HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի շաբլոնային մերժումը

Մհեր Ենոքյան, «Հետք»- ի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Երեք ամիս առաջ ես և փաստաբան Տիգրան Ղազարյանը դիմել էինք վճռաբեկ դատարան` ներկայացնելով անհերքելի փաստեր, որ 22 տարի առաջ՝ 1996թ.-ին, հենց դատավոր Զինավոր Ղուկասյանն ակնհայտ կեղծիքներ է թույլ տվել ինձ դատապարտելիս հենց դատավճռում: Այդ մասին մանրամասն ներկայացված է Հելսինկյան կոմիտեի պատրաստած «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով» տեսաֆիլմում:

Սակայն, օրեր առաջ հերթական մերժումը ստացա վճռաբեկ դատարանից, շաբլոնի մեջ դրված հերթական մերժումը: Ասում եմ՝ հերթական, քանի որ վերջին 8 տարիներին արդեն երրորդ անգամ եմ վիճարկում մահապատժի դատավճիռը: Տարիներով մտածում ենք, գտնում նոր երևան եկած հանգամանքներ, հայտնաբերում դատական սխալներ, երկար աշխատում ենք ամեն դետալի վրա, հիմնավորում կոպտագույն սխալների հետևանքները, իսկ վճռաբեկ դատարանում մի շաբլոնի վրա հավաքում են վարույթ ընդունելու մերժման մասին որոշում և ուղարկում մեզ:

Վճռաբեկում օրական բազմաթիվ մերժումների մեջ չեն էլ նկատել, թե ինչ են գրել ու ինչի տակ են ստորագրել 6 դատավորները: 2 էջանոց մերժման որոշման մեջ նշված է. «Բողոքաբերների փաստարկների, սույն գործի նյութերի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է...»: Պատկերացնում եք՝ անգամ չեն փոխել իրենց շաբլոնը, քանի որ մեր բողոքարկվող դատական ակտը կայացրել է ոչ թե վերաքննիչ քրեական դատարանը (1996-ին նման դատական ատյան անգամ չկար), այլ՝ ՀՀ գերագույն դատարանը: Այսինքն՝ պետք է իրենց շաբլոնից գոնե հանեին վերաքննիչ քրեական դատարան բառերը, փոխարենը գրեին ՀՀ գերագույն դատարան բառերը:

Բնական է՝ հիմա կասեն՝ դե՛, վրիպակ է, ու կանցնի, կգնա: Բայց նման անփութությամբ մարդկանց ճակատագրեր են որոշում վճռաբեկի դատավորները՝ շարունակելով 21 տարի առաջ դատավոր Զինավոր Ղուկասյանի գործը ու աչք փակելով աղաղակող խախտումների վրա:

Այս որոշման միակ բովանդակային տողից հասկացա՝ 1996 թ-ի դատավճիռը չի բեկանվի, քանի որ 6 դատավոր որոշել է՝ առերևույթ դատական սխալը չենք հիմնավորել ես ու փաստաբան Տիգրան Ղազարյանը: Ասել կուզի՝ ընդունել են, որ սխալն առկա է, բայց, ըստ դատավորների, այն հիմնավորված չի եղել մեր կողմից: Միանգամից ասեմ, որ դրանք այնքան ակնհայտ փաստեր են, որ անգամ ոչ իրավաբանի համար կարող են տեսանելի լինել:

Ի դեպ, վճռաբեկ դատարանի դատավորներից ոմանք, ովքեր ստորագրել են մերժման որոշումը, նաև դասախոսներ են. այսինքն` ապագա ուսանողներին սովորեցնում են մի բան, իսկ իրական կյանքում` անում բոլորովին հակառակը: Իրենք հաստատ դասերի ժամանակ խոսում են ապացույցներից, դրանց բավարար համակցությունից, թույլատրելիության ու անթույլատրելիության հարցեր են քննարկում, ասում, որ գործով ձեռք բերված տվյալներին հակասող դատավճիռ չի կարելի կայացնել: Բայց որպես դատավոր անկախ չեն ու ինչպես 21 տարի առաջ, այնպես էլ հիմա՝ ենթակա, կատարող անձինք են: Օրենքները ոչինչ են դառնում այս պարագայում, կարևոր է դառնում կողմերի ով լինելը, թե որ կողմը ինչ կապեր ունի իշխանության հետ: Ըստ այդմ էլ՝ Ֆեմիդա աստվածուհու նժարները այս ու այն կողմ են ձգում «արդարադատությունը»:

Տեսնում եմ, որ գերագույն օրենքը` Սահմանադրությունը «սահմանադրությամբ» են վերացնում ու միայն մեկ սահման թողնում: Սահմանի տակ մարդն է, իսկ վերևում՝ մի խումբ, ովքեր զուտ ներքևում գտնվողների համար աճպարար օրենքներ են գրում ու դատավորներին տալիս, որ  «արդարադատություն» իրականացնեն:

Սիրելի՛ Մարդիկ, Դուք պայքարում եք հանուն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ: Արդեն 22-րդ տարին ես էլ եմ նույնը անում այստեղից` բանտից: Իմ ընկեր հետախույզ Սողոմոնը, ով թուրքի արմնկին կրակելու համար մահվան դատապարտվեց, կնոջն ու 18 տարեկան դստերը կորցրեց, հայկական բանտում տանջվեց ու տառապեց, հետո էլ Եռաբլուրում իր հանգիստը գտավ, ինձ ասում էր.

-Մհե՛ր, մտքով ու գրչով շարունակի պայքարդ: Հիշիր` ինչքան շատ ես պայքարում արդարության համար, էնքան ուժեղանում ես:

Այս նամակս Ձեզ եմ գրում, Մարդի՛կ ու ասում՝ մտքով ու գրչով պայքարելու ժամանակը մոտեցավ ավարտին… ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ ճանաչեցի ձեզ, բարեկամացանք Սողոմոնի ու իմ երկրորդ փախուստից հետո, շնորհակալ եմ, որ ուժ տվեցիք ինձ ապրելու ու պայքարելու, հավատալու… սա պատերազմ է բառի բուն իմաստով: Այլևս հույս չեմ կապում դատարաններում արդարադատություն գտնելու հետ: Այսուհետ իմ ճակատագիրը միայն իմ ձեռքերում է:

8 տարի առաջ, երբ երկրորդ փախուստից հետո մեզ բռնել ու նորից բանտ էին բերել, Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, այցելելով մեզ «Նուբարաշենում»` խոստացավ՝ երբ այլևս ելք չտեսնի, անպայման կգա և կասի այդ մասին: Տարիներ շարունակ համառ պայքարել եմ, ու որևէ մեկը չի կարող հակառակը պնդել, որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, թե բավարար չեմ պայքարել: Ֆիզիկական ազատության մեջ ինձ աջակցել են եզակի մարդասեր, արժանապատիվ քաղաքացիներ, ՄԱՐԴ - լրագրողներ - իրավաբաններ - իրավապաշտպաններ -արվեստագետներ - գիտնականներ:

8 տարի առաջ կլոր բանտի ներսում գտնվող դատարանի դահլիճում` վանդակի մեջ Սողոմոնի հետ փակված, դահլիճում ներկա լրագրողներին դիմեցի.

-Դուք այս ներկայացման մասին կգրեք, որ ներկայացմանը ներկա չգտնվող մարդիկ կարդան ու հետո այդ թերթերն աղբարկղներում կհայտնվեն, իսկ մենք նորից դատարանի սխալի պատճառով` կմնանք բանտում, մինչև…

Այս անգամ թերթերը չհայտնվեցին աղբամաններում...

Անկախ վճռաբեկում ունեցած պարտությունից, գտնում եմ, որ այս պայքարում ՄԱՐԴԸ հաղթեց, որովհետև խոստովանենք՝ 8 տարի առաջ հասարակության մեծամասնությունը շատ չնչին պատկերացում ուներ հայաստանյան բանտերի և հատկապես Երևանի ծայրամասում գտնվող ֆրանսիական Բաստիլի խորհրդանիշը կրող «Նուբարաշեն» կլոր բանտի մասին: Քաղաքացիները գրեթե պատկերացում չունեին՝ ինչ է կատարվում ներսում, թե ինչպես են մեղավորներին ու անմեղներին տանջամահ անում հենց Ձեր` հասարակության անունից:

Ու շատ խորհրդանշական է, որ օրերս հենց Նուբարաշենի գարշահոտությունը հասավ Երևանի կենտրոն` քաղաքապետարան…ի դեպ, գարշահոտությունն այլևս չկա. 1 օրում վերացավ տարիների տհաճ հոտը:

Սա բոլորիս հաղթանակն է և բոլորս` Դուք` ամեն մեկդ ունեք Ձեր լուման՝ ներդրված այս հաղթանակի մեջ: Ոմանք կարող են ասել՝ ի՞նչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, երբ դատավորները շարունակում են անօրինություններ անել և հլու-հնազանդ կատարել իշխանությունների կամքը, մանավանդ հիմա, երբ թվում էր, թե փոքր-ինչ նախագահականից և դատախազությունից անկախության ճանապարհին կանգնած դատական իշխանությունը նոր սահմանադրությամբ և օբյեկտիվ իրողությամբ նորից հետ գլորվեց: Այսուհետ Հայաստանում այլևս չկա քաղաքակիրթ մարդկության ձեռքբերումներից մեկը` իշխանությունների տարանջատումը երեք` օրենսդիր, գործադիր և այն հավասարակշռող դատական իշխանությունների: Հայաստանում կա մեկ` Հանրապետական կուսակցության իշխանություն: Այս մոտեցմանը այսպես կպատասխանեմ.

Հաղթեցինք, որովհետև փոխվեց ՄԱՐԴԿԱՆՑ գիտակցությունը: Դուրս եկեք փողոցներ և հարցրեք մարդկանց ու կտեսնեք, որ ի տարբերություն 8-10 տարվա պատկերի` մարդիկ գիտեն դատական հնարավոր սխալների մասին, արդեն համոզված են, որ բանտերում կան նաև դատական սխալներով բանտարկվածներ, գիտեն, որ մեղավոր, թե անմեղ` չի կարելի փակի տակ գտնվող մարդկանց ստորացնել, ծեծել, սոված պահել, որովհետև պատժի նպատակը, ոչ թե մարդուն անմարդկային վերաբերմունքով չարացնելն է, այլ՝ ուղղելը:  Մարդիկ տեսնում են, որ իշխանության հովանավորությունն ունեցողները հազար ու մի ծանր հանցանք էլ կատարեն, մեկ է` կամ առհասարակ չեն պատժվում, կամ նախագահի ներմանն են արժանանում, իսկ այդ հովանավորությունը չունեցողը` ամենախիստ պատժի է ենթարկվում հաճախ իրավաբանության հետ կապ չունեցող դատավարություններով: 

Մեկնաբանություններ (4)

Татьяна
Мгер джан,дорогой- истина восторжествует!Борись дальше,до победного конца!Скоро выйдешь на свободу совершенным Посвяшенным.Творец тебе в помощь!
Արամ
Մհեր հուսահատվել պետք չէ: Ինձ էլ են դատապարտել երկարատև ազատազրկման: Դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ է եկել 42 հատ նոր երևան հանգամանք: 9 հատը արդեն ներկայացրել եմ, որից 7-ը վճռաբեկ դատարանը արտագրելով նույն շաբլոնը հրաժարվեց քննարկել, չփորձելով անգամ ցույց տալ թե իր մեջբերած շաբլոնը ինչպես է առնչվում գործին:Իսկ 2-ը դեռևս գտնվում է դատարանում: Քկհ-ում անցկացրած երկար տարիների ընթացքում ես պարզել եմ որ դատապարտյալների 70%-ից ավելին անմեղ են և քկհում հայտնվել են իշխանությունների կամայականության և հանցավոր մտադրությունների արդյունքում,սակայն հազվադեպ են պայքարում իրենց ոտնահարված իրավունքի վերականգնման համար:Ես ուրախ որ քեզ նման պայքարող կա և խնդրում եմ չհուսահատվել:Վերջին հաշվով այս ցեղասպանությունը մի օր կվերջանա, թեկուզ և մնանք քիչ, սակայն պայքարող հայեր...
Կարեն Ստեփանյան
Մարդ Մհեր Ենոքյանի հոդվածները կարդում է, հասկանում է, որ Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են։
Մարտիկ
Դիմացիր, Մհեր, այս անիրավներն էլ հավերժական չեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter