HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սոցապն առաջարկում է ապրիլին փոխհատուցել ազատամարտիկների և զոհված զինծառայողների անուններով ներդրված ավանդները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նախկին ՀՍՀՄ խնայբանկի դրամական ավանդների փոխհատուցման կարգում։ Նախարարությունն առաջարկում է ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, կամ կամավորականների, կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց, ինչպես նաև մայիսյան եռատոնին ընդառաջ այս տարվա ապրիլին վճարել այդ պահի դրությամբ հաշվառված ազատամարտիկ ավանդատուների փոխհատուցումը, իսկ դրան հաջորդող ամիսների ընթացքում վճարումներն իրականացնել սահմանված կարգով: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական՝ E-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2006 թվականին ընդունած կարգում, որով սահմանվում է ավանդների փոխհատուցման կարգը:

Ըստ այդ կարգի՝ փոխհատուցման իրավունք ունեն հետևյալ խմբերը.

  • Մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ նաև՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Կարգում նշվում է նաև, որ եթե վերոնշյալ ենթակետերում նախատեսված անձի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն` ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց: Ավանդատուների հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները: Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով դիմում են ներկայացնում:

Ըստ նախագածի` 2018 թվականից սկսած ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կունենան մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք՝ նախկին՝ մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց փոխարեն:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter