, որ ցեխոտ տրեխներով կամ նույնիսկ ոսկեկար մուճակներով դրախտ ոտք դնելն ու մուտք գործելն անհնարին է, եւ առհասարակ ծանրոսկոր ու թանձրամիս եւ դառնարյուն մարմնավոր մարդը ոչ մի կերպ չի կարող հայտնվել դրախտային աշխարհի թեկուզ ամենահեռավոր արվարձանում, եթե իհարկե Ենովքը չէ, որն, ինչպես գիտեք, չէր գտնվում, որովհետեւ Աստված առավ նրան: Բայց կան աղոտ հուշեր եւ տարտամ կռահումներ դրախտային տարածության ու ժամանակի մասին, որոնք ամենուր են հավերժական ներկայում, եւ հեքիաթը դրանցում կողմնորոշվելու փորձն է հրեղեն ձիով ճամփորդությամբ եւ «Լինում է, չի լինում» ենթադրությամբ: Հեքիաթները հոգեւոր պատմություններ են, հոգու արկածների նկարագրություններ, սխրանքների ու պարտությունների, նվաճումների ու կորուստների արձանագրություններ, որոնք հոգին պինդ պահելով` հիշում է ու չի ցանկանում մոռանալ, բայց որոնց լեզուն, ցավոք, ոչ ասողն է հասկանում, ոչ լսողը, ոչ էլ ականջ դնողը: Հարկ չկա վրդովվելու, որ այդպես է. նույնն է, թե ջղայնանանք ինքներս մեզ վրա, որ հաստատապես գիտենք` հոգի ունենք, բայց չգիտենք, թե դա ինչ բան է: 

Հազար օղորմի եւ փառք ու պատիվ այն նվիրյալներին, որոնք կինոյի ու հեռուստատեսության դարից առաջ հասցրեցին թղթի վրա գրառել հեքիաթային արձանագրությունների մի մասը: Իսկ հիմա աշխարհի բոլոր ժողովուրդների հեքիաթների ժողովածուներին նախաբաններ ու վերջաբաններ հեղինակողները չափազանց են նմանվում իրենց գիտնական գործընկերներին` ժամանակակից այն հոգեվերլուծողներին ու հոգեբույժներին, որոնք, գաղափար իսկ չունենալով հոգու մասին, տեսանելի խարխափումներով փորձում են շոշափել ու կսմթել անտեսանելին:

Կարո՞ղ է լինել ավելի անհեթեթ բան, քան հոգու մասին տրամաբանող աթեիստը: Ուստի հեքիաթներին հարկ է նայել, երեւի շատ անհաջող ձեւակերպմամբ, արդեն «հակաժողովրդական» հայացքով: Որովհետեւ «բանահյուսություն» բառի մեջ կարեւորը հյուսելը կամ հյուսվածքը չէ, կարեւորը Բանն է: Ժողովուրդը Բան չի հյուսում, Բանն է հյուսում ժողովուրդ: Մարդիկ չեն ստեղծել Աստծուն, Աստված է ստեղծել մարդկանց: 

Երեք խնձորը հեքիաթային արձանագրության տառերից մեկն է, գուցե «Ա» տառը, որովհետեւ աստվածային շնորհ է նշանակում: Մյուս տառերն են վիշապը, ծառը, աղբյուրը, գետը, կոշիկը, սուրը, ոսկին, երկաթը, փայտը, հացը, ջուրը, գինին, պարիսպը, ճամփաբաժանը ... Երեւի կծնվի մի Մեսրոպ, որն այս հայերենի հոգեգիր տառերը հստակորեն կգծի ու կկարդա: Որովհետեւ, հիշեք, հեթիաթի ի՞նչն էիք հասկանում ու սիրում, երբ հեքիաթը կազմող բառերից շատերն էլ դեռեւս անհասկանալի էին ձեզ: Չլինի՞ թե ծանոթ նշաններ էիք տեսնում ու ճանաչում: 

Երեխան առժամանակ անծանոթ է կոնկրետ հեքիաթի կերպարներին, չնայած շատ հաճախ ծանոթության մի զարմանալի արագությամբ է ճանաչում դրանց, տեղյակ չէ գործողության ընթացքին, շարժառիթներին, դրդապատճառներին, նպատակներին եւ իմաստներին վերջապես, սակայն հեքիաթային տարածությանը հաղորդվում է անմիջապես ու անարգել եւ հեքիաթային ժամանակն ընկալում է անհամեմատ ավելի բնականորեն, քան ընթացիկ հաշվարկելին: Իսկ սրանք` այս տարածությունն ու ժամանակը խորհրդավոր ու հանելուկային են շատ ավելի, քան սյուժետային որեւէ առեղծված: 

Երբեմն հոգեւորի գերբնական տարածությունը հեռավորվելով սահմանազատվում է «Լինում է, չի լինում» պայմանադրության հենց սկզբից` «Մի թագավորության մեջ» մակածմամբ: Հոգին նաեւ այս աշխարհում է ապրում, եւ այստեղ նաեւ ժողովրդական հոգեբանության ուշագրավ եզրեր են առանձնանում. ռուսներն, օրինակ, հաճախակի են իրենց հեքիաթը սկսում հեռավոր թագավորության եւ երեքիններորդ տերության աշխարհագրությամբ, իսկ մերոնց հորիզոնը փակված էր կամ գուցե բաց էր լեռներով, որտեղ նաեւ ժամանակն ու ամանակն են ավելի հավիտենական, եւ հեքիաթային տարածությունը սկսվում էր հենց տնամերձ պարտեզում կամ գյուղից դուրս գալուն պես` ճամփաբաժանին կամ անտառի եզրին, կամ, ասենք, գերեզմանոցում ... 

Բայց այս անավարտելին առայժմ ավարտ է պահանջում, թեկուզեւ բազմակետով ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter