HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիրք նվիրելու մշակույթը զարգացել է Հայաստանում

Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Ինչպես են տոնում ադ օրը Հայաստանում, և ինչ հետաքրքրություն ունի գիրքը մեր հասարակության շրջանում. այս հարցերի շուրջ զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի հանրային կապերի մենեջեր Անի Ղազարյանի հետ:

Փետրվարի 19-ը գրքասերների համար տոն է: Ինչպե՞ս է այս տարի «Բուկինիստը» պատրաստվել գիրք նվիրելու օրվան:

Նախ ասեմ, որ այս տարի գիրք նվիրելու տոնն իր հոբելյանական 10-ամյակն է նշում: Այդ առիթով մենք մեր շարունակական ակցիայի շրջանակներում, որը կոչվում է «Գուշակիր գիրքը», նորից կուրախացնենք գրքասեր հասարակությանը: Ակցիայի իմաստն այն է, որ գրքերը լինելու են փաթեթավորված, իսկ վրաները գրված են լինելու կես կատակ-կես լուրջ նկարագրություններ՝ գրքի վերաբերյալ, որոնց միջոցով գրքասերները գուշակելու են, թե որ գիրքն է փաթեթավորված: Գուշակելու դեպքում մասնակցելու են վիկտորինայի և հնարավորություն են ստանալու շահել գիրք կամ զեղչի քարտ: Բացի դրանից, այդ օրերին «Բուկինիստ»գրախանութներում գրքի խորհրդատուներ են լինելու հասարակության կողմից սիրված և ճանաչված մարդիկ, որոնք ևս գրքասեր են և փորձելու են իրենց խորհուրդներով ուղղորդել, թե ինչ կարելի է կարդալ և ինչ գիրք արժե նվիրել այդ օրը:

Ի՞նչ արձագանքներ եք ակնկալում այս տարի:

2008-ից «Բուկինիստ»-ը տոնում է գիրք նվիրելու օրը ու հարկ է նշել, որ առաջին տարիներին այդ օրը սովորական մի օր էր, և չկար գրքի շունչ: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում գրախանութներում աժիոտաժ է, գրքերի կրկնակի վաճառք է արձանագրվում, շատ մարդիկ գրախանութ առաջին անգամ են այցելում, որովհետև գիտեն, որ գրքի տոն է, և իրենք պետք է գիրք նվիրեն. այդ կերպ միջոցառումը դառնում է մասսայական:

Ի՞նչ գիրք են ավելի շատ գնում, ի՞նչ են սիրում կարդալ հայաստանցիները:

Հիմա մի հետաքրքիր տենդենց կա: Վերջին տարիներին գրքասերներին սկսել է հետաքրքրել ժամանակակից գրականությունը՝ հայերենով, իսկ ժամանակին ավելի շատ ռուսերեն գրքերն էին վաճառվում: Հայաստանում վերջին տարիներին լայն թափ է ստացել նաև բիզնեսին վերաբերող գրքերի վաճառքը՝ հատկապես «100 բիզնես գաղտնիքներ» և «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքերը: Սակայն, մի քանի տարի շարունակ Հայաստանում ամենաշատը վաճառվում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը:Շատ են վաճառվում նաև մանկական գրքեր:

Իսկ հայ գրողներից ու՞մ գիրքն է շատ մեծ արձագանք ունեցել և մեծ վաճառք ապահովել:

Ռեկորդային է եղել Նարինե Աբգարյանի «Մանյունյան»: Նա շնորհանդեսին վաճառեց այնքան գիրք, որքան վաճառում են ժամանակակիցները մեկ տարում՝ 500-ից ավելի, իսկ ամբողջ տպաքանակը սպառվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:

Փետրվարի 19-ին, բացի ձեր խանութների ցանցից , այլ միջոցառումներ նախատեսվու՞մ են:

Գիրք նվիրելու մշակույթն, անխոս, զարգացում է ապրել Հայաստանում: Դեռևս մի քանի տարի առաջ «Բուկինիստ»-ն ուներ ընդամենը մեկ գրախանութ, իսկ այսօր դրանք 13-ն են: Մեր գրախանութներից բացի, մենք կազմակերպելու ենք գրքախաղ «Դալմա մոլ»-ում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Դուք նշեցիք, որ մի քանի տարվա ընթացքում գրախանութների թիվը մեկից հասել է 13-ի: Գրքի պահանջա՞րկն է մեծացել:

Մենք այսպիսի քաղաքականություն ենք վարում՝ եթե մարդը չի գալիս գրքի մոտ, գիրքն է գնում մարդու մոտ: «Բուկինիստը» մեծացրել է գրախանութների ցանցը, որպեսզի քաղաքի ամեն անկյունում լինեն գրախանութներ, ինչն էլ գիրքը կմոտեցնի մարդկանց: Սա մեր քաղաքականության արդյունքն է, ոչ թե պահանջարկի թելադրանքը: 

Անի Ղազարյանի լուսանկարը` իր ֆեսյբուքյան էջից

Գարիկ Գևորգյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter