HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների գործով 4 ամսվա ընթացքում նշանակված նիստերից միայն մեկն է կայացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր հերթական անգամ հետաձգվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների վերաբերյալ կաշառքի գործով դատական նիստը: Գործով ներգրավված պաշտպաններից Մերի Ալավերդյանը նույն դատարանում նախապես նշանակված դատական նիստ ուներ, և այս պատճառով չէր ներկայացել դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում քննվող այս գործին:

Դատավոր  Բեկթաշյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին, երբ նշանակվել է այսօրվա նիստի օրն ու ժամը, հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը ներկա է եղել, այսինքն՝ նիստի օրն ու ժամը պաշտպանի հետ համաձայնեցվել է:

«Հարցին լուծում տալու համար առաջարկում եմ դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ»,- ասաց դատավոր Արմեն Բեկթաշյանն ու հետաձգեց դատական նիստը:

Նշենք, որ այս կաշառքի վերաբերյալ գործը դատարան է ստացվել դեռևս 2017 թվականի սեպտեմբերին, 2017 թվականի հոկտեմբերին նշանակվել է առաջին դատական նիստը, որից հետո առ այսօր նշանակված բոլոր  նիստերից միայն մեկն է կայացել: Այս մեկ նիստի ընթացքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալ.  բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը:

Արմեն Սողոյանը կալանքի տակ է գտնվում դեռևս 2016 թվականի դեկտեմբերից, իսկ մյուս ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրված:

Գործով ներգրավված է 13 ամբաստանյալ, իսկ դատական նիստերը մեծամասամբ հետաձգվել են  վերջիններիս պաշտպաններից ոմանց բացակայության պատճառով:

Նշենք, որ ըստ այս գործի նյութերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից վերցրել են 20-ից 40 հազար դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):

Գործի շրջանակներում Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, զբաղեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ աշխատասենյակներում ընդունել է գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող իրեն ենթակա բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովների նախագահներին ու մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1,528,600 դրամին համարժեք կաշառք:

Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը մեղադրում է Արմեն Սողոյանին որպես կաշառք 200,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պողոսյանն, ըստ մեղադրանքի, Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին տվել է 150,000 ՀՀ դրամ կաշառք:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանը մեղադրվում է Արմեն Սողոյանին  600 ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Զորիկ Մկրտչյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 24-ին և 2016թ. դեկտեմբերի 23-ին  Սողոսյանի աշխատասենյակում վերջինիս  որպես կաշառք համապատասխանաբար 40,000 և 100,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանը, Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը, Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը, Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանը,  Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանը, Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանը մեղադրվում են Սողոյանին  100,000-ական դրամ կաշառք տալու մեջ:

Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը մեղադրվում է Սողոյանին 265,000 դրամ կաշառք տալու մեջ:

Գլխավոր լուսանկարում դատավոր Արմեն Բեկթաշյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter