HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրազդանի համայնքապետը պայմանագրերը կնքում է, բայց չի վճարում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Հրազդան) 2017 թ.-ին եւ դրան նախորդող տարիներին մի քանի գործ է քննվել Հրազդանի համայնքապետարանի դեմ: Դատարան դիմողները համայնքապետարանի գնումների մրցույթը շահած կամ համայնքապետարանին ծառայություններ մատուցած կազմակերպություններն են, որոնք համայնքի ղեկավար Արամ Դանիելյանից պահանջում են վճարել մատուցած ծառայության դիմաց պայմանագրով նախատեսված գումարը:

Համայնքապետարանի դեմ վերջին հայցադիմումը ներկայացրել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Հայցվորը խնդրում է Հրազդանի քաղաքապետարանից բռնագանձել 4 մլն 961 126 դրամ չվճարված գումարը եւ 99 222 դրամ նախապես վճարված պետական տուրքը: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 20.11.2017-ին, գործի քննությունը դեռեւս չի ավարտվել:

2017 թ.-ի հոկտեմբերի 5-ին դատարանը բավարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցադիմումը: Հայցվորը հայտնել է, որ բաժանորդ Հրազդան քաղաքային համայնքը օգտվել է ընկերության մատակարարած ծառայությունից, սակայն չի վճարել դրա դիմաց, որի հետեւանքով նրա պարտքը 01.06.2017 թ. դրությամբ կազմում է 5 մլն 528 679 դրամ, որից 5 մլն 079 201 դրամը՝ իրացված գազի պարտքն է, 449 478 դրամը՝ տույժի գումարն է: Ընկերությունը դադարեցրել է գազամատակարարումը, որից հետո, 2017 թ. հուլիս ամսին, համայնքապետարանը նշված պարտքից վճարել է 2 000 522 դրամ եւ 449 478 դրամ տույժի գումարը:

Միաժամանակ, 01.06.2017 թ.-ին կողմերի միջեւ պարտքը մարելու վերաբերյալ կազմվել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, սակայն պատասխանողը չի վճարել մնացած՝ 3 մլն 078 679 դրամ պարտքը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան` պարտքի եւ վճարված պետական տուրքի գումարը դատական կարգով բռնագանձելու համար: Դատարանը բավարարել է հայցը եւ վճռել՝ Հրազդան քաղաքային համայնքից հօգուտ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ի բռնագանձել 3 մլն 078 679 դրամ պարտքի եւ 61 574 դրամ վճարված պետական տուրքի գումարը:

Հրազդանի քաղաքապետը տարիներ շարունակ չի վճարել կամ մասնակի է վճարել նաեւ համայնքապետարանի գնումների մրցույթը շահած կազմակերպություններին՝ կատարված աշխատանքի դիմաց: Համայնքապետարանը վճարումը կատարել է միայն դատարան դիմելուց հետո, դատաքննության ընթացքում:

Այսպես, 2017 թ. սեպտեմբերի 8-ին դատարանը  քննել է «Վարաքշին» ՍՊԸ-ի հայցը, որով խնդրել է Հրազդանի քաղաքապետարանից բռնագանձել 3 մլն 110 020 դրամ պարտքի եւ 62 200 դրամ պետական տուրքի գումարը: «Վարաքշին» ՍՊԸ-ի եւ Հրազդանի քաղաքապետարանի միջեւ 12.08.2014 թ.-ին կնքված ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարման թիվ «ԿՄՀՔ-ՊԸԱՇՁԲ-04» պայմանագրի համաձայն՝ ընկերությունն իրականացրել է Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքները: Կողմերի միջեւ 2014 թ. հոկտեմբերի 1-ին կազմված ընդունման-հանձնման ակտով եւ նույն ակտի բաղկացուցիչ մաս կազմող հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ կատարված աշխատանքների արժեքը կազմում է 14 մլն 650 020 դրամ, որը պետք է վճարվեր ոչ ուշ քան 2014  թ. դեկտեմբերի 25-ը: Սակայն, համայնքապետարանը վճարումը մասնակի է կատարել՝ չի վճարել  3 մլն 110 020  դրամը: Հայցվորը պահանջել է վճարել 3 մլն 110 020 դրամ պարտքը եւ 62 200  դրամ պետական տուրքը:

Դատաքննության ընթացքում «Վարաքշին»ՍՊԸ-ն դատարանին հայտնել է, որ կողմերի միջեւ 17.07.2017 թ. կնքվել է հաշտության համաձայնություն եւ խնդրել է հաստատել այն: Կողմերը հավաստել են, որ իրենց միջեւ 2014 թ. օգոստոսի 12-ին կնքված Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման թիվ «ԿՄՀՔ-ՊԸԱՇՁԲ-04» պայմանագրի գինը կազմել է 14 մլն 650 020 դրամ, որը հաշտության ստորագրման պահին ամբողջությամբ վճարված է հայցվորին:

Հայցվորը հրաժարվել է 1 մլն 987 670 դրամ տույժի գումարից, բայց համայնքապետարանին պարտավորեցրել է ամբողջությամբ փոխհատուցել դատական ծախսերը` 362 200 դրամ (300 000 դրամը փաստաբանի վարձատրությունն է եւ 62 200 դրամը` նախապես վճարված պետական տուրքը):

2017 թ. մարտի 16-ին դատարանը քննել է «Հազարաշեն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի՝ 570 000 դրամ պարտքի եւ 11 400 դրամ վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցվորը հայտնել է, որ «Հազարաշեն» ՍՊԸ-ի եւ Հրազդանի համայնքապետարանի միջեւ 25.03.2016 թ. կնքված թիվ 18 պայմանագրի համաձայն` պարտավորվել է կատարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքները:

Հրազդանի համայնքապետարանը պարտավորվել է կատարած աշխատանքների համար վճարել 570 000 դրամ: 2016 թ. ապրիլի 12-ին կողմերի միջեւ կնքված ընդունման-հանձնման ակտով պատասխանողն ընդունել է կատարված աշխատանքները, սակայն չի վճարել աշխատանքի դիմաց: Հայցվորի բոլոր խնդրանքներն ապարդյուն են անցել: 

«Հազարաշեն» ՍՊԸ-ն խնդրել է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 570 000 դրամ պարտքի գումարը: Միաժամանակ խնդրել է կետանցի օրվանից՝ 2016 թ. ապրիլի 12-ից մինչեւ պարտավորության կատարման օրը, յուրաքանչյուր ուշացրած օրվա համար բռնագանձել 0.5%-ի չափով տուգանք: 

24.02.2017 թ.-ին Հրազդանի համայնքապետարանը դատարանին տեղեկացրել է, որ հայցվորին ունեցած պարտքն ամբողջությամբ մարել է եւ խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը: «Հազարաշեն» ՍՊԸ-ն վճարված գումարի մասով հրաժարվել է հայցից, իսկ տուգանքի եւ դատական ծախսերի, այդ թվում նաեւ փաստաբանի ծախսի մասով, խնդրել է պահանջը բավարարել: 

Դատարանը վճռել է Հրազդանի համայնքապետարանից հօգուտ հայցվորի բռնագանձել 11 400 դրամ` որպես վճարված պետական տուրք, եւ 20 000 դրամ` փաստաբանին վճարված գումար:

2016 թ. հոկտեմբերի 7-ին դատարանը քննել է «Կարկոմավտո սերվիս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի՝ պարտքի գումարի եւ հաշվեգրված տույժերի բռնագանձման պահանջի մասին: Կողմերի միջեւ 26.01.2015 թ.-ին կնքված ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման թիվ 48 պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է իրականացնել քաղաքապետարանին պատկանող վերանորոգման ենթակա ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը, ընթացիկ եւ հիմնական նորոգումը: Յուրաքանչյուր դեպքում արժեքը ճշտվել է աշխատանքների ավարտից հետո, համապատասխան պատվեր-կարգագրի, հաշիվ-ապրանքագրի հիման վրա, իսկ պատվիրատուն պարտավորվել է վճարել նշված գումարը 5 բանկային օրվա ընթացքում: 

Նշված պայմանագրի հիման վրա հայցվորն իրականացրել է Nissan Teana մակնիշի 444 ԼԼ70 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերանորոգում (տեխնիկական սպասարկում), որոնց վերաբերյալ առկա են համապատասխան հաշիվ ապրանքագրեր՝ 681 088.2 դրամի աշխատանք կատարելու մասին: Հրազդանի համայնքապետարանը վճարումը չի կատարել, որի պատճառով հայցվորը պահանջել է վճարել 681 088.2  դրամ պարտքը եւ փոխհատուցել վնասները, որը կազմում է 681 088.2 դրամ: Երկուսի հանրագումարով Հրազդանի քաղաքապետարանի պարտքի գումարը կազմել է 1 մլն 362 176.4 դրամ: 

«Կարկոմավտո Սերվիս» ՍՊԸ-ն խնդրել է Հրազդանի քաղաքապետարանից բռնագանձել 1 մլն 362 176.4 դրամ պարտքի եւ 27 250 դրամ պետական տուրքի գումար: 18.05.2016 թ.-ին ընկերությունը դատարանին գրավոր տեղեկացրել է, որ պատասխանողը կատարել է հայցվորի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ուստի հրաժարվել է հայցից եւ խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը: 

2015 թ. հուլիսի 28-ին դատարանը քննել է «Էկոմիքս» ՍՊԸ հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի: Կողմերի միջեւ 23.06.2014 թ. կնքվել է «Տնտեսական ապրանքների մատակարարման» թիվ ԿՄՀՔ-ՇՀԱՊՋԲ-11/11 գնման պայմանագիրը, համաձայն որի ընկերությունը պատասխանողին պարտավորվել է մատուցել վճարովի ծառայություններ` տրամադրել տնտեսական ապրանքներ, իսկ պատասխանողը պարտավորվել է ընդունել դրանք եւ կատարել վճարումներ:

«Էկոմիքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ պատասխանողը մատակարարված ապրանքների դիմաց վճարումը կատարել է մասնակի` ընկերությանը պարտք է 580 000 դրամ: Գործի քննության ընթացքում պատասխանողը դատարանին ներկայացրել է 580 000 դրամ պարտքի եւ 56 260 դրամ տույժի վճարման հանձնարարագրերը եւ խնդրել է կարճել գործի վարույթը:

Նշենք, որ ներկայացված դատական հայցերից ոչ մեկին Հրազդանի համայնքապետարանը պատասխան չի ներկայացրել, ընդունել է բոլոր դրամական պահանջները, լրացուցիչ տույժեր է վճարել չկատարած պարտավորությունների դիմաց, նաեւ հատուցել է հայցվորների դատական ծախսերը: Պետք է հաշվարկել, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի կամայականությունների պատճառով որքա՞ն վնաս է կրել համայնքային բյուջեն, եւ ինչո՞ւ Հրազդանի համայնքի ավագանին բյուջեի հաշվետվություններն ընդունելիս չի քննարկել այս հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter