HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Պահպանողականությունը, ցեղակրոնը, քրիստոնեական դեմոկրատիան և ՀՀԿ-ն

Ստեփան Դանիելյան

Փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է IDC-CDI՝ Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ: ՀՀԿ-ի այդ ընտրության շուրջ հրապարակային քննարկումներ և դեբատներ չեն եղել: Ինչպես մնացած հարցերում, որոշումներն ընդունվում են ստվերային եղանակով, իսկ «կարգապահ» կուսակցականները միաձայն հաստատում են դրանք: Այնուամենայնիվ, ի՞նչ գաղափարական և ծրագրային ընդհանրություններ ունեն Հանրապետական կուսակցությունը և Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությունը:

Խոհարարական արվեստին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ ածխաջրածիններ և թթվային սնունդը չի կարելի միաժամանակ օգտագործել: Օրինակ` չի կարելի հացը, կարտոֆիլը, սիսեռը, բանանը միաժամանակ օգտագործել կիտրոնի, նարինջի, թուրինջի, անանասի հետ: Կամ, օրինակ գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիք օգտագործել: Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

Նույնը կարելի է ասել քաղաքական գաղափարախոսությունների մասին: Չի կարելի միաժամանակ լինել ցեղակրոն ու քրիստոնյա-դեմոկրատ: Չի կարելի կուսակցության ծրագրում հայտարարել, որ «Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է» և կուսակցության ղեկավարի շրթներով ասել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ու Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ չդնել, երբ այդ պահանջը ծրագրային դրույթ է։

Անհնարին է մեկտեղել քրիստոնյա-դեմոկրատական գաղափարախոսությունը կրոնական անհանդուրժողականության հետ:

Հանրապետական կուսակցության ծրագրի 1-ին կետում ասված է, որ այն ազգային պահպանողական կուսակցություն է, իսկ երկրորդ կետում. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը»:  Պահպանողականությունն ու հայ քաղաքական հեթանոսության` ցեղակրոնի հիմնադիր Գարեգին Նժդեհի ազգայնականությունը 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի երկու իրարամերժ քաղաքական գաղափարախոսություններ են:

Ցեղակրոնը մերժում է քրիստոնեական պահպանողականությունը և քրիստոնեական «քաղաքական աստվածաբանությունը»: Նժդեհը հայերին համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակվում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»:

ՀՀԿ-ի պաշտոնական ծրագրի հաջորդ կետում նշվում է կուսակցության համար քրիստոնեության դերը. «Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում` Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին»:

Կուսակցությունների գաղափարախոսությունները այն փիլիսոփայական, աշխարհայացքային, սոցիալական  ու տնտեսական հայեցակարգերն են, որի համար անդամագրվում են դրանց, և կուսակցության գործունեությունն այդ գաղափարները կյանքի է կոչում:

Փորձենք համեմատել ՀՀԿ-ի գործունեությունը Եվրոպայի Քրիստոնյա-դեմոկրատների գաղափարախոսության հետ:

Քրիստոնյա-դեմոկրատների գաղափարախոսության ծրագրային դրույթներն են.

  • Սոցիալական արդարություն` պետությունը պետք է վարի սոցիալական արդարության քաղաքականություն,
  • Պետությունը պետք է պաշտպանի հասարակության անդամներին այլոց մասնավոր շահերից բխող վնասներից և իր իշխանությունը պետք է բանեցնի հանուն  համընդհանուր բարօրության,
  • Համընդհանուր բարօրությունը պետության գլխավոր նպատակն է,
  • Հանրության տարբեր շերտերի շահերը պետք է հավասարակշռվեն,
  • Հանրության տարբեր շերտերը և անհատները պետք է ապրեն համերաշխության գաղափարներով և ոչ մեկի շահը չպետք է առաջնային լինի,
  • Ազատ շուկայական հարաբերությունները պետք է լինեն սոցիալական, ինչպես նաև պետությունը ընդհանրապես,
  • Քրիստոնեական էթիկան` հանդուրժողականություն, խոնարհություն, ապաշխարհություն, սեր և բարեգթություն,
  • Կրոնական հարցերում ծայրահեղականությունից խուսափում` ոչ մի եկեղեցի չպետք է ղեկավար  դիրք զբաղեցնի: Պետությունը պետք է պաշտպանի և հարգի կրոնական ազատությունները,

Ըստ էության` բոլոր կետերով ՀՀԿ-ն վարում է ճիշտ հակառակ քաղաքականությունը: 

Քրիստոնյա-դեմոկրատների գաղափարախոսական հիմքը Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգն է ու աստվածաբանական, փիլիսոփայական, սոցիալական տեսությունները: Այդ շարժման ստեղծման վրա մեծ ազդեցություն են ունեցել 1891թ Լևոն XIII Պապի ռեֆորմները, որոնք սկսվել են «Rerum Novarum» կոնդակից հետո, ինչպես նաև Վատիկանի II ժողովի որոշումների հիման վրա: 

ՀՀԿ-ն, անդամագրվելով այդ շարժմանը, պետք է հենվի Կաթոլիկ եկեղեցու այդ տեսությունների վրա, քանզի Հայ եկեղեցին նման աստվածաբանական, սոցիալական, էթիկական, փիլիսոփայական, մշակութաբանական տեսություններ չի մշակել: 2000 թվականից  Հայ եկեղեցին ձեռնարկել է իր սոցիալական հայեցակարգի ստեղծման աշխատանքները, սակայն մինչ այժմ որևէ առաջընթաց չի արձանագրվել:

IDC-CDI-ի թվիթերի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter